Ոռոգման ջուր չունեցող Վարդաբլուրում կարտոֆիլի բերքը նորմայից 2-3 անգամ պակաս է եղել
Գայանե Սարգսյան
Վարդաբլուրցիները կանգնել են երկընտրանքի առաջ. մանր ու անորակ կարտոֆիլը տալ անասուններին, թե պահել՝ գնորդ գտնելու հույսով:
Վարդաբլուրում այս օրերին ամփոփում են գյուղատնտեսական տարվա արդունքները: Դրանք գոհացուցիչ չեն: Այս տարի տուժել է հատկապես կարտոֆիլի բերքը, որը նորմայից 2-3 անգամ պակաս է ստացվել: Ցածր բերքատվության պատճառներից մեկը ոռոգման ջրի ցանցի բացակայությունն է:

«Սովետական Միության տարիներին, ոռոգման ջուր ունեինք: Ջուրը Կիրով գյուղից սարերի լանջերով գալիս, սպասարկում էր ոչ միայն Վարդաբլուրը, այլև հարակից մի քանի գյուղերը: 1990-ականների սկզբին ամեն ինչ ավիրվեց ու 15 տարի է՝ գյուղը զրկված է ոռոգման ջրից»,- ասում է գյուղապետ Միքայել Ֆրանգյանը:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով գյուղացիներն ստիպված են լինում ապավինել բնության բարեհաճությանը: Գյուղացիների բախտն այս տարի, սակայն, չի բերել նաև եղանակային պայմանների տեսանկյունից: Տարին չորային է եղել, ինչը բացասաբար է անդրադարձել հատկապես կարտոֆիլի բերքատվոթւյան վրա. 1 հեկտարից ակնկալվող 30-40 տոննա կարտոֆիլի փոխարեն վարդաբլուրցին ստացել է 10-15 տոննա անորակ, մանր ու վնասված կարտոֆիլ:
«Եթե պետք ա ըլնում, որ հողերը ջրվի, չի ջրվում: Վերև ենք նայում՝ Աստծուն, անձրև կգա, կջրվի, չէ՝ չէ,- ասում է վարդաբլուրցի Կարեն Վարդանյան,- լավագույնը 10-15 տոնով ենք փակել հեկտարը, բայց դա շատ ցածր ա ախր: Գոնե 40 տոննա պետք ա էղնի հեկտարին, որ փակի իրա ծախսերը: Իսկ սենց դաժե ինքն իրա ծախսը չի փակում»:
Համլետ Հայրապետյանը ևս դժգոհ է ստացած բերքից․«Անցյալ տարի մեկ հեկտարից միայն 10 տոննա խոշոր կարտոֆիլ էինք ստացել, էս տարի խոշոր կարտոլ համարյա չկա: Էս դեպքում մանր կարտոլի գինն էնքան ցածր ա, որ մտածում ես՝ ավելի լավ ա ոչ մի բան էլ չցանես, թող խոտ դուրս գա»:

Թե՛ գյուղապետը, թե՛ գյուղացիները նշում են, որ նախորդ տարիներին կարտոֆիլի պահանջարկը մեծ էր, նույնիսկ հարևան Վրաստանից էին գալիս ու մեծ մեքենաներով արտահանում: Այս տարի, սակայն, հարևան երկրից ընդհանրապես եկող չկա: Իսկ տեղի շուկան գյուղացուն բերքն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն չի տալիս:
«Գյուղացին տեղում չի կարողանում կարտոֆիլն իրացնի: Մեր տեղի շուկան Վանաձորն է, էնտեղ էլ չեն կարող ամբողջը ծախեն: Էդքան մարդ չկա, ո՞ւմ վրա իրացնեն»,- ասում է գյուղապետը:
«Ժողովուդրը մոլորված են, չգիտեն ինչ անեն: Առնող չի գալիս, Վրաստանից էին գալիս , էդ էլ չեն գալիս,- նշում է գյուղի կոշկակարը՝ Էդվարդ Թումանյանը, ով թեև կարտոֆիլ չի ցանել, սակայն մտահոգ է հարազատի համար, որն այժմ չի կարողանում իրացնել կարտոֆիլը,- 50 տոննա կարտոֆիլ ունի, բայց հենա, չգիտի ինչ անի…»:
Ավելի ուշ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ կարտոֆիլը չեն կարողանում իրացնել ոչ միայն Վարդաբլուրում, այլև մարզի էլի մի շարք համայնքներում: Մարզպետարանում ևս փաստում են. Վրաստանից այս տարի չեն գալիս կարտոֆիլ տանեն: Այստեղ,սակայն, ի տարբերություն գյուղացիների, ավելի լավատես են. գյուղվարչության պետը հույս ունի, որ վրացիները դեռ կհիշեն հայկական կարտոֆիլի մասին ու դեռ կգան:
Իսկ գյուղացիներն այսօր արդեն կագնել են երկընտրանքի առաջ. լրացուցիչ ծախսեր կատարելով էժանագին կարտոֆիլը հասցնել Վանաձորի շուկա, ինչը շահավետ չէ, թե դրանով կերակրել անասուններին: Գյուղացիներն ասում են, որ չափից ավելի էժան գին ունեցող կարտոֆիլը տեղում չիրացվելու դեպքում ստիպված կլինեն այն ուղղակի որպես անասնակեր օգտագործել:
Այս դեպքում, սակայն, գյուղացին կկանգնի մեկ այլ՝ գյուղատնտեսական վարկերը փակելու խնդրի առաջ, քանի որ գյուղացիների մի զգալի մասը այն ցանել ու մշակել է հենց գյուղվարկերի հաշվին:
Հարցիս՝ գյուղի քանի՞ տոկոսն է գյուղատնտեսական վարկ վերցրել, գյուղապետ Մ. Ֆրանգյանը կատակով արձագանքում է.«Փառք Աստծո, համարյա ամբողջ գյուղը վարկերի տակ ա, մոտ 90 տոկոսը վարկ ունի վերցրած»:
Վարկային պարտավորությունները կատարել, սակայն, ոչ բոլորին է հաջողում: Մի քանի վարկառուի նկատմամբ արդեն իսկ դատական գործեր կան հարուցված:

«Մի մասը խեղճանում ա փակելուց: Դատական գործեր ունենք 10-15 հատ,- ասում է գյուղապետն ու բանկերի տված տոկոսադրույքներով վարկերը որակում աննորմալ,-էն վարկերը, որ սուբսիդիաներով տալիս է պետությունը, տոկոսադրույքները նորմալ է, բայց էն՝ որ մենք բանկերից ենք վերցնում, ոչ միայն նորմալ չի, այլ աննորմալ է: Դրանք գյուղացուն սննկացնող բանկեր են»:
Գյուղում գյուղատնտեսության զարգացման ու բարձրորակ բերք ստանալու համար գյուղապետը մատնանշում է երկու նախապայման. ոռոգման ջրի ցանցի վերականգնումն ու հակակարկտային կայանների տեղադրումը:
«Ոռոգման ջրի ցանցի վերականգնումը մեծ ծախսերի հետ է կապված, այն հնարավոր է վերականգնել միայն պետական ծրագրով»,-նշում է նա:
Ինչ վերաբերում է կայաններին, վերջինս նշում է, որ գյուղի հարակից տարածքում դեռևս միայն մեկ հակակարկտային կայան է տեղադրված, ինչը շատ քիչ է:
«Եղանակային պայմանների առումով մենք ռիսկային գոտի ենք համարվում. այստեղ հաճախակի են կարկտահարությունները: Մեկ կայան ունենք տեղադրված, բայց դա շատ քիչ է մեր հողատարածքների համար: 830 հեկտար վարելահող ունենք, իսկ մեկ կայանը 80-100 հեկտարի համար է դրվում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել