HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Պետության հատկացումները մասամբ են բավարարում»

Հարցազրույց ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Ավալյանի հետ

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը բնապահպանական, գիտահետազոտական եւ էկոկրթական կազմակերպություն է:

Նրա կազմում են «Էրեբունի» պետարգելոցը, «Որդան կարմիր» եւ «Սեւ լիճ» պետական արգելավայրերը, Ստեփանավանի «Սոճուտ», Բերդի «Սորաններ», Վանաձորի «Վանաձոր» եւ Իջեւանի դենդրոպարկերը, «Ջրվեժ» անտառպարկը:

«Ջրվեժ» անտառպարկը հիմնադրվել է 1977թ.: Ներկայումս զբաղեցնում է 404 հա տարածք, որից անտառապատ` 260 հա: Արհեստական տնկարկները զուգորդվում են բնական կիսաանապատային եւ լեռնատափաստանային լանդշաֆտներով: Ներմուծված ծառաթփատեսակները եւ պարտեզային ձեւերն անցնում են 100-ից: Բնական ֆլորան ներկայացված է անոթավոր բույսերի ավելի քան 300 տեսակներով: Անտառպարկում աճում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակներ:

- Պարոն Ավալյան, մոտ մեկ ամիս առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ Հրանտ Վարդանյանը հողակտոր է վարձակալել «Ջրվեժ» անտառպարկում: Ճի՞շտ է դա, եւ եթե այո, ապա ո՞րն է վարձակալման նպատակը:

- Այն ժամանակ Հրանտ Վարդանյանը վարձակալած տարածք չուներ: Բայց վերջերս անցկացված մրցույթում նա 60 տարով 30 հա տարածք, այո, վարձակալել է: Վարձակալության նպատակը անտառտնկման ծրագիր իրականացնելն է: Վարձակալողը 100.000 ծառ է պարտավորվել տնկել: Բացի այդ, մենք Վարդանյանի վարձակալած տարածքում ունենք ջրամբար, որը նա խոստացել է վերանորոգել, եւ մենք այն կօգտագործենք համատեղ: Նաեւ 3000 մ ոռոգման ցանց է խոստացել նորոգել: Մեր կազմակերպությունը խմելու ջուր չունի, Վարդանյանը խոստացել է խմելու ջուր էլ բերել:

- Ինչպիսի՞ն է եղել մրցույթի կարգը, եւ ովքե՞ր են դրան մասնակցել:

- Մեկ ամիս առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հայտարարություն է տրվել, ուր նշված են եղել բոլոր պայմանները: Կարգի համաձայն` մեկ ամսվա մեջ հայտատուները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնք անցել են բնապահպանական փորձաքննություն: Մրցույթին մասնակցել են «Վարդանյաններ ընտանիք» ՀԿ-ն եւ «Ծովակալ» ՍՊԸ-ն: Հաղթող է ճանաչվել առաջինը, որին եւ տրվել է վարձակալման իրավունք: Մրցույթում հաղթելու պայման է նաեւ հայտատուի առաջարկած բարձր գինը:

- Իսկ որքա՞ն է առաջարկել մրցույթի հաղթողը, եւ ընդհանուր որքա՞ն է կազմում նրա ներկայացրած ծրագրի ֆինանսական կողմը:

- Հաղթող կողմն առաջարկել է 27 դրամ 1 քառ.մ-ի դիմաց, ինչի դեպքում մենք տարեկան կարող ենք ստանալ մոտ 8 մլն դրամ եկամուտ: Մյուս կողմը 1 քառ.մ-ի դիմաց առաջարկում էր 25 դրամ: Իսկ «Վարդանյաններ ընտանիք» ՀԿ-ի ծրագրի արժեքը մոտ 195 մլն դրամ է:

- «Ջրվեժ» անտառպարկում վարձակալված այլ տարածքներ կա՞ն:

- Վերոնշյալից բացի, ունենք ընդհանուր 3 հա վարձակալված տարածք: Վարձակալման նպատակը հանգստի գոտի ստեղծելն է: Վարձակալողներն էլ երկու իրավաբանական եւ մեկ ֆիզիկական անձինք են:

- Անտառպարկում կարելի՞ է շինություն կառուցել:

- Անտառպարկում այսօր շինություն չկա, բայց դրա կառուցումը օրենսդրությամբ չի արգելվում: Կառավարությունն այդպիսի իրավունք տվել է, սակայն վարձակալման պայմանագրում կառուցապատման իրավունք պետք է լինի:

- Չե՞ք կարծում, որ դա կվնասի էկոհամակարգին:

- Նայած, թե որտեղ է կառուցվում շինությունը: Եթե վարձակալողը բնությանը վնաս չի տալիս, իր վարձակալած տարածքը կառավարելու համար բացատում փոքր գրասենյակ է ուզում կառուցել, թող անի: Խնդիրն այն է, որ դա այնպիսի տեղ պիտի կառուցվի, որ չվնասի բնությանը, ծառեր եւ թփեր չհատվեն: Անտառպարկի տարածքում կարելի է նաեւ տաղավարներ տեղադրել էկոզբոսաշրջության եւ բնակչության մասսայական հանգստի համար:

- «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը ի՞նչ գործառույթներ է իրականացնում «Ջրվեժ» անտառպարկում:

- Այստեղ հիմնականում իրականացվում են էկոկրթական, էկոդաստիարակչական ծրագրեր: Անտառպարկում կան նաեւ Կարմիր գրքում գրանցված հատուկ ծառաթփատեսակներ, որոնց պահպանությունն ու խնամքը մեր ուշադրության կենտրոնում են:

- Կազմակերպության գործառույթների կետերից մեկն ասում է, որ ՊՈԱԿ-ը իրականացնում է «կողմնակի անտառօգտագործում ( խոտհունձ, անասունների արածեցում, մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի եւ բույսերի հավաքում ) եւ դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում»:

- Մեզ մոտ խոտհունձ իրականացվում է միայն որպես հակահրդեհային միջոցառում: Մեղվաընտանիքներ նախկինում ինքներս ունեինք, սակայն դրանք այսօր չկան: Հիմա մենք միայն տնկիների իրացում ենք կազմակերպում: Ստեփանավանի եւ Իջեւանի դենդրոպարկերում մեծ տնկարաններ ունենք: Ջրվեժում էլ ունենք, բայց այն փոքր է:

- Անտառպարկի միայն 20 տոկոսն է ցանկապատված: Ինչու՞:

- Այդ 20 տոկոսը փողոցի կողմի հատվածն է: Եվ այն ցանկապատվել է ճանապարհի անմիջական ազդեցությունից պաշտպանելու համար: Մնացած ամբողջ տարածքը բաց է այն պատճառով, որ անտառպարկը չի մտնում արգելոցի եւ արգելավայրերի ռեժիմի տարածքների ցանկի մեջ:

- Այսօր ի՞նչ խնդիրներ կան 30 տարվա պատմություն ունեցող «Ջրվեժ» անտառպարկում:

- «Ջրվեժում» ջրամբարների մեծ կասկադ ունենք, որը նախկինում գործել է, իսկ այսօր չենք կարողանում աշխատեցնել ֆինանսական խնդիրների պատճառով: Անտառպարկի ջրամատակարարման խողովակաշարերը 25-30 տարվա են եւ շատ տեղերում վնասված են: Կուզենայինք, որ ամբողջ տարածքը ցանկապատվեր: Սա էլ կապված է դրամական միջոցների հետ: Այս տարի կարողացանք մեր կազմակերպության գրասենյակը վերանորոգել, որը գտնվում է Ջրվեժում:

- «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում անտառպարկից բացի կա չորս դենդրոպարկ, երկու արգելավայր եւ մեկ արգելոց: Ինչպիսի՞ն է դրանց վիճակը:

- Մյուս տարածքներում էլ նմանատիպ խնդիրներ ունենք: Մասնավորապես Իջեւանի դենդրոպարկը ոռոգման լուրջ խնդիր ունի` կապված Աղստեւ գետի ջրի մակարդակի նվազման հետ: Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը կարող է լավ հանգստյան գոտի լինել, եթե կարողանանք չորս քոթեջները վերանորոգել, ինչը մտադիր ենք անել այս տարի: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում ջերմոց ունենք, որը կիսաքանդ վիճակում է: Այս հարցն էլ փորձելու ենք այս տարի լուծել: Մեծ նշանակություն ունեցող «Էրեբունի» պետական արգելոցը ցանկապատված չէ: Մենք այս տարի այնտեղ լուրջ ծրագիր ունենք. ցանկապատ պետք է անցկացնենք, լաբորատոր հետազոտությունների համար կայան ենք կառուցել, որն այժմ վերանորոգվում է: «Որդան կարմիր» արգելավայրի ցանկապատի խնդիրն էլ օրակարգային է: Բոլոր այս խնդիրները նշված են միջնաժամկետ ծրագրերում:

- Իսկ պետությունը տարեկան որքա՞ն դրամ է հատկացնում Ձեր կազմակերպությանը:

- Այս տարի 65 մլն դրամ ենք ստացել պետբյուջեից: Ճիշտ է, տարեցտարի հատկացումներն ավելանում են, բայց այսօր, մեր պատկերացմամբ, լիարժեք գործունեություն ծավալելու համար դա մասամբ է բավարարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter