HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուջեի քննարկմանը Կարեն Անդրեասյանի բացակայությունը առաջացրեց պատգամավորների դժգոհությունը

Լիլիթ Թադևոսյան

2016 թվականի պետական բյուջեով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կհատկացվի 256 միլիոն դրամ, որը 7 միլիոն դրամով ավելի է, քան անցյալ տարվա հատկացումը, և դա պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ և էլետրաէներգիայի ծախսերով: Այն ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չէր մասնակցում բյուջեի քննարկմանը, և նրա փոխարեն այնտեղ էր ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը: Պաշտպանի` քննարկմանը չմասնակցելն առաջացրեց պատգամավորների դժգոհությունը:

Պատգամավոր Ալիկ Արզումանյանն իր հարցն ուղղելով Տիգրան Արեյանին՝ ասաց, որ ինքը չի կասկածում նրա պրոֆեսիոնալիզմին, և վստահ է, որ տիրապետում է նյութին և պատրաստ է իրենց ցանկացած հարցի պատասխանել, բայց այս հարցը պարբերաբար հնչեցվում է դահլիճում, երբ գերատեսչության ղեկավարը չի մասնակցում:

«Մեր հանձանժողովը բամիցս ցուցաբերել է շատ բարյացակամ վերաբերմունք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նկատմամբ: Երկու տարի առաջ բյուջեի համար մենք միահամուռ հանդես եկանք և պարոն Սաֆարյանը համաձայնեց լրացուցիչ ֆինանսավորում ապահովել, և հաջորդ տարի դուք արդեն գոհ էիք այդ թվից: Եղել է միշտ հարգալից վերաբերմունք մեր հանձնաժողովի կողմից: Մեզ համար անընդունելի է, երբ գերատեսչության ղեկավարը չի գալիս: Լինում են բացառություններ, ինչպես արտաքին գործերի նախարարի պարագայում, որն ունի նախապես երկարաժամկետ պայմանավորվածությունների գրաֆիկ, որը խախտելը բարդ է լինում, բայց կոնկրետ ՄԻՊ-ը, որը Հայաստանում է գտնվում, պետք է մասնակցի»,- ասաց Ալիկ Արզումանյանը:

Նա ասաց` այստեղ իրենք ինստիտուտ են, անկախ մարմին երբևէ չի նշանակում, որ որևէ մեկի հետ չհամագործակցես:

«Սա օրիորդաց վարժարան չի, որ ինչ-ինչ բաներից նեղացվածություն լինի, և դեմարշներ կատարվեն: Խնդրում եմ հաղորդեք, որ սա առաջին դեպքը չի, մենք տարբեր գերատեսչություններին նույն հարցը տալիս ենք: Կնախընտրենք, որ այստեղ ներկայացնի բյուջեն: Ընդամենը տարին երկու անգամ է, մեկ անգամ էլ զեկույցով է հանդես գալիս: Այդ երեք անգամն այնպես արեք, որ չբացակայեք երկրից և առաջին դեմքի մակարդակով այստեղ լինեք»,- եզրափակեց Ալիկ Արզումանյանը:

Վերջինիս մտահոգություններին միացավ նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության 7 հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը՝ նշելով, որ  ԱԺ-ն պահանջում է  պատշաճ վերաբերմունք բոլոր գերատեսչությունների կողմից: «Հարգանքն ԱԺ-ի նկատմամբ ենթադրում է նաև փոխադարձ հարգանք այդ գերատեսչությունների նկատմամբ»,- ասաց Էլինար Վարդանյանը:

Տիգրան Արեյանն էլ ասաց, որ քանի որ ֆինասատնտեսական, բյուջետային հարցեր էին քննարկվում, և դրա հետ կապված կառավարության հետ չունեին որևէ անհամաձայնություն, դրա համար էլ այդպիսի որոշում կայացվեց և իրենք միշտ հարգալից վերաբերմունք են ունեցել ԱԺ-ի նկատմամբ և հիմա էլ ակտիվ աշխատում են, և խնդրեց դա չորակել որպես անհարգալից վերաբերմունք:

Արձագանքելով՝ Ալիկ Արզումանյանն ասաց, որ այդ դեպքում հաշվապարհին ուղարկեին, ավելի լավ կլիներ:

Այնուհետև Տիգրան Արեյանին հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որն ասաց, որ իրեն դիմել են ցմահ ազատազրկվածների հարազատները, և կուզենար Արեյանի դիրքորոշումն իմանալ հարցի վերաբերյալ, քանի որ գործեր կան, որոնք դատական կարգով պարտադիր պետք է վերանայվեն, սակայն սայլը տեղից չի շարժվում: Բացի դա նա նշեց, որ միայն անցյալ շաբաթվա ընթացքում 13 նամակ են ստացել վաղաժամկետ ազատ արձակման այդ «չարաբաստիկ» հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:

«Բավարար չէ՝ մարդուն մի անգամ դատապարտում են, մի անգամ էլ նվաստացնում են՝ հույս տալով, որ մի դրական փոփոխություն կլինի: Այդ հանձնաժողովի գործունեությունը դարձել է պարզապես աղետ՝ այն կամ պետք է լուծարել, կամ պետք է վերանայել նրա գործունեությունը՝ այն գիր-ղուշի տարբերակով ում դիմումը կուզենա, կբավարարի, իսկ որեւէ դիմումի բավարարման մեջ որևէ տրամաբանություն չկա»,- ասաց Զոհրաբյանը:

Ի պատասխան Տիգրան Արեյանն ասաց, որ հարցը բյուջեի հետ կապ չունի, սակայն ասաց, որ երեկ Կարեն Անդրեասյանը եղել է ՔԿՀ-երում ու առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա:

Արձագանքելով՝ Նաիրաա Զոհրաբյանն ասաց, որ իրենք էլ են պարբերաբար հանդես գալիս տարբեր հայտարարություններով, սակայն ցանկանում են տեսնել որևէ լուծում:

«Մինչ օրս որևէ լուծում չի եղել: Մենք չե՞նք կարողանում ԱԺ ու օմբուդսմենի լիազորություններն օգտագործելով  հրավիերնեք հանձնաժողովի անդամներին քննարկման, միգուցե մեր ինտելեկտը չի հերիքում կամ այլ սկզբունք է դրված նրանց գործունեության հիմքում, որ հասկանանք՝ ինչ են անում»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter