HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուզեմ վերջապես ծանոթանալ մեր կուրսի երեխաների հետ

Մհեր Ենոքյան

«Հետք»-ի թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ինձ հետ բանտում մեծացած ծառն այլևս չկա

Վերջին օրերին առօրյաս փոխած երկու դիպվածների տպավորությամբ եմ ուզում կիսվել ընթերցողի հետ. մեկը հաճելի, մյուսը` տխուր: Սկսեմ վերջինից, որ ավարտեմ ուրախ տրամադրությամբ:

«Ես զրուցում եմ Քեզ հետ, Մարդ» իմ առաջին գրքում մի ռուսերեն պատմվածք կա` “Жажда жизни” վերնագրով: Այնտեղ «հերոսներից» մեկը «Նուբարաշեն» կլոր գերեզմանոցի դիմաց գտնվող ծառն է, որը իմ լուսամուտից երևացող միակ կենդանության նշանն էր մոտ երկու տասնյակ տարի: Ասում եմ «Էր», քանի որ ծառը, որի հետ ես մեծացա այստեղ, այլևս չի երևում իմ քառավանդակ պատուհանից: Այն պարզապես չկա արդեն:

Օրեր առաջ սեղանի մոտ նստած` գործերով էի զբաղված, հանկարծ տրակտորի ձայն լսեցի, նայեցի դուրս և ինչ տեսնեմ. տրակտորն իր շերեփով խփում, ջարդում է այդ միակ ծառի ճյուղերը, որից ամենահաստերը դիմադրում են, բայց, այնուամենայնիվ, կոտրվում: Քիչ է մնում` լաց լինեմ ու հետն էլ ահավոր ջղայնացած` ուզում եմ գոռալ, որ կանգ առնեն: Բայց գիտեմ, որ ձայնս չի լսվի աղմուկի պատճառով:  

20 տարի եղանակների հետ իր տերևների գույնը փոխելով ու գարնանը նորից ծաղկելով` ինձ հետ զրուցող ու ուրախացնող ծառն այլևս չկա: Վերջում էլ հաստ բունը տեխնիկայով արմատահան արեցին ու մի կողմ գցեցին:

Նստեցի ու «Նուբարաշեն» բանտի պետին դիմում գրեցի, քանի որ ինչ աշխատանքներ էլ արվեն բանտի մերձակայքում, այդ միակ ծառը` գտնվելով ճամփեզրին, ոչ մի կերպ ոչ ոքի չէր խանգարում: Խնդրեցի, որ գոնե պատուհանից երևացող մի քանի թփերին ձեռք չտան:

Բանտում էլ կարող են լինել հաճելի անակնկալներ

Լավ, անցնենք հաճելի անակնկալին: Առավոտյան սուրճ ըմպեցի, սափրվեցի ու պատրաստվում էի անցնել իմ գործերին` դիմում գրել ՀՀ գլխավոր դատախազին, թարգմանություն, քննական առարկաներ և այլն, մեկ էլ հանկարծ «վոլչոկը» բացվում է և հսկիչն ասում է.

- Մհեր, պատրաստվի, հյուրեր ունես:

- Ովքե՞ր են,- հարցնում եմ ես:

- Չգիտեմ, ասեցին, որ զգուշացնեմ քեզ:

«Այ քեզ բան, ես ոչ մեկի չեմ սպասում, տեսնես` ովքեր են»,- մտածում եմ ես ու հագնում կոշիկներս:

Րոպեներ անց դուրս եմ գալիս խցից և իմանում, որ պիտի հանդիպեմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի բաժնի ուսանողների, ապագա կրիմինոլոգների հետ, ովքեր եկել են իրենց դասախոսի հետ: Փաստորեն պետք է տեսնեմ ապագա գործընկերներիս: Ներս եմ մտնում սենյակ, որտեղ սովորաբար համակարգչով եմ աշխատում (ի դեպ, ավելացրել են նաև համակարգչով աշխատելու իմ ժամերը` 2 ժամից դարձնելով օրական 3 ժամ, ինչի համար շնորհակալ եմ վարչակազմին):

Մեկուսարանի պատասխանատու աշխատակիցը դրական ներկայացրեց ինձ հյուրերի մոտ: Սեղմեցի երկու ուսանողների ձեռքերը, ապա մոտեցա երիտասարդ դասախոսին.

- Եթե այս 20 տարիների ընթացքում փոփոխություններ տեղի չեն ունեցել, որքանով ես հիշում եմ` առաջինը կինն է ձեռք մեկնում:

Բոլորը ժպտացին, ապա հերթով մոտեցա նաև ուսանողուհիներին: Հետո նստեցինք, ինձ հարցեր տվեցին: Հաճույքով էի պատասխանում: Հարցեր էին ուղղում նաև մեկուսարանի աշխատակիցներին: Կային հարցեր, որ մեր պատասխանները համընկնում էին, իսկ որոշ հարցերում` այլ մոտեցումներ ունեինք, և դա բնական է:

Խոսում էինք պատժի նպատակներից, դրանց իրագործումից, իմ նպատակներից, նրանից, թե ինչու սկսեցի գրքեր գրել, ինչպես և ինչու սկսեցի իրավագիտություն սովորել բուհում, ինչպես դարձա «Հետք» թերթի թղթակիցը բանտում: Նրանք հարցնում էին դատական սխալի ճանաչմանն ու ազատությանը հասնելու իմ պայքարի, բանտային տարիների մասին: Մենք խոսեցինք համակարգային շատ խնդիրներից` պետություն-հասարակություն-անհատ, ազատություն, արդարություն, պատիժ, բանտ տիրույթում: Ասացի իմ կարծիքը, որով առաջնորդնել եմ 20 տարի: Այն, որ անհատական կեցվածքը, ինքնակատարելագործումը, անընդհատ սովորելը փակ համակարգում շատ կարևոր է չընկճվելու, առաջ գնալու համար:  

Առաջին անգամ էր 20 տարիների ընթացքում, երբ ինձ հնարավորություն տրվեց երկխոսելու Ողջերի աշխարհում ապրող հասարակության անդամների հետ` նայելով նրանց աչքերի մեջ և ոչ թե գրի ու մտքի միջոցով, ինչպես անում եմ ամեն օր: Արդեն շնորհակալությունս եմ հայտնել բանտի պետին, որ թույլատրվել էր ինձ նման աննկարագրելի հանդիպում:  

Ափսոս, որ ժամանակը սահմանափակ էր, և մեր հանդիպումն ավարտվեց մոտ մեկ ժամ անց: Մեկ ժամանոց զբոսանքի ժամն էր, և ուսանողները բարձրացան տանիք` ճաղապատ երկնքով խցերում զբոսնող ցմահ բանտարկյալներին տեսնելու:

Վերջում պատասխանեմ դասախոսի հարցին, որին հանդիպման ժամանակ, ըստ էության, չանդրադարձա. ի՞նչ տվեց ինձ այս 20 տարիների բանտարկությունը: Ասեմ` անամոթ գողի պես աչքիս առաջ տարավ երիտասարդ տարիներս, փոխարենը գտա Նրան, ում փնտրել եմ դարեր: Եվ համոզված եմ` Օրը մոտ է…

Եթե իմ նամակ-հոդվածները կարդում են նաև Սլավոնական համալսարանի իմ կուրսի ուսանողները, ապա շատ կցանկանամ, որ այցելեն ինձ` դասախոսների հետ, քանի որ «հարգելի պատճառներով» ինքս չեմ կարող մասնակցել դասերին: Կուզեմ վերջապես ծանոթանալ մեր կուրսի երեխաների հետ, ովքեր, երևի, իմ կես տարիքին են: Կարող ենք միասին մեկ դասաժամ պարապել այստեղ` կլոր բանտում: Ի՞նչ կասեք: Եթե համաձայն եք, խնդրում եմ գրեք ինձ այս հասցեով` ք. Երևան, Նուբարաշենի խճ. 2, «Նուբարաշեն» ՔԿՀ, Մհեր Ենոքյանին:

P. S. Մի օր հարմարացրեք` ուսանողներով հավաքվեք և դիտեք «Էքսպերիմենտ» ֆիլմը, որտեղ քաղաքացիները կամովին համաձայնվում են հայտնվել դատապարտվածների կարգավիճակում ու հետո քննարկեք այդ ֆիլմը, որը բավականաչափ մոտ է իրականությանը:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter