HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ Սահմանադրության փոփոխությունը հապճեպ է արվում

Լիլիթ Թադևոսյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեցին ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, թե այս օրենքում փոփոխությունների որ առաջարկներն են ընդունվել և որոնք՝ ոչ:

Նա տեղեկացրեց, որ ընդունվել է պատգամավորների այն առաջարկը, որով սահմանվում է, որ ընտրացուցակներում լրացուցիչ նշումների սյունյակում նշվի, թե որ քաղաքացիներն են ընտրության մասնակցել նույնականացման քարտերով:

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկին՝ մատները թանաքոտելուն, ապա Սահակյանն ասաց, որ այդ առաջարկը մերժվել է այն հիմնավորմամբ, որ դա հետադիմական և հետամնաց երկրներին հատուկ միջոց է: Որպես օրինակ նշվեց Աֆղանստանը, որտեղ բնակչության անգրագիտության մակարդակը շատ բարձր է՝ 70 տոկոս:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն արձագանքեց՝ ասելով, որ Սահակյանն իր խոսքում նշեց, թե մատների թանաքոտումը լուրջ գործընթաց է ենթադրում, գնումների խնդիր կա և այլն: «Նույնականացման քարտերի մեջ էլ նշումներ անելու համար չունեք սարքեր և ստացվում է, որ քվեարկության մի մեխանիզմից անցում է կատարվում մեկ այլ մեխանիզմի, որը դեռ պատրաստ չէ, և այս անպատրաստ վիճակում մենք անցկացնում ենք Սահմանադրական հանրաքվե»,- ասաց Զուրաբյանը:

«Ի՞նչն էր խանգարում իշխող կուսակցությանը, նրա նախագահին հետաձգել հանրաքվեն մինչև ընտրական մեխանիզմները պատրաստ լինեին, նոր հանրաքվեի դրվեր Սահմանադրության փոփոխությունը: Մի փաստարկ էլ բերեցիք մատների թաանքոտման դեմ՝ ասելով, թե սա հետադիմական և հետամնաց երկրների պրակտիկան է: Իսկ դուք համեմատե՞լ եք ՀՀ ՀՆԱ-ի ցուցանիշները կամ ազատության ինդեքսի ցուցանիշները աֆրիկյան երկրների հետ: Եթե դուք այդ համեմատությունն անեք, կտեսնեք, որ աֆրիկյան բազմաթիվ երկրներ այդ հետամնաց մայրցամաքում, այդ ցուցանիշներով վաղուց ՀՀ-ին անցել են: Առնվազն Աֆրիկայում կան երկրներ, որտեղ իշխանությունը փոխվում է ընտրութունների միջոցով,  մինչդեռ Հայաստանում հնարավոր չէ, և սրանով հանդերձ՝ համարում եք, որ առաջադիմակա՞ն ենք»,- հարցրեց Լևոն Զուրաբյանը:

Պատասխանելով հարցին՝ Հովհաննես Սահակյանն ասաց, որ ժողովրդավարության մակարդակով և այլ չափանիշներով ՀՀ-ն բավականին առաջընթաց է ապահովել եւ մեր երկրում ընտրությունները կազմակերպվում են բավականին գրագետ:

Իսկ թե ինչու չի հետաձգվել հանրաքվեի օրը, Սահակյանի խոսքով՝ դա իր իրավասության տիրույթում չէ:

Այնուհետև հարակից զեկույցով հանդես եկող ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանին Լևոն Զուրաբյանը դարձյալ տվեց հանրաքվեն հետաձգելու մասին հարցը, սակայն վերջինս նույնպես ըստ էության հարցին չպատասխանեց: Դրանից հետո Զուրաբյանն ասաց, որ ընդամենը ուզում է արձանագրել, որ ՀՀԿ-ականները պարզ հարցադրումներից խուսափում են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter