HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Պայքարը եղել է ու կլինի իշխանության ու ՀԱԿ-ի միջեւ»

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը համաձայն չէ, այն մտքի հետ, որ ընդդիմությունն այսօր թմբիրի մեջ է, ու չկա հասարակական պահանջ. «Կան արդյունքներ, որոնք առաջին հայացքից չեն երեւում, բայց կան: Օրինակ` եթե 3 տարի առաջ Տիգրան Կարապետյանը հայտնվեր ընդդիմադիր դաշտում, նրան այն ժամանակ կհաջողվեր լուրջ շարժում արձանագրել: Իսկ այս տարիների ընթացքում  հասարակական միտքը, մտայնությունը առաջընթաց է ապրել, եւ այսօր հիմար բաներ ասելով` չես կարող հասարակությանը տանել քո հետեւից: Երբ դու 7 օրում պահանջ ես դնում իշխանության առաջ, դու հայտնվում ես ծաղրածուի վիճակում: Ժամանակին նման բաներ ասում էին Գեղամյանն ու մյուսները, այսօր ժողովուրդը հասկանում է, որ այդպես չէ: Դրա պատճառով է նաեւ, որ ՀԱԿ-ը չի վարել պոպուլիստական քաղաքականություն»:

Վերլուծաբան Արծրուն Պեպանյանը պայքարի երկու ձեւ է տեսնում` ուժային եւ համակարգային. «Ընդդիմությունը պիտի հաշվարկի, որ իր դեմ կա մի ուժ, որն ունի այսքան մարդ, այսքան ավտոմատ: Որպեսզի կարողանա տապալել այդ ուժին, պիտի ունենա այդքան մարդ, այդքան կամային հատկանիշներով: Եթե մինչեւ հիմա նման ելք չի եղել, ուրեմն ինչ-որ բան լավ չի հաշվարկվել: Եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել, պետք է ազգը մեծ մոբիլիզացիա անել: Տարբերակ մեկը այդպես նրանց ջարդելն է: Մյուս տարբեակը սա է. մտածել, թե ինչու է մեր իշխանավորն այդպիսին: Մենք ազգովի մի համակարգ ենք ստեղծել, որն ի վնաս մեզ է, մեզ առաջ չի տանի, քայքայում, տանում է երկիրը մահվան: Դրա դեմ կռվելը վտանգավոր է, որովհետեւ ինչքան դու իրեն նեղն ես գցում, նա ավելի ահավոր է դառնում, ու կարող է քեզ էլ ուտել: Դրա համար պետք է մի համակարգ ստեղծել, որը մեր ազգին յուրահատուկ է, ապրել ենք դրանով: Պետք է փորձել ինչ-ինչ մեխանիզմներով հասարկության մեջ եղած առողջ հատկանիշներն էլ ավելի առողջացնել, առողջներին հավաքել մի տեղ, փորձել գերակշռություն ունենալ հիվանդ օրգանիզմի մեջ ու փոխել ամեն ինչ: Նման բան արել է Գարեգին Նժդեհը, իսկ այդպիսի որոշ դրվագներ էլ եղել են 1988-ին` բայց չկազմակերպված»:

Ըստ Պասկեւիչյանի` ընդդիմության եւ իշխանության քանակական հավասարակշռության մեջ չէ խնդիրը. «Ցանկացած պայքար տեսակների պատերազմ ու պայքար է. երբ մեր ժողովրդի տեսակը կլինի ավելի զորեղ, քան իշխանության գծից այն կողմ կանգնածներինը, այդ ժամանակ կլինի փոփոխություն: Տեսակը հզորանում է պրոցեսի մեջ, ու այդ տեսակն այժմ ձեւավորվում է»:

«Պայքարը եղել է ու կլինի իշխանության ու ՀԱԿ-ի միջեւ»,- ասում է Պասկեւիչյանը: Նրա կարծիքով` նոր ուժերի ի հայտ գալու նախադրյալներ չկան: Կայուն ընտրազանգված ունի միայն ՀՅԴ-ն, մնացած դեպքերում ամեն ինչ կախված է պոպուլիզմից: «Տեր-Պետրոսյանի շարժման կարեւորագույն բաներից մեկն այն էր, որ նա ուղղակի արմատախիլ արեց պոպուլիզմը` ինքը հենց դրանով չզբաղվելով»,- շեշտում է հրապարակախոսը:

Պեպանյանն էլ ասում է, որ երբ 1995-ին ընտրությունները կեղծվեցին, ու ինքն էլ այդ ժամանակ իշանության մեջ էր, փորձել է հասկանալ, թե ինչու այդպես եղավ, ու հասկացել է, որ Հայաստանում ընտրություններ շատ հեռակա ժամակներում չեն լինելու. իշխանավորները ամեն ինչ անելու են աթոռը պահելու համար, այդպես են վարվելու նաեւ նրանց տապալողները: «Իրենք հարկադրված են կառչել իշխանություններից, քանի որ հակառակ դեպքում դա կլինի նրանց մահը»,- կարծում է վերլուծաբանը:

Տ. Պասկեւիչյանը այս մտքին հակադարձում է հետեւյալով. «Դեռ նախորդ ընտրություններում Տեր-Պետրոսյանը իրենց ընդդիմադիր համարողներին առաջարկում էր համախմբվել, իշխանափոխություն անել, որից հետո ընտրություններում ժողովուրդը պիտի որոշեր հաղթողին: Վաղուց արվել է այդ առաջարկը, ուղղակի իրենց ընդդիմություն համարողների մի մասը գիտի, որ այսպես ավելի հարմար է` լինել կիսաընդդիմադիր-կիսաիշխանամետ դերում եւ ստանալ 5 տոկոս խորհրդարանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter