Եվս մեկ ընտանիք որոշել է լքել հարազատ գյուղը
Լիանա Գևորգյան
Անգեղակոթ համայնքի բնակիչ Նինա Խահլաթյանի ամուսինը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի: Ասում է` երեխաների, հարազատների երկարատև հորդորներն ի զորու չեղան ազդելու ամուսնու վրա, Ռուսաստանի անծայրածիր հորիզոններն ու այնտեղից ակնկալվող եկամուտների հրապույրը հաղթանակեցին:
Նինա Խահլաթյանը երեք երեխաների մայր է: Առօրյա հոգսերը նրա ուսերին են:
«Ամեն ինչ անում եմ, որպեսզի երեխաներս կյանքի դժվարությունները չզգան: Շատ դժվար է երեք երեխա մեծացնելը` առանց աշխատանք ունենալու: Ամեն առավոտ վեր եմ կենում ժամը 5-ին, գնում եմ անասնագոմ, բոլոր աշխատանքերը մենակ եմ անում, հետո գալիս եմ տուն, պատրաստում եմ ուտելիք, պատրաստում եմ երեխաների հագուստները դպրոցի համար, հետո գնում եմ հողամաս», - պատմում է տիկին Նինան:
Գյուղի շատ տղամարդիկ մեկնում են Ռուսաստան` արտագնա աշխատանքի: «Անհայր» ընտանիքները զգալիորեն շատացել են համայնքում:
«Երկար տարիներ մեր միակ եկամուտը ամուսնուս աշխատած գումարն էր Ռուսաստանում: Ամեն տարի գարնանը ամուսինս գնում է Ռուսաստան և վերադառնում է ուշ աշնանը: Նրա աշխատած գումարը այնքան էլ շատ չի, բայց յոլա ենք գնում: Այս տարի շատ ավելի բարդ է` ուղարկած գումարը քիչ է և ավելի է քչանում, քանի որ ռուբլին արժեզրկվում է: Մեկ-մեկ էլ խաբում են, ուշացնում են փողերը: Այստեղ էլ մնալ չէր կարող` աշխատանք չկա»,- պատմում է Նինա Խահլաթյանը:
Տիկին Նինան խուճապի մեջ է` հոգսերը բազմապատիկ են: Դեռ վառարանը չի դրել` վառելափայտ չունենալու պատճառով: Իսկ վառելափայտը թանկ է:
«Ինչքան էլ խնայողաբար ենք ապրում, միևնույն է, էլեկտրականության և գազի հաշիվները շատանում են: Ամեն ինչ թանկացել է, և լուրեր են պտտվում, որ դեռ էլի թանկանալու է»,- ասում է տիկին Նինան:
Անգեղակոթի բնակիչները հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ: Թեպետ անգեղակոթցիները դժվարանում են իրացնել բերքը, այնուամենայնիվ, շատերն իրենց ընտանիքի հոգսերը վաճառված բերքի գումարով են հոգում: Այդ գումարները չեն բավարարում գյուղացուն, բայց օգնում են հոգալու որոշ կենցաղային հարցեր: Ինչպես գյուղի մյուս բնակիչները, տիկին Նինան նույնպես զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ:
«Ամբողջ տարին տքնաջան աշխատում ենք, սակայն արդյունք չենք ստանում: Այս տարի այնքան ուշ տրամադրվեց ոռոգման ջուրը գյուղացուն, որ կարտոֆիլը հողի մեջ եփեց: Կարտոֆիլ հողամասից տուն չեմ բերել: Ամբողջ տարվա ստացվելիք եկամուտս, այդքան աշխատանքս, ոռոգման ջրի ուշացման պատճառով հավասարվեց հողին»,- ասում է տիկին Նինան:
Չնայած դրան՝ նրանցից ամեն ամիս պարտադիր կերպով գանձվում է ջրի վարձավճար: Իսկ հարցիս, թե արդյոք դիմել է համապատասխան մարմիններին, պատասխանում է` դիմել է ու ոչ միայն ինքը, բայց ընկալելի որևէ բացատրություն չի տրվել: Տիկին Նինան ստիպված է եղել համայնքի մյուս բնակիչներին առաջարկել իր օգնությունը, որի դիմաց վարձահատույց կլինեն կարտոֆիլով:
«Շատերի համար օրերով գնացել եմ դաշտ` կարտոֆիլ հավաքելու, որ ձմեռը սոված չմնանք»,- ասում է տիկին Նինան:
Անասնապահությամբ նույնպես զբաղվում է, բայց` անօգուտ, մսամթերքն էլ դժվար է իրացվում:
«Մսագործները կամ չեն ուզում, կամ էժան գին են ասում` ձեռնտու չէ, ափսոսում ես այդքան աշխատանքդ ջուրը գցես: Անասնակերն էլ ահավոր թանկ է. մեծ ծախսեր ենք անում, բայց արդյունքում մնում ենք հին տաշտակի առաջ»,- ասում է տիկին Նինան:
Բազմաթիվ գյուղացիներ խրված են վարկերի, պարտքերի ու տոկոսների մեջ: Տիկին Նինան նույնպես պարտք ու պահանջ ունի բանկերում:
Գյուղացու վիճակը տարեցտարի վատանում է, հեկտարներով վարելահողեր մնում են անմշակ: Ըստ գյուղի տարեցների` պատճառները բազմաթիվ են` պարարտանյութի անմատչելի լինելը, դիզվառելիքի, սերմացուի թանկ լինելը, տարատեսակ հարկերը: Արդյունքում խորանում է աղքատությունը, ավելանում է սեփական երկրից, հարազատ գյուղից «փախչողների» թիվը:
Նինա Խահլաթյանը հույս չունի, որ դեպի ինչ-որ բան կփոխվի դեպի լավը, հիասթափվել է, ասում է` ձմեռը մի կերպ անցկացնենք, կթողնենք այստեղից կգնանք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել