HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպվել է բժշկական կոնսիլիում

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հետ Տուլայում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել են Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններ, հանդիպել վթարից տուժածներին: 

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ տուժածների առողջական վիճակը տեղում գնահատելու նպատակով` Տուլայի շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանի մասնակցությամբ հրավիրվել է բժշկական կոնսիլիում: 

Ինքնաթիռով Երևան կգան նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս տեղափոխում: Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:

Ճանապարհատրանսպորտային պատահարից անմիջապես հետո ՌԴ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել է վիրավորների պատշաճ բուժօգնությունը: Տուժածներն ապահովվել են անհրաժեշտ դեղերով: Նախնական պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 5-ին, Ռուսաստանի Դաշնությունից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների աճյունները:  

Այսօր առավոտյան Արմեն Մուրադյանը և Գագիկ Բեգլարյանը մասնակցել են նաև Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի հրավիրված խորհրդակցությանը: Քննարկվել են հետագա աշխատանքները կազմակերպելու հարցերը:

Նոյեմբերի 3-ին՝ դեպքից ժամեր անց, Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով: Իրավիճակի մասին պարբերաբար զեկուցվում է Հանրապետության Նախագահին և վարչապետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter