HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

«Ինչպե՞ս պաշտպանեմ երեխայիս, երբ ինքս եմ անպաշտպան»

17-ամյա Վաղինակ Յավրումյանը 4-դ դասարանից դպրոց չի հաճախում:

Զվարթնոցի հատուկ դպրոցում, ուր սովորում էր, «չար» տղաները նրան ծեծում էին: Ինքը վախենում էր ու հակադարձել չէր կարողանում: Տատն էլ, որ խորապես մտահոգված էր թոռան անճարակությամբ, չի ստիպել ուսումը շարունակել: Ինքն էլ է վախեցել, որ մի փորձանքի կգա, որովհետեւ «աչքը վախեցել է». 2003 թվականին որդու` Վաղինակի հոր դիակը գտել են Սեւ ջուր կոչվող լճակում: «Օրավարձով աշխատում էր սրա-նրա համար, բայց փող չէին տալիս, փոխարենը խմեցնում էին: Այդպես դարձավ հարբեցող: Բայց, ինչքան էլ խմած լիներ, օրվա վերջում միշտ տուն էր գալիս: Այդ գիշեր որ չեկավ, ասացի` վերջ, մեռել է: Դիակը մի քանի օր անց գտնվեց... Հիմա էլ տղայի համար եմ վախենում: Բոյ ու բուսաթին մի նայեք` մանկամիտ է. ինքն իրեն պաշտպանել չի կարողանում: Ով ուզի` կճնշի, կծեծի»,-ասում է Վաղինակի տատը` Էլզա Յավրումյանը:

Յավրումյանները Էջմիածնում են 1988-ից: Բաքվից են փախել-եկել: Մինչեւ Էջմիածնի Շահումյան փողոցի 100 հասցեում բնակվելը, տարբեր հանրակացարաններում են ապրել: Այս տունն էլ 2004-ին Միգրացիայի եւ փախստականների հարցերի վարչությունից են ստացել. «Քանի դուռ եմ գնացել` հաշմանդամ ամուսնուս եւ թոռանս բժշկական թղթերը ձեռքիս: Խնդրել եմ ուշադրություն դարձնեն թշվառներիս: «Եթե մեզ տուն չի հասնում, ապա ու՞մ է հասնում»,- ասել եմ: Լավ է` բանի տեղ դրեցին ու էս տունը տվեցին: Էդ մի հարցում գոհ եմ, բայց թե ինձանից հետո ի՞նչ կլինի Վաղինակի հետ, վախենում եմ պատկերացնել»,- մտահոգ շարունակում է Էլզա Յավրումյանը:

Թոռը նրան ոչ թե «տատ», այլ «մամա» է ասում: «Մայրը մայրություն է արե՞լ, որ ճանաչի. նորածին երեխային տարել-թողել էր հիվանդանոցի նկուղում, որ մեռնի: Այդ օրվանից նրա մայրը ես եմ»,-ավելացրեց տիկին Էլզան:

2-րդ կարգի հաշմանդամ Վաղինակին Էջմիածնի պոլիկլինիկայից ուղեգիր են տալիս, ուղարկում Երեւան` Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Տատ ու թոռ ոչ ճար ու ճամփա գիտեն, ոչ էլ փող ունեն, որ հասնեն այնտեղ: Բացի այդ, ծեր կինը համոզված է, որ դեղեր են նշանակելու, իսկ ինքը գնել չի կարողանա եւ դրանից ավելի կընկճվի: Խորհուրդ են տվել երեխային հոգեվերլուծաբանի մոտ տանել. «Բայց ո՞նց, ի՞նչ միջոցներով»,- հարցնում է:

Մինչ Էլզա տատն իրենց պատմությունն էր անում, Վաղինակը սուրճ էր պատրաստում: «Երբեմն օգնում է. գնում է բարեգործական ճաշարանից մեր օրվա հասանելիքն է բերում: Ֆիզիկապես տկար չէ: Խնդիրը հոգեկանի մեջ է: Աշխատել շատ է սիրում: Վերջերս գնացել, ժավել արտադրողների մոտ աշխատանքի էր տեղավորվել, տարաներ էր լվանում: Թե ոնց է եղել` ժավելը աչքի մեջ է լցվել: Բախտներս բերեց, որ չկուրացավ: Այդ օրվանից արգելեցի գնալ»,- պատմում է տիկին Էլզան:

«Ուզում եմ փող աշխատել, մամային օգնել: Անասուն եմ ուզում պահել, բեռներ տեղափոխել»,- ասում է Վաղինակը: Այդ աշխատանքները տատի սրտով չեն: Չի ուզում, որ թոռն աշխատի առանց վերահսկողության, որովհետեւ իմացել է, որ Վաղինակի նման տղաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ շատ են լինում, ինքն անձամբ այդպիսի օրինակներ գիտի. «Չգիտեմ` ո՞նց պաշտպանեմ երեխայիս, ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անեմ...»,- հուսահատ հարցնում է Էլզա Յավրումյանը:

Էլզան պատմում է, որ ինքը գեղեցկուհի է եղել: «Այնքան սիրուն եմ եղել, որ հայրս 17 տարիս չլրացած ամուսնացրել է ինձ, որպեսզի հանկարծ թուրքերի ձեռքը չընկնեմ»,-հիշում է Էլզան:

Բաքվի զինվորական մասերից մեկում երկար տարիներ հաշվապահ աշխատած տիկին Էլզան երբեք չի պատկերացրել, որ Բաքվում լավ անուն, հարուստ տուն ու տեղ ունեցող Յավրումյան ընտանիքը թշվառության մեջ կհայտնվի: Հաշմանդամ ամուսինը` Յուրի Յավրումյանը, չի լսում եւ չի տեսնում: Երկու անգամ վիրահատած աչքը նորից վիրահատության անհրաժեշտություն ունի: Վիրահատության համար 300 դոլար են ուզել, չունի, որ տա: Թոշակով հազիվ են գոյատեւում:

Երբեմնի վեհանձն տիկնոջը խեղճացրել է նաեւ երկրորդ որդու` Մերուժանի ճակատագիրը: Նա Ադրբեջանում հայտնի շախմատիստ է եղե լ: Հայաստան բռնագաղթելուց հետո որդին մեկնել է Ռուսաստան, եւ գնալուց հետո որեւէ լուր չունեն նրա գտնվելու վայրի մասին: Բռնագաղթի ժամանակ տիկին Էլզան հասցրել է հետը վերցնել որդու շախմատային հարուստ գրականության մի մասը: Մտածել է` Հայաստանում նրան պետք կգա: Բայց, իզուր: «Մի 50 կտոր գիրք կա շախմատի մասին: Հաճույքով կնվիրեմ նրան, ով դրանց կարիքն ունի: Գոնե կիմանամ, որ ես էլ մեկին եմ լավություն արել»,- ասում է Էլզա Յավրումյանը:

Շախմատի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը փոխանցվել է նաեւ Վաղինակին: Ստիպում էր, որ հետը շախմատ խաղայի: «Հաստատ կպարտվես, գիտե՞ս ոնց եմ խաղում... Բայց ավելի լավ ա դու իմ համար աշխատանք ճարի: Խոզ կպահեմ, շինարարության վրա քար ու ցեմենտ կկրեմ: Կօգնե՞ս, կճարե՞ս»,- հարցերի տարափ էր տեղում 17-ամյա պատանին: Իսկ անսպասելիորեն ակտիվացած թոռանը հետեւող տատը բարձրաձայն մտածում էր. «Է՞լ ինչ վաճառեմ, որ տղային բուժեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter