
Մամուկա Արեշիձեն՝ Վրաստանում իսլամական ֆանատիզմի սպառնալիքների մասին
Հարցազրույց Մամուկա Արեշիձեի հետ
Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, կոռուպցիա, Վրաստանում իսլամական ֆանատիզմի սպառնալիքներ, Վրաստանի քաղաքացիների մասնակցությունը տարածաշրջանային և համընդհանուր բախումներին, անվտանգության և ինքնիշխնաության հարցեր… Այս և շատ այլ հարցերի շուրջ «Միությունը» զրուցել է վրացի հեղինակավոր փորձագետ Մամուկա Արեշիձեի հետ: Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում փորձագետ Մամուկա Արեշիձեի հետ «Միության» ընդարձակ հարցազրույցի երկրորդ մասը:
Դուք մեկ անգամ չէ, որ հայտարարել եք Վրաստանի քաղաքացիների` Պանկիսիի բնակիչների` Սիրիայի և Իրաքի տարածքներում ռազմական գործողություններին մասնակցելու մասին: Ի՞նչ կասեք Քվեմո Քարթլիի բնակչության մասին: Այնտեղ կա ուժեղ մուսուլմանական համայնք: Ինչպիսի՞ն է սուննիական դպրոցների` սալաֆիզմի և վահհաբիզմի ազդեցությունը Քվեմո Քարթլիի բնակչության վրա:
- Ադրբեջանցիների 12% սուննիներ են: Բայց հիմնականում ապրում են Թբիլիսիում` Մցխեթա-Մթիանեթի շրջանում: Քվեմո Քարթլիում, հիմնականում, ապրում է շիական բնակչություն: Եթե ես ասեմ, որ այդ բնակչությունը խիստ կրոնական է, սուտ կլինի: Բայց նրանք որոշակի հոգեբանական կախվածություն ունեն Ադրբեջանի կրոնական առաջնորդներից:
Չնայած նրան, որ Վրաստանում ստեղծվել է Վրաստանի Մուսուլմանների առանձին Վարչություն, այդ կախվածությունը Ադրբեջանից դեռևս շատ ուժեղ է:
Քվեմո Քարթլիի տարածքում էլեկտորատի վրա ազդեցություն տարածելու համար այսօր միմյանց հետ պայքարում են մի քանի ուժեր, արտասահմանյան ուժեր` թուրքական, իրանական և արաբական կազմակերպություններ:
Թուրքական և իրանական կազմակերպությունները, հիմնականում, զբաղված են մարդասիրական գործունեությամբ: Բայց, բնականաբար, փորձում են առավելագույն ազդեցություն ունենալ շրջանի բնակչության վրա:
Արաբական կազմակերպություններն իրենց ավելի ագրեսիվ են պահում: Ագրեսիվ, առաջին հերթին ֆինանսական տեսանկյունից: Ֆինանսական հոսքերն, առաջին հերթին, ուղղված են հնարավորինս շատ ազդեցություն տարածել մեծ քանակությամբ մարդկանց վրա:
Մարդիկ, ովքեր իրենց համարում են մուսուլմաններ, իրենց ավելի հարմարավետ են զգում սալաֆիզմի խորքում: Սալաֆիզմը ենթադրում է մաքուր իսլամ: Այն ավելի ակտիվ է, քան Վրաստանի տարածքում այլ մուսուլմանական դպրոցները: Հենց այդ պատճառով էլ Քվեմո Քարթլիում սալաֆիզմի կողմնակիցների քանակն օրեցոր աճում է: Այսօրվա դրությամբ Քվեմո Քարթլիում սալաֆիզմի հետևորդների քանակը չի գերազանցում 5-6% (20-25 000 մարդ –խմբ.): Հիմնականում դա քաղաքի երիտասարդությունն է:
Օրինակ, սալաֆիզմը շատ գրավիչ դարձավ Գարդաբանիի, Մառնեուլիի երիտասարդության շրջանում: Ըստ իմ ունեցած տեղեկությունների` Քվեմո Քարթլիի երիտասարդներից շուրջ 50-60-ը այսօր կրթություն են ստանում արտասահմանում:
Այդ մարդկանց մի մասն ուսանում է իրանական Քուբայում: Այնտեղ գործում է խոշոր շիական համալսարան: Մյուս մասն ուսում է ստանում Ջիդդայում, Էլ-Ռյադում, Քուվեյթում: Այդ երիտասարդների վերադարձը Քվեմո Քարթլի հաճախ տեղի կրոնական գործիչների դեմ հակադրության է հանգեցնում: Առճակատման բնագավառն անընդհատ աճում է:
Արդարության համար հարկ է նշել, որ բնակչության մեծ մասն այդ ամենին դեռևս նայում է անտարբերությամբ:
Մինչդեռ, Աջարիայի 20 բնակիչ այսօր կռվում է Սիրիայում և Իրաքում: Պանկիսիից նվազագույնը` 70-80 մարդ, որոնցից 14-ն արդեն զոհվել է:
Հայտնի է, թե Քվեմո Քարթլիի բնանկիչներից քանիսն են զոհվել` 4-ը: Բայց թե քանի՞սն են կռվում` դժվար է ասել: Իմ գնահատմամբ մոտավորապես 40-50 մարդ:
Ինչքանո՞վ է արդյունավետ երկրի քաղաքացիների տվյալ հոսքը սահմանափակելու ուղղությամբ պետության աշխատանքը, կարողանո՞ւմ է արդյոք պետությունը չեզոքացնել Վրաստանի տարածքում արմատական իսլամի տարածում անվամբ այդ վտանգավոր երևույթը:
- Տվյալ գործընթացի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում: Բայց շատ ժամանակ է արդեն կորցված: Պանկիսիի կիրճի 80% արդեն սալաֆիզմի հետևորդներ են: Այդ իրավիճակը փոխելը ծայրահեղ բարդ է:
Վրաստանի Մուսուլմանների Վարչության հիմնական գործառույթը հենց նրանում է, որ սահմանափակի արտասահմանյան մուսուլմանների, հատկապես ծայրահեղականների գործունեությունը Վրաստանի տարածքում: Թե ինչպես է դա ստացվում` ուրիշ հարց է:
Վրաստանի Կառավարությունը ծրագրում է երկրի տարածքում ստեղծել իսլամական կրթական հաստատություն: Նվազագույնը երկու, որպեսզի սահմանափակի ուսման համար արտասահման մեկնող քաղաքացիների հոսքը: Բնականաբար, հարց է ծագում, իսկ ո՞վ կդասավանդի այնտեղ:
Կարծում եմ, որ Վրաստանն անհրաժեշտ կադրեր ունի: Բացի այդ, բացառված չէ, որ Թուրքիայից և Իրանից կհրավիրվեն վրացական ծագում ունեցող մարդիկ: Խոսքը վերաբերում է կրոնական գործիչներին:
Մի խոսքով, վրացական Կառավարությունն ունի հստակ ծրագիր տվյալ գործընթացը դադարեցնելու և այն ճիշտ ուղու վրա կանգնեցնելու համար: Դա արվում է նրա համար, որպեսզի Քվեմո Քարթլիում չկրկնվի այն, ինչ արդեն տեղի է ունեցել Պանկիսիի կիրճում: Շատ բարդ աշխատանք է: Անհրաժեշտ է մանրակրկիտ և մասնագիտական աշխատանք:
Մենք գտնվում ենք շատ լուրջ աշխարհագրական դիրքում, որտեղ քաղաքական իսլամի ազդեցությունը շատ ուժեղ է: Դա տեղի է ունենում բոլոր հարևան երկրներում` բացառությամբ Հայաստանի: Դրանից ելնելով` անհրաժեշտ է լուրջ պայքար: Այդ մարդիկ լավ փորձ ունեն, լավ մեթոդաբանություն, շատ փող և ազդեցության գործակալներ Ռուսաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:
Տվյալ տեսանկյունից հատկապես վտանգավոր է հյուսիսային Ադրբեջանը, որտեղ ամբողջությամբ սալիֆիստական բնակչություն է: Այնտեղ ապրում են շատ հյուսիսային կովկասցիներ: Նրանք բոլորը Ադրբեջանի քաղաքացիներ են, բայց նրանց հայացքն ուղղված է Հյուսիսային Կովկասի, այնտեղ ընթացող գործընթացների վրա:
Վերջերս բացվեց «Կարծախի» անցակետը: Ինչքանո՞վ էր պատեհ տվյալ գործողությունը և դա արդյոք չի՞ հեշտացնի ծայրահեղականների տեղաշարժը:
- Եթե սահմանապահների մեջ գոյություն ունենա ոչ մասնագիտացում, եթե լինի կաշառակերություն, ապա ամեն ինչ կարող է պատահել:
Եթե դու քեզ պետություն ես անվանում, ապա դու պարտավոր ես ապահովել քո սահմանների և անցակետերի անվտանգությունը և վարահսկումը: Անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն և գոյություն ունենա համապատասխան պատրաստվածություն: Եթե դա տեղի չունենա, ապա դու անպայման կունենաս «բաց դռների օր»:
Սեպտեմբերի սկզբին Աբխազիա էր ժամանել հերթական պաշտոնական պատվիրակություն Թուրքիայից: Դրանից հետո թուրք կառավարության ներկայացուցիչներինց ոչ մեկը հարկ չհամարեց մեկնաբանել տվյալ այցը: Եթե դա համեմատենք Թիբիլովի այցելության հետ Լեռնային Ղարաբաղում, տարբերությունն ակնհայտ է: Ի վիճակի՞ է արդյոք Վրաստանը ազդել Թուրքիայի վրա գոնե այնքան, որ թուրքական գործողությունները բանակցված լինեն վրացական իշխանությունների հետ:
- Յուրաքանչյուրը ղեկավարվում է անձնական քաղաքական շահերով: Կովկասի և Աբխազիայի վրա ազդեցության համար միմյանց հետ են պայքարում Թուրքիան և Ռուսաստանը: Տվյալ պայքարում երրորդ պետության շահը հաշվի չի առնվում: Հենց դա էլ տեղի է ունենում Աբխազիայում:
Ինչ էլ որ խոսեն իրար մեջ Ռուսաստանը և Թուրքիան, ինչքան էլ շեշտադրեն բազմամիլիոնանոց առևտրային ապրանքաշրջանառությունը, ինչքան էլ խոսեն համագործակցության և ընկերության մասին, նման շեշտադրումներ նրանց միջև միշտ էլ գոյություն կունենան: Նայե´ք, թե երբեմն ինչ է ասում Պուտինը Էրդողանի մասին և հակառակը:
Նրանք պատմական թշնամիներ են: Բայց չնայած դրան` փորձում են առևտրային հարաբերություններ զարգացնել:
Ինչ վերաբերում է կոնկրետ այդ դեպքին: Շատ բարդ է խոչընդոտել մասնավոր այցելություններին և հանդիպումներին: Ի դեպ, առաջ մենք կանգնեցնում էինք Աբխազիա ընթացող թուրքական նավերը: Դա մեկ անգամ չէ, որ Թուրքիայի զայրույթն է առաջացրել: Բայց զայրույթը մնում էր զայրույթ:
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց հսկել Սև ծովի ջրատարածքը, Աբխազիայի ուղղությամբ նավերի ընթացքին խոչընդոտելը ենթադրեց Ռուսաստանի հետ առճակատման: Հիմնականում այդ նավերը վարձում է Թուրքիայի աբխազական սփյուռքը:
Այո´, բայց չէ՞ որ խոսքը չի վերաբերում մասնավոր այցելությանը:
- Դա փաստացիորեն առաջին կիսապետական այցելությունն էր: Տվյալ գործընթացը շատ դժվար է դադարեցնել: Ամեն դեպքում, թուրքական պետությունը մեզ հակառակում է համոզում: Չմոռանանք, որ Թուրքիայի Խորհրդարանում աշխատում է 22 վրացի պատգամավոր: Նրանք ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ գործընթացին:
Վերջերս Թուրքիա էր մեկնել մեր պատվիրակությունը Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունից: Թուրքերը երաշխավորեցին, որ նման բան այլևս չի կրկնվի: Ես չեմ հավատում այդ խոստումներին:
Ոչ միայն Թուրքիան… Նման իրավիճակ է ստեղծվել նաև Իտալիայի հետ: Այնտեղ շատ ակտիվ է «ճանաչման» գործընթացը:
Թուրքական Կառավարությունը վերջին ժամանակներս, ցավոք, դարձել է շատ անկանխատեսելի: Չես հասկանա, թե ի՞նչ են նրանք ուզում:
Թուրքական քաղաքականությունը դառնում է ավելի ու ավելի անհասկանալի:
Երբ մենք խոսում ենք աբխազական սփյուռքի մասին, պետք է ենթադրել, որ դա կապված է չերքեզական հարցի հետ: Չերքեզյան սփյուռքն ամենաուժեղն է Թուրքիայում: Շատ հաճախ թուրքական Կառավարությունը ստիպված է հաշվի նստել աբխազական և չերքեզական սփյուռքի կարծիքի հետ:
Մինչդեռ, մենք Թուրքիային համարում ենք ռազմավարական դաշնակից:
- Այդպես է ստացվում: Թուրքիան ռազմավարական դաշնակից է: Մենք Ռուսաստանի հետ բանակցությունների փուլում ենք: Այդպիսին է փոքր երկրների ճակատագիրը: Մենք ստիպված ենք հարմարվել իրավիճակին:
Հայաստանը ևս այդպես է վարվում: Նա ստիպված է իրեն այնպես պահել, որպեսզի նվազագույնս վհատեցնի Ռուսաստանին: Դա այդպես է… Եվ չնայած դրան` Հայաստանը, որպես պետություն, կանգուն է և կլինի կանգուն: Հենց այն պատճառով, որ կարողանում է հարմարվել իրավիճակին:
Ստեղծված աշխարհագրական դրության պայմաններում անհրաժեշտ է վարել նվազագույնս ագրեսիվ քաղաքական խաղ: Դա պետք է անել, որպեսզի չխախտվի քո տարածքային ամբողջականությունը, որպեսզի տեղի չունենան այլ դժբախտություններ:
Կոսովոյի իրադարձություններից հետո աշխարհը փոխվել է: Աշխարհի ուժեղագույն երկրները որոշել են խաղալ յուրաքանչյուրն իր կանոններով: Նրանց ամեն ինչ «ներելի» է: Այդ երկրներն են` Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, իսկ տարածաշրջանային մասշտաբով` Թուրքիան և Իրանը:
Մեկնաբանել