HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչ ենթատեքստ ուներ Սերգեյ Լավրովի այցը Հայաստան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի իրական նպատակները մնացին անհայտ: Նխագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունները շաբլոնային ձևակերպումներից բացի ուրիշ ոչինչ չեն պարունակում, կարծես հայ-ռուսական օրակարգ, հետևաբար նաև քննարկելու բան, ընդհանրապես գոյություն չունի: Լավրովը բավարարվել է հայտարարելով, թե Մոսկվան հավատարիմ է մնում նախագահների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը, Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը բավարարվել են ԼՂ հարցում ակտիվ միջնորդական առաքելություն իրականացնելու համար ՌԴ-ին շնորհակալություն հայտնելով:

Նման իրավիճակ սովորաբար առաջանում, է երկու դեպքում. կամ երբ այցը զուտ արարողակարգային նշանակություն ունի`ընդամենը երկկողմ հարաբերությունների մակարդակն ընդգծելու համար, կամ էլ`երբ իրական քննարկումները, գործընթացները տեղի են ունենում կուլիսներում, և կողմերը հավասարապես չեն ցանկանում բարձրաձայնել ոչ դրանց ընթացքի ոչ էլ առավելևս արդյունքների մասին:

Այցը միանշանակ արարողակարգային չէր: Առաջին հերթին դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ վերջին շրջանում բարձր մակարդակով հայ-ռուսական փոխայցելությունները նկատելիորեն շատացել են: Նախորդ շաբաթ Հայաստանում էր գտնվում ՌԴ պառլամենտի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Այցի առիթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի մասնակցելն էր, սակայն Մատվիենկոն հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Դրան, փաստորեն, հաջորդեց ՌԴ արտգործնախարարի այցը, որի շրջանակներում հանդիպումներ եղան թե Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և թե նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ուշագրավ է, որ հենց Երևանում Լավրովը Նալբանդյանին հրավիրեց Մոսկվա և կասկած լինել չի կարող, որ այդ այցը տեղի է ունենալու մոտ ապագայում: Ինչպես արդեն տեղեկացվել է` դեկտեմբերի երկրորդ կեսին Հայաստան կայցելի նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նման մակարդակի այցերի խտությունը ինքնանպատակ կամ զուտ պատահական համընկնման արդյունք լինել չի կարող: Հայաստանի և Ռուսաստանի միջև ակնհայտորեն ինչ-որ զարգացումներ են տեղի ունենում, որոնք առայժմ հրապարակման ենթկա չեն: Հարցն այն է` ինչ գործընթացի մասին է խոսքը և ինչու էր իրականում Լավրովը եկել Հայաստան:

Երևանում Նալբանդյանի հետ համատեղ լրագրողներին տված ճեպազրույցում Սերգեյ Լավրովն ուշագրավ հայտարարություն է արել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի կողմից ղարաբաղյան հիմնահարցին վեաբերող հայտնի միակողմանի և բնույթով հակահայկական զեկույցի ընդունման կապակցությամբ: Նա ասել է, թե Մինսկի խմբի համանախագահները հանդես են գալիս հակամարտությունը հետևողական, համբերատար երկխոսության միջոցով կարգավորելու դիրքերից և ցանկացած ծայրահեղ գործողություն, անկախ իրագործողից, վնասում է Մինսկի խմբին: Ավելին. Լավրովը հստակ հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման ուղությամբ գործունեություն ծավալելու մանդատ ունի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խումբը` ի դեմս ՄԽ եռանախագահության և որևէ այլ կազմակերպության չի հանձնարարվել զբաղվել այդ հարցով: Այլ կերպ ասած` Լավրովը տարատեսակ բանաձևերով, զեկույցներով հակամարտության կարգավորմանը միջամտելու, ուղղորդելու ԵԽԽՎ-ի փորձերը համարել է անհիմն և ապօրինի:

Չնայած ՄԽ համանախագահող երկրի պարագայում նման դրիքրորոշումը միանգամայն բնական պետք է համարվեր, սակայն Ռուսաստանի պարագայում այս ուղերձներն իսկապես տարօրինակ էին: 2011թ. Կազանում Ադրբեջանի կողմից կարգավորման հիմնարար սկզբունքներն ամփոփող փաստաթղթի ստորագրումը  տապալելուց հետո Մոսկվան երբեք Բաքվին չէր քննադատել ոչ միայն ԼՂ հիմնահարցը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից միջազգային այլ կառույցներ տեղափոխելու փորձերի, այլև հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լարվածության հետևողական և կտրուկ մեծացման համար: Եվ դա այն դեպքում, երբ թե երկկողմ համաձայնագրերի և թե ՀԱՊԿ-ի շրջանակներում «հանդիսանում» է Հայաստանի անվտանգության ուղղակի կամ անուղղակի երաշխավորը: Ավելին. Մոսկվան ինքն էր ամեն ինչ անում ՄԽ ձևաչափն իմաստազրկելու համար` փորձելով «սեփականաշնորհել» բանակցությունների կազմակերպման գործընթացը և դրանից օտարել թե ԱՄՆ-ին և թե Ֆանսիային:

Այս ֆոնին Երևանում Լավրովի արած հայտարարությունները թույլ են տալիս ենթադրելու, որ ԼՂ հարցում Մոսկվան կարող է ինչ-որ նոր գործընթաց սկսած լինել, որը հիմնված է առժամանակ հակամարտության գոտում առկա ստատուս քվոն պահպանելու մարտավարության վրա: Բանն այն է, որ ՄԽ-ի ձևաչափի պահպանման և ԼՂ հարցը բացառապես այդ ֆորմատի շրջանակներում լուծելու հստակ պահանջ ձևակերպելով`Ռուսաստանը փաստացի սահմանափակում է նաև հակամարտության գոտում իր իսկ կողմից հնարավոր միակողմանի գործընթացների սանձազերծման հնարավորությունը, ինչպես, օրինակ, Ադրբեջանին պատերազմի իմիտացիա ստեղծելուն հրահրելու միջոցով շփման գծում ռուսական կամ ՀԱՊԿ զորքեր տեղակայելու առիթ ստանալու,հայկական կողմին, հանուն երկարաժամկետ խաղաղության, Ադրբեջանին տարածքներ հանձնելուն պարտադրելը:

Սա չի նշանակում, թե Ռուսաստանը վերջնականապես հրաժարվում է այդ պլաններից: Որոշ իրողություններ թույլ են տալիս ենթադրելու, որ սա ավելի շատ նման է «թայմ-աութ»-ի, ինչի համար Մոսկվան ունի առնվազն երկու պատճառ: Առաջինը Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելն է, հատկապես եթե նկատի ունենանք, որ Բաքվից ավելի ու ավելի որոշակի են խոսում դրա իրատեսականության մասին, պայմանով, որ Ռուսաստանը բավարարի ԼՂ ստատուս քվոն առարկայորեն Ադրբեջանի օգտին շրջելու իրենց պահանջը:

Թվում է, թե դրա համար Ռուսաստանն ավելի շատ պետք է արագացներ հայկական կողմին տարածքներ զիջելուն հարկադրելը: Խնդիրն այն է, սակայն, որ Մոսկվան երաշխքի չունի, թե որոշ տարածքներ ստանալուց հետո Բաքուն կկատարի ԵՏՄ մտնելու խոստումը, մինչդեռ  Մոսկվան չունի Բաքվի վրա ոչ տնտեսական ու ոչ էլ քաղաքական այնպիս լծակներ բանեցնելու պոտենցիալ, ինչպիսիք ունի Հայաստանի դեպքում: Քանի դեռ Ռուսաստանն Ադրբեջանից չի ստացել ԵՏՄ մտնելու խոստումը կատարելու բավարար և առարկայական երաշխիքներ, դժվար է հավատալ, որ որևէ քայլ կկատարի ստատուս քվոն փոխելու ուղղությամբ, քանի որ դա մի կողմից կնշանակի կորցնել Բաքվի նկատմամբ ազդեցության, իսկ Հայաստանի հանրության  վստահության վերջին նշույլները և կկորցնի առհասարակ ողջ տարածաշրջանը` հերթական անգամ հայտնվելով տիպիկ թուրքական ծուղակի մեջ: Այսինքն ամենևին չի բացառվում, որ հանդես գալով ՄԽ ձևաչափը պահպանելու դիրքերից` Ռուսաստանը հասկանալի է դարձնում, որ առանց Ադրբեջանից ԵՏՄ մտնելուն ուղղված կոնկրետ քայլերի, Ռուսաստանը ոչինչ չի ձեռնարկի: Սա նաև Մոսկվային ժամանակ է տալիս այս թեման հայկական կողմի հետ «եփելու» համար, ուստի բացառված չէ, որ Լավրովը Երևան էր եկել  նաև դրա հետ կապված հայաստանյան իշխանությունների տրամադրությունները շոշափելու:

Երկրորդ  պատճառը կարող է լինել սիրիական ճգնաժամը: Սինայի թերակղզում ռուսական A-321 ինքնաթիռի կործանումից հետո Մոսկվայում ակնհայտորեն խուճապային տրամադրություններ են տիրում, ինչի վկայությունն է դեպի Եգիպտոս թռիչքներն անորոշ ժամանակով դադարեցնելու որոշման կայացումը և եգիպտական հանգստավայրերից ՌԴ քաղաքացիներին արագ տարհանելու գործընթաց սկսելը: Սա նշանակում է, որ Ռուսաստանը բավականաչափ լուրջ է ընդունում այն վարկածը, թե ինքնաթիռը կործանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած պայթյունի հետևանքով: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանն արդեն հասկանում է սիրիական թնջուկում տևական ժամանակ խրված մնալու և դրա հետևանքով լրջագույն կորուստներ կրելու հեռանկարը, ինչն ստիպում է արագ միջոցներ ձեռնարկել` հերթական «աֆղանական» ցեխում չհայտնվելու համար: Մի հեհռանկար, որ հատկապես ներկայիս տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի համար կարող է վերածվել իսկական մղձավանջի:

Դրա համար Մոսվային անհրաժեշտ է հնարավորինս շուտ, բայց առանց դիրքային ու քաղաքական կորուստների, դուրս գալ Սիրիայից: Թերևս հենց դրանով է պայմանավորված Մոսկվայի կողմից Սիրիայում ռազմաօդային ինտենսիվ գործողությունների փոխարեն վերջին շաբաթներին դիվանագիտական քայլերին առաջնահերթություն տալու իրողւթյունը: Ռուսաստանը նախ կապեր հաստատեց սիրաիական ընդիմադիր ուժերի հետ, ապա պարտադրեց սիրիական իշխանություններին համաձայնել ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ բանակցություններ սկսել այդ ընդդիմության հետ: Ըստ ամենայնի` սա հիմա այնքան կարևոր է Ռուսաստասնի համար, որ երկրորդ պլան է մղել նույնիսկ ուկրաինական խնդիրը, որտեղ Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ իշխանությունները համաձայնեցին որոշակի զիջումների գնալ Ուկրաինայում տեղական ընտրությունների կազմակերպման շրջանակներում: Տրամաբանական է, որ եթե հանուն սիրիական թնջուկի հանգուցալուծման և այնտեղից առանց դիրքային կորուստների դուրս գալու, Ռուսաստանը մարտավարական զիջումների գնով կայունության է գնում իր կենսական շահերի գոտին հանդիսացող Ուկրաինայում, ապա նույնը կարող է ու պետք է աներ նաև հարավկովկասյան ուղղությամբ իր ծրագրերի պարագայում:

Այս իմաստով, չի բացառվում, որ ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման գործոնը շեշտադրելով` Ռուսաստանը փորձում է ավելի կառուցողական երևալ` իրականում ողջ պոտենցիալը սիրիական հարցը լուծելու վրա կենտրոնացնելու ժամանակ ստանալու և դրան խանգարող գործոնները ժամանակավորապես չեզոքացնելու նպատակով: Ի դեպ խորհրդանշական է, դա ուղեկցվում է Բաքվի կողմից սամանագծին հարաբերական անդորրի պահպանմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter