Արամ Մանուկյանը մարզերում չի գտել մեկին, ով կարդացած լինի սահմանադրական փոփոխությունները
Լիլիթ Թադևոսյան
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ կասկածում է, որ ԱԺ բոլոր 131 պատգամավորները կարդացել են սահմանադրական փոփոխությունները
Սահմանադրական հանրաքվեի անցկացմամբ կոպտորեն ոտնահարվում է միջազգային կառույցների առաջարկը՝ վարչական լծակների կիրառման առումով:
Այս մասին այսօր «Ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Դա վերաբերում է քարոզչության գործընթացներում մարզպետների, որպես շտաբի պետ՝ վարչապետի ներգրավմանը: Սա հակասում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին, որոնցով մերժվում է այն, որ ընտրություններից մեկ ամիս առաջ խաղի կանոնների փոփոխությունն անընդունելի է: Այն պետք է անել նվազագույնը վեց ամիս կամ մեկ տարի առաջ: Ինչո՞ւ չեք ուզում մի փոքր վստահություն ավելացնել ձեր օգտին, հիմա ձեզ հնարավորություն է տրված, և դուք ոչինչ չեք ուզում անել այդ ուղղությամբ: Դուք բլեֆ եք անում, դուք ավելի խառնաշփոթ վիճակ եք ստեղծել, որ չգիտեք՝ դրա տակից ոնց եք դուրս գալու»,- ասաց Արամ Մանուկյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը շատ է շրջել մարզերով ու չի գտել մի մարդու, որ կողմ լինի կամ կարդացած լինի սահմանադրական այս փոփոխությունները: Նա նշեց, որ իշխանություններն այս գործելաոճով նպաստում են «ոչ»-ին և կոնսենսուսը բացառապես «ոչ»-ի շուրջ է»:
Արձագանքելով Արամ Մանուկյանին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Փաստորեն, գտնում եք, որ մենք նպաստում ենք երկրում ընդդիմության կայացմանը»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, անդրադառնալով Արամ Մանուկյանի ելույթին, ասաց, որ դժվար է ասել, թե այստեղ գտնվող 131 պատգամավորից քանիսն են կարդացել սահմանադրական փոփոխությունները, իր ենթադրությունները չի ուզում հրապարակել, քանի որ դրանք հոռետեսական կլինեն:
Զոհրաբյանը նաև ասաց, որ ինքը քվեարկողների մատների թանաքոտման մեծ ջատագով չի, բայց դա մի տաբերակ էր՝ փոքր-ինչ ավելացնելու վերահսկողությունը:
Պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ն դեռ կքննարկի առաջարկված այն տարբերակը, որ ընտրացուցակներում ավելացվի նույնականացման քարտերով քվեարկողների սյունյակը, այնուհետև կհրապարակեն իրենց որոշումը.
«Մենք ունենք այնքան վստահելի, անկաշառ, պրոֆեսիոնալ, լիցենզավորում անցած մարդիկ, որոնք կարող են անել հնարավորը՝ ընտրութուններին անօրինականությունները կանխելու համար: Դա ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել