HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ազգային մրցունակության հիմնադրամի բյուջեն 1,3 մլն դոլար է

«Երկիր» օրաթերթը հրապարակեց Ձեր աշխատավարձի չափը' 6,2 մլն դրամ: Այդ հրապարակումով կարծես թե քննարկումներ ծավալվեցին, որոշ մարդկանց մոտ ներքին ընդդիմություն է առաջացրել աշխատավարձի չափը: Դուք պետական պաշտոնյա եք համարվու՞մ:

Մենք պետական կազմակերպություն չենք, եւ ես պետական պաշտոնյա չեմ: Ազգային մրցունակության հիմնադրամը ստեղծվել է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով, հիմնադիրը կառավարությունն է: Հոգաբարձուների խորհրդի 13 անդամներից 6-ը ներկայացնում են Կառավարությունը: Մեր բազային ֆինանսավորումը գոյանում է 50/50 սկզբունքով, այսինքն' խորհրդի մասնավոր սեկտոր ներկայացնող անդամները մեր հիմնական, բազային, աշխատավարձների կեսն են վճարում, կառավարությունը' մյուս 50 տոկոսը:

Այսինքն' բյուջեի փողերն են: Հետեւաբար, պետք է նաեւ հաշվետու լինեք հարկատուներին:

Այո, կեսը բյուջեի փողերն են, կեսը մասնավոր է: Այո, իմ աշխատավարձն էլ կեսը պետությունն է վճարում, կեսը' մասնավորը: Սկզբունքային այդպես է դրված հարցը, եւ հետեւաբար, այո, հաշվետվության խնդիր կա: Եվ մենք անկախ աուդիտորական հետազոտությունները տեղադրում ենք մեր կայքում:

Իսկ ո՞վ է որոշում աշխատավարձի չափը:

Մեր խորհուրդն է որոշում, պետբյուջեից ինչքան է տրամադրվում ընդհանուր, դա բանակցությունների առարկա է, պետությունը դնում է այնքան, որքան մասնավորն է ներդնում: Թե այդ գումարի որ մասն է օգտագործվում աշխատավարձի, որը' խորհրդատվական ծառայություննրի համար, արդեն մեր խորհուրդն է հաստատում:

ԱԺ-ում բյուջեի հաստատման ժամանակ ձեր մասով ի՞նչ է հաստատվում:

Բյուջեի հաստատման ժամանակ այդ կեսը ֆինանսների նախարարությունը ներկայացնում է միջնաժամկետ ծրագրի մեջ: Որպես ծրագիր միջնաժամկետ բյուջեի հետ հաստատվում է:

Ձեր աշխատավարձի մասին լուրի հրապարակումից հետո ես ձեր կայքում փնտրեցի, բայց չգտա հիմնադրամի աշխատակազմը, քանի՞ մարդ է աշխատում հիմնադրամում: Նրանք պետական ծառայողներ չեն, իսկ ինչպե՞ս եք ընտրում այդ մարդկանց:

Այսօրվա դրությամբ 34 հաստիք ունենք, 2 տարվա ընթացքում 0-ից 34-ի հասանք, շատ արագ ենք մեծացել: Հաստիքները հաստատվում են խորհրդի կողմից, ըստ ծրագրերի' ինչ հաստիքների կարիք կա, հաստատվում է տարվա սկզբին: Հետո մրցույթ ենք հայտարարում:

Դա բա՞ց մրցույթ է, որովհետեւ ես նայեցի, կարծես, միայն մեկ անգամ էր մրցույթ հայտարարվել:

Բաց մրցույթ է հայտարարվում, մի քանի տասնյակ անգամ հայտարարել ենք ամեն անգամ մի քանի աշխատողների համար: Մեր կայքում'www.cf.am-ում և մի քանի մեծ հաճախելիություն ունեցող մասնագիտական (մարդկային ռեսուրսների հավաքագրման) կայքերում տեղադրվում են մրցույթների հայտարարությունները: Շատ մեծ թվով հայտեր ենք ստանում ամեն անգամ:

Իսկ պաշտոնյանների երեխաներ չե՞ն դրանք, ինչպես մնացած տեղերում:

Չէ, չէ, մենք որոշակի ճկունություն ունենք քաղծառայողների օրենքին չենք ենթարկվելով, որը սահմանափակումներ է դնում, եւ այդպես էլ պետք է լիներ: Մասամբ մենք ստեղծված ենք նրա համար, որ ճկունություն ունենանք ոչ միայն նման բաներից խուսափելու, այլ նաև քաղծառայողների օրենքին ուղղակիորեն չենթարկվելու համար: Մենք ավելի նման ենք մրցունակ մասնավոր սեկտորի կազմակերպության, ճկուն ենք: Մասնավոր սեկտորի կազմակերպություններն ավելի ճկուն են աշխատում այդ բնագավառում: Եթե կարիք ունեն բարձր աշխատավարձ վճարելու, վճարում են, եթե կարիք ունեն ազատելու աշխատանքից, շատ արագ ազատում են:

Որքա՞ն է կազմում բյուջեից հատկացրած գումարը եւ որքա՞ն է միջին աշխատավարձը:

Բյուջեից հատկացումը մոտ 240 մլն դրամ է, այսինքն' մոտ 650 հազար դոլար, այդպես էր 2010թ, նույն թիվը կլինի նաեւ 2011-ին: Դա ծածկում է աշխատավարձը, խորհրդատվություն եւ այլ ծախսեր: Միջին աշխատավարձը Մրցունակության հիմնադրամում մոտ 290.000 դրամ է:

Իսկ ի՞նչ է տալիս ձեր հիմնադրամը պետությանը այդքան փող ծախսելու դիմաց:

Այդ հարցին կարելի է պատասխանել' անպայմանորեն կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ արդյունքների մասին խոսելով: Ես սկսեմ կարճաժամկետից: Այսօրվա դրությամբ, նույնիսկ եթե երկարաժամկետ արդյունքներ խոստանում ենք, մեր պետությունը հարուստ պետություն չի, որ իրեն այդպիսի ռիսկեր թույլ տա, տարիներով փող ծախսել եւ հուսալ: Դրա համար մեզ վրա լրացուցիչ խնդիր է դրված' անմիջական արդյունքներ ցույց տալ, որպեսզի նվազագույն բեռ դառնանք պետության վրա: Դա նշանակում է' բավական մեծ վերադարձելիության խնդիր է դրված մեզ վրա: Անցյալ տարի մեր գործունեության արդյունքում 8 մլն դոլարից ավել ֆոնդեր մոբիլիզացվեցին, դա 650 հազարի դիմաց, մասնավորապես' զբոսաշրջության բնագավառում' Տաթեւը 1-2 մլն դոլարի, իսկ 6-7 մլն դոլար' միջուկային բժշկության մեր ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրով արտերկրից ստացանք ֆինանսավորում, ընդ որում' 1,7 մլն եվրո դրմաշնրոհ Բելգիայի կառավարությունից: Այսինքն' մենք մեր նպատակին հասանք: 8 մլն դոլարի մուտք ենք ստեղծել ոչ պետբյուջեին, բայց Հայաստանին: Այնուհանդերձ, 2009-ին այդպիսի եկամուտներ չեն եղել: Արդեն ստեղծել են միջնաժամկետ ներդրումային ծրագրերի շատ մանրամասն մշակված մի փաթեթ, որի ընդհանուր ծավալը մի քանի տասնյակ միլիոն դոլար է կազմում, եւ 2011-2012թթ. ներդրողներ են ներգրավվելու:

Մեր միջնաժամակետ ծրագրերի նպատակը ներդրումային հնարավորությունների ստեղծումն է: Օրինակ' Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը, որը երեք բաղադրիչ ունի և որի համար, ինչպես ասացի, պետությունը դրամաշնորհ է ստացել, կլինի պետական կառույց' «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ, որը կարտադրի միջուկային դեղորայք' դրանով իսկ հիմք հանդիսանալով մասնավոր ներդրումներով կառուցվելիք մյուս երկու հատվածների' ախտորոշման կենտրոնի և կլինիկայի կառուցման համար: Այս ծրագիրը ընդհանուր առմամբ 20 մլն դոլարի ներդրում է պահանջում: Ներդրումային փաթեթ ենք ստեղծել, որը հիմա առաջարկում ենք մասնավորին: Ասում ենք' եթե պետությունը ստեղծեց այս հնարավորությունը իզոտոպներ արտադրելու, հետեւաբար կարելի է սկսել մասնավոր ծառայություններ մատուցել' քաղցկեղի բուժման համար:

Տաթեւում մոտավորապես նույն մոտեցումն է, մենք վանական համալիրն ենք վերանորոգում, ճոպանուղին կառուցվեց, բայց հիմա հյուրանոցներ կառուցելու հնարավորություն է ստեղծվել, օրինակ, Հալիձորի կողմում: Ինչպես գիտեք, այնտեղ արդեն ծրագիր կա, դրանից բացի այլ ներդողներ են պետք Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքում, որը ձգվում է Արենիից մինչև Տաթև-Գորիս: Միջնաժամկետ մեր գործունեության արդյունքը մասամբ դա է լինելու, որը ուղղակիորեն մրցունակության բարձրացում չէ, այլ ներդրումների դաշտի ապահովում: Նաեւ միջնաժամկետ ծրագրերի մասով նայենք, պետբյուջեին ինչքան գումար է բերելու մեր աշխատանքը: Միայն տուրիզմի բնագավառը, եթե վերցնենք, որը մարզերը զարգացնող հազվագյուտ ոլորտներից է, 2010թ. նոյեմբերին ավելի մեծ թվով տուրիստ գնաց Տաթեւ, քան ամբողջ 2009թ.-ի ընթացքում: Ընդ որում' միայն 30 տոկոսն էր տեղացի, այսինքն' իսկական, ծախսող տուրիստներ էին: Ըստ պաշտոնական վիճակագրության' այսօր մեր պետություն 600.000 տուրիստ է գալիս: Այդ թիվը շատ մարդկանց է ներառում, որոնք իսկապես տուրիստներ չեն: Ենթադրենք հրապարակվող թվի կեսը' 300.000 տուրիստ. տուրիստները ծախսում են միջին հաշվարկով 1000 դոլար, այդքան գումար թողնում են Հայաստանում: Եթե մենք նույնիսկ 10-15 տոկոսվ ավելացնենք տուրիստների քանակը մեր գործունեության արդյունքում, դա տարեկան ուղղակիորեն պետբյուջեին կտա 10 մլն դոլարից ավելին: Այսինքն' եթե նույնիսկ մեր միակ ազդեցությունը լիներ տուրիզմը 10-15 տոկոսով ավելացնելը, դա տարեկան մնայուն խոշոր եկամուտներ է ստեղծում:

Երկարաժամկետ մեր նպատակը մրցունակության բարձրացումն է, այսինքն' մենք կարծում ենք, որ զբոսաշրջության հարավային միջանցքի ծրագրի, միջուկային բժշկության, ինչպես նաև այս տարի մեկնարկելիք բարձրագույն կրթության ծրագրերի արդյունքում մեր առողջապահության, տուրիզմի, կրթության բնագավառները ավելի մրցունակ կդառնան: Դրա մասին խոսել ենք, դրա մեջ շատ մեծ գաղափարախոսություն կա նաեւ, եւ դա մեր գործունեության ամենակարեւոր արդյունքն է: Եթե մենք հարուստ երկիր լինեինք, մեզ թույլ կտայինք այդ փողը ծախսել' առանց կարճաժամկետ, միջնաժամկետ վերադարձելիությանը սպասելու, միայն երկարաժամկետ թիրախներով կբավարարվեինք: Բայց չի կարելի այդ ռիսկին գնալ, դրա համար մենք կարճաժամկետ, միջնաժամկետ ծրագրեր ենք իրականացնում:

Ձեր ծրագրերն իրականացնելու համար մասնագետներ ունե՞ք:

Ոչ, ցավոք սրտի, դրա մասին պետք է խոսել, աշխատավարձի հարցի հետ անմիջականորեն առնչվում է դա: Այս դեբատը, որ եղավ աշխատավարձների հարցի շուրջ, մի քիչ ինձ մտահոգեց: Ես մտածում եմ, որ արդյո՞ք մենք կարող ենք մեզ թույլ տալ շատ բարձր աշխատավարձներ վճարել եւ հակառակը' արդյո՞ք, եթե պատրաստ չենք դրան, ինչ հետեւանքներ կլինեն:

Մեզ համար այսօր բարձր որակավորում և լուրջ փորձառություն ունեցող տնօրեն է պետք Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի համար: Հայաստանի մարդկային ռեսուրսով դա չենք կարող անել, որովհետեւ չի եղել միջուկային բժշկության ճյուղ, այսօր էլ չի դասավանդվում, այդ պրակտիկան չկա: Պետք է արտասահմանից հրավիրել, նախընտրելի է հայկական ծագումով մասնագետ, ով արտասահմանում է ապրում եւ այնտեղ 10 տարի և ավել աշխատում է ոլորտում: Մենք գտանք այդպիսի մասնագետ Գերմանիայից, որտեղ նա խոշորագույն կլինիկաներից մեկի միջուկային բժշկության բաժնի տնօրենն է: Բանակցում ենք: Ինքը, ըստ երեւույթին, պատրաստ է իր ներկա վարձատրության բավականին մեծ կրճատումով ընդունել մեր առաջարկը, բայց ոչ 80 տոկոս, այլ ասենք' 30 տոկոսով: Ինքը հայրենասեր է, ուզում է վերադառնալ հայրենիք, այստեղ մի նոր ձեռնարկի տնօրեն լինել: Արդյոք մենք պատրա՞ստ ենք այդ հրապարակված աշխատավարձը գերազանցող աշխատավարձ վճարել, որպեսզի այդպիսի մասնագետ ունենանք: Եթե ոչ, այս ծրագիրը ձախողվելու է: Եթե այդ մասնագիտությունը «չբերես», մոտ տաս տարի է պետք, որ տեղում որակյալ մասնագետներ ձևավորվեն: Եթե բերես, ծրագիրն անմիջական վերադարձելիություն կունենա, որովհետեւ մասնագետն իր հետ բերում է բոլոր գիտելիքները, ծախսերը կրճատվում են, որովհետեւ սխալներ չի անում, ծրագիրը արդյունավետ է ընթանում և այլն: Այդ հարցը ինձ մոտ ծագեց. մեր հանրությունը մեզ պիտի թույլ տա հրավիրել այն մասնագետներին, որոնք այսօր չկան Հայաստանում:

Ես հասկանում եմ ձեզ, բայց աղքատ հասարակության մեջ դժվար է: Ասենք' թերթերից մեկը հրապարակել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը մոտ քառասուն միլիոն աշխատավարձ է ստանում: Մարդիկ ասում են' Հայաստանի ընդերքը միայն նրանը չէ, ինչու՞ է այդպես: Աղքատության մեջ մարդն ըմբոստանում է, ինքն օրվա հացի, ջրի, հոսանքի խնդիր ունի: Դա է պատճառը, կարծում եմ, որ հասարակությունը այդպես է արձագանքում:

Ես հասկանում եմ, դրա համար էլ մտահոգվում եմ: Արդյունքում մենք մեզ պիտի սահմանափակենք եւ գտնենք այդ խնդրից դուրս գալու ուղիներ: Բայց պետք է ասեմ, որ ինչ վերաբերում է մեր աշխատակիցների 90 տոկոսի վարձատրությանը, այն շուկայական աշխատավարձ է, մասնավորապես առաջին օրվանից մի սկզբունք է գործել, որ աշխատավարձերը պետք է լինեն մրցունակ միջազգային կազմակերպությունների վճարած աշխատավարձերի հետ' ՄԱԿ, Համաշխարհային բանկ եւ այլն, դրանց համարժեք սանդղակներ ենք ստեղծել, չնայած այնտեղ կան առավելություններ, որ մենք չունենք եւ հակառակը, օրինակ' այնտեղ աշխատանքային ռեժիմը նվազ ինտենսիվ է, իրենք ունեն թրեյնինգի հնարավորություն, որ մենք չունենք:

Մոտ 650 հազար դոլար պետական բյուջեից ենք ստանում, նույնքան էլ մասնավորի՞ց եք ստանում:

Այո, 650/650, այսինքն 1,3 մլն դոլար:

Համեմատել ե՞ք այն նախարարության բյուջեի հետ:

Ուղղակիորեն չենք համեմատել, բայց մեր բյուջեն համարժեք է նախարարության բյուջեին: Կան նախարարություններ, որոնք ավելի քիչ բյուջե ունեն, քան մենք, բայց որ համեմատում ենք մասնավոր սեկտորի 30 հոգանոց թիմ ունեցող ընկերության հետ, համարժեք է:

Հիմնադրամի ստեղծման օրվանից որքա՞ն ներդրումներ եք բերել Հայաստան:

2009-ին համարյա չկային, նոր էինք սկսում: 2010թ.-ին' մոտ 8 մլն' չհաշված ճոպանուղին: Ես դրա ներդրումը մեզ վերագրելը ճիշտ չեմ համարում, քանի որ դա արվելու էր, ուրիշ բան, որ մենք արագացրինք որոշ գործընթացներ, աջակցեցինք կազմակերպչական հարցերում: Չեմ հաշվում 1,5 միլիոն դոլար խոստումների կարգով, որ ունենք 2011թ-ի համար, որն ուղղվելու է վանքի վերանորոգմանը, երթուղիների մշակմանը, խոհանոցային զբոսաշրջության արդյունք ստեղծելուն, բայց հիմնական ծախսերը վանքի վերանորոգման համար են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter