HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի վերակառուցումը կավարտվի 2016-ի վերջին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները շարունակվում են 2-րդ փուլով: Ծրագրի իրականացմանն են նպատակաուղղվել Հեռուստամարաթոն 2013 եւ 2014-ի հանգանակությունները: Խոշորածավալ ձեռնարկը ավարտին հասցնելու նպատակով միջոցներ են հատկացվել նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությունների կողմից: Ճանապարհի շինարարությունը կշարունակվի Հիմնադրամի ռազմավարական եւ նպատակային ծրագրերին զուգահեռ, եւ կավարտվի 2016թ.-ի վերջին:   

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցումն իրականացվում է միաժամանակ հինգ ճանապարհաշինարարական կազմակերպությունների կողմից` 12 տեղամասով: Նախկինում դժվարանցանելի շուրջ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 եւ ավելի մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթեւեկելի հատվածը: Նախորդ տարվա ընթացքում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, այդ թվում ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր ու եզրաքարեր, ինչպես նաեւ վերանորոգվել են 17 մեծ ու փոքր կամուրջները: Ներկայումս ընթանում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Բնակավայրերով անցնող հատվածներում` մասնավորապես Գետավանում եւ Եղեգնուտում, կառուցվում են մայթեր:

Ասֆալտի որակի  ստուգման եւ վերահսկման նպատակով տարբեր տեղամասերից վերցված հանքային նյութերը /խիճ, ավազ, օրգանական կապակցող/, արտադրված ասֆալտի նմուշները, ինչպես նաեւ հանուկները պարբերաբար ուղարկվում են լաբորատոր ստուգման: 

Նոյեմբերի 1-ի դրությամբ ողջ ճանապարհն ունի ավելի քան 49կմ ասֆալտի երկշերտ ծածկույթ: Մնացած հատվածներում իրականացվում են ճանապարհի հիմնատակի կառուցման աշխատանքներ: Շուրջօրյա` միջինը +10 ջերմության պայմաններում ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն: Ձմռան շրջանում կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես խճի, ավազի, եւ այլ անհրաժեշտ նյութերի պահեստավորում, ինչպես նաեւ ասֆալտբետոնե գործարանի եւ ճանապարհաշինարարական մեքենաների եւ սարքավորումների վերանորոգում եւ համալրում` գարնանը աշխատանքները վերսկսելու նպատակով: Ավելորդ չէ նշել, որ շինարարության ողջ ընթացքում ճանապարհը երթեւեկելի է եղել նաեւ մարդատար մեքենաների համար:  

Ուղիղ կապ ապահովելով Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանների միջեւ, նոր մայրուղու գործարկումը ոչ միայն զգալիորեն կկրճատի այն ժամանակահատվածը, որն այսօր անհրաժեշտ է  Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով մի հանրապետությունից մյուսն ուղեւորվելու համար, այլ կամրապնդի միջհամայնքային կապերը, կնպաստի հարակից  համայնքների տնտեսական զարգացմանը, կխթանի զբոսաշրջությունը` աշխուժացնելով մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքը: Ճանապարհը հնարավորություն կտա նաեւ ծանոթանալ մեր պատմամշակութային հուշարձաններին ու վայելել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը:   

Նախորդ տարիներին ճանապարհի մերձակա համայնքներում իրականացվել են մի շարք ենթակառուցվածքներ. Քարվաճառն եւ Գետավանն ունեն կանոնավոր ջրամատակարարում, Չափարը, Վերին Հոռաթաղն ու Վաղուհասը`  նորակառույց դպրոցներ, եւ այսօր համայնքային կենտրոններ են կառուցվում Գետավան եւ Կոճողուտ գյուղերում:

Բարեկարգ ավտոմայրուղու առկայությունը հնարավորություն կտա ոչ միայն կյանքի կոչել շրջակա համայնքների կյանքն ու կենցաղը բարելավող սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներ, այլեւ զարկ կտա բիզնես եւ զարգացման ծրագրերին` գյուղացուն ապահովելով կայուն եկամտով` փոխելով նրա կյանքի որակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter