Երբ պետական մեքենան վերածված է «վստահված անձի»
Հանրաքվեի դրված փաստացի նոր Սահմանադրության նախագծով Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական մոդելի, որտեղ առաջնային քաղաքական մանդատ է ստանում Ազգային ժողովը:
Այս համակարգն արդյունավետ է ուժեղ քաղաքական և կուսակցական համակարգերի, քաղաքական կայուն ավանդույթների, ներկուսակցական ժողովրդավարության առկայությամբ: Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներն առանձնանում են քաղաքական անկայունության բարձր ռիսկով: Խոսքը վերաբերում է նույնիսկ այն երկրներին, որտեղ թե քաղաքական, թե կուսակցական և թե ընտրական համակարգերը կայացած են: Հայաստանում այդ ռիսկերը մեծանում են բազմակի: Որովհետև Հայաստանում չկա խորհրդարանական համակարգի արդյունավետության հիմնական երաշխիքը հանդիսացող նախադրյալներից և ոչ մեկը. ուժեղ քաղաքական և կուսակցական համակարգեր` քաղաքական կայուն ավանդույթներով, ներկուսակցական ժողովրդավարություն, գործող ու վստահելի ընտրական համակարգ:
Հայաստանյան քաղաքական մշակույթը հիմնված է կույր անհատապաշտության, բնականոն սերնդափոխության բացակայության վրա: Հրապարակային քաղաքականության փոխարեն կուսակցությունները գործում են կուլիսային ներխմբային կամ ներկլանային պայմանավորվածությունների հենքի վրա: Դա հանգեցրել է կուսակցական համակարգի հանդեպ հանրային ապատիայի և վերածել հանրային օրակարգից գրեթե լիովին օտարված ամորֆ, ու տնձև գոյացության: Կուսակցությունները ստեղծվում են ոչ թե գաղափարների, այլ մասնավոր քաղաքական ու տնտեսական շահերի սպասարկման համար: Այդ համակարգում մարգինալացված ու արժեզրկված են գաղափարակրությունը, ծրագրահենությունը, սկզբունքայնությունը: Դրանց բովանդակային բացակայության պատճառով առաջացած վակուումը լրացնում են հարմարվողականության, անողնաշարության, անհետևողոկանության անտիարժեքները: Նոր կառավարման համակարգին անցումը կատարվում է այսպիսի «քաղաքական կապիտալի» վրա:
Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում քաղաքական անկայունությունը պետական անվտանգության սպառնալիքի չի վերածվում և պետական կառավարման համակարգը կաթվածահար չի անում` մի չափազանց կարևոր, պաշտպանիչ ինստիտուտի պատճառով. արդյունավետ, քաղաքական իշխանությունից և դրա անմիջական ներգործությունից անկախ, մասնագիտական պետական ծառայության համակարգի: Դրա վառ օրինակը Բելգիան է, որտեղ քաղաքական ճգնաժամի պատճառով արդեն երկու տարի է՝ կառավարություն չի ձևավորվում: Բայց դա չի խանգարում, որպեսզի պետական մեքենան գործի լիարժեք, անկաշկանդ և արդյունավետ, ինչի պատճառով այդ երկիրը քաոսի չի վերածվում, ցնցումների չի ենթարկվում: Նույնը կարելի է ասել Իտալիայի, որոշ չափով Իսրայելի մասին, որտեղ չնայած նրան, որ կառավարություններն ու վարչապետները փոխվում են «թաշկինակի նման», սակայն պետությունը, որպես այդպիսին, մշտապես մնում է գործունակ և արդյունավետ:
Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում պատկերացնել, որ կառավարության բացակայության պայմաններում պետական ապարատն իր վրա վերցնի կառավարման հիմնական բեռը և գործի անկաշկանդ ու անխափան: Չափազանցություն չի լինի ասել, որ Հայաստանում պետական ծառայությանն ու ապարատն անգամ ավելի խոցելի են, քան մնացած բոլոր համակարգերը:
2008 թ. երբ Հայաստանում ստեղծվեց քառակողմ իշխանական կոալիցիա, և պորտֆելները բաժանվեցին կոալիցիոն համաչափության սկզբունքով, դրանում ներգրավված կուսակցությունների «ենթակայությանը» հանձնված պետական մարմինների աշխատակազմերը սկսեցին արագ տեմպերով կուսակցականացվել: Թափուր պաշտոննների համալրման հիմնական սկզբունքը դարձավ կամ տվյալ պետական մարմնի ղեկավարի ներկայացրած կուսակցության անդամ լինելը, կամ էլ բացարձակ հնազանդությունն ու նվիրվածությունը ղեկավարին և նրա կուսակցական ու քաղաքական հավակնություններին: Ստեղծվեց իրավիճակ, երբ պետական մարմինները վերածվեցին կաստայական սկզբունքներով առաջնորդվող միկրոկուսակցությունների, որտեղ պրոֆեսիոնալիզմը, իբրև արժեք, մղվեց երկրորդական, երրորդական պլան:
Երկրորդ` համապետական ընտրությունների նախաշեմին և դրանց ընթացքում պետական համակարգի մի մասը վերածվում է իշխող կուսակցության կամ կոալիցիայի վարչական ռեսուրսի` թե լծակների և թե մարդկային ռեսուրսների իմաստով: Այդ ողջ ընթացքում պետական ծառայության համակարգը փաստացի պարալիզացվում է. գրեթե ողջ ռեսուրսն ուղղվում է իշխանության վերարտադրության ապահովմանը, պետական, համայնքային ծառայողները վերածվում են քաղաքական իշխանության «վստահված անձանց»՝ շատ դեպքերում խախտելով քաղաքական զսպվածության էթիկական սկզբունքը: Ողջ համակարգը քաղաքական փոփոխությունների «հոտն առնելուն» պես մատնվում է իներցիայի` զրկվելով մոտիվացիայից, չառաջնորդվելով ոչ կարճաժամկետ և ոչ էլ երկարաժամկետ տեսլականներով:
Պատճառը շատ պարզ է. պետական կամ համայնքային ծառայողները, որոնք իրենց դուրս են դնում իշխանության վստահված անձանց կաղապարներից, որևէ համոզվածություն չունեն, որ տեղի ունեցող փոփոխությունները, քաղաքական ուժերի վերադասավորումները չեն հանգեցնելու իրենց կամայական պաշտոնանկության: Ու սկսում է գործել պարզագույն մի տրամաբանություն. եթե դեռ չգիտեմ` շարունակելու եմ աշխատել, թե ոչ և ցանկացած պահի կարող եմ «անձնական դիմումի համաձայն» կորցնել պաշտոնը, ի՞նչ իմաստ ունի քրտինք թափել ընդհնարապես:
Պատկերացնել միայն կարելի է, թե նման անկայուն պետական կառավարման համակարգի պարագայում ինչի են հանգեցնելու քաղաքական ճգնաժամերը երկրում: Սահմանադրության նախագծի տրամաբանությունից ելնելով` պետական ապարատը գերքաղաքականացված և իշխանության սպասարկուի կարգավիճակում մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ խորհդրարանում կայուն մեծամասնություն չի ձևավորվել: Իսկ մեծամասնության ձևավորումը կարող է տեղի ունենալ ինչպես ընտրությունների առաջին իսկ փուլում, այնպես էլ ընտրությունների երկրորդ փուլից հետո: Բայց սա էլ դեռ երաշխիք չէ:
Փաստացի անգամ ընտրությունների երկրորդ փուլը չի կարող երկարաժամկետ կայունություն ապահովել, որովհետև անձերի ու մասնավոր հետաքրքրությունների սպասարկման համար ստեղծված կուսակցություններում ներկոալիցիոն կամ ներկուսակցական բախումները, ճգնաժամերը լինելու են անխուսափելի, և ցանկացած պահի կարող է այդ մեծամասությունն ուղղակի փլուզվել: Նման պայմաններում անգամ ծիծաղելի է խոսել այդ ապարատի կողմից պետական իշխանության վարման հիմնական բեռն իր վրա վերցնելու կարողության մասին:
Հանրաքվեի դրված Սահմանադրության այս նախագծից բացարձակապես չի երևում, որ քաղաքական ճգնաժամերի ընթացքում պետության կայուն ինքնակառավարումն ապահովելու անհրաժեշտությունը բավարար չափով գիտակցվել է: Սահմանադրության «հայրերը» երկրի հիմնական օրենքի կարգավորման դաշտ են բերել բացարձրակապես դրա կարիքը չունեցող այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Հանրային խորհուրդը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Մինչդեռ պետական ծառայության համակարգի քաղաքական չեզոքոթյան, պրոֆեսիոնալիզմի, կայունության ապահովման սահմանադրական երաշխիքներ ստեղծելու անհրաժեշտության մասին թերևս, չեն էլ հիշել: Այս համակարգին որևէ ձևով ինստիտուցիոնալ մոտեցում փաստացի չի ցուցաբերվել: Արժանի չե՞ն համարել, թե՞ առաջնորդվել են յոլա գնալու կամ ցանկացած դեպքում վարչական ռեսուրսից իշխանությանը չզրկելու տրամաբանությամբ: Էական չէ: Բայց սա պետական անվտանգության խնդիր է` հատկապես մի երկրի պարագայում, որը գտնվում է չափազանց անկայուն տարածաշրջանում և փաստացի պատերազմական վիճակում: Թեև մյուս կողմից` ինչո՞վ համոզված լինել, որ եթե այդ երաշխքիները Սահմանադրությամբ սահմանված լինեին, անշեղորեն գործելու էին: Հայաստանում, ի վերջո, Սահմանադրության կամ օրենքների անկատարության խնդիր չկա. կա դրանց պրակտիկ կատարման խնդիր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել