HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծում փոփոխություններն առաջացրին պատգամավորների դժգոհությունը

Լիլիթ Թադևոսյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որին շատ բուռն կերպով արձագանքեցին պատգամավորները:

Հարց ուղղելով Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Արսեն Մկրտչյանին՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե հնարավոր չէ՞ այս ընթացքում գոնե մի փոքր զերծ մնալ սրանից և հարցը հանել կամ հետաձգել: «Սխալ է հիմա դատախազների ու մյուսների աշխատավարձերի բարձրացումը, նրանք ամենացածր խավի ներկայացուցիչները չեն: Սա ի՞նչ է՝ ճակատագրի իրոնիա՞ է»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Արսեն Մկրտչյանն ասաց, որ բարձրացումները պետական բյուջեի պլանավորման շրջանակներում են, և սա շեշտակի բարձրացում չէ:

Այնուհետև փոխնախարարին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը. «Ինչքան շատ ենք բարձրացնում դատավորների ու դատախազների աշխատավարձերը, այնքան շատ են մեր հայրենակիցները բողոքում այդ ոլորտից, և այնտեղ կոռուպցիոն ռիսկերը չեն նվազում:

«Չի՞ բավարարում իրենց աշխատավարձը, մնացած հարակից շքեղությունները, որ նման քայլի ենք դիմում, իսկապես դրա անհրաժեշտութունը չկա: Սոցիալական այս պայմաններում հատկապես իրավապահ աշխատողների՝ դատավորների, դատախազների աշխատավարձերըը մեկ դրամով բարձրացնելը հերթական սոցիալական դժգոհությունն է բարձրացնելու: Եվ դուք ինքներդ հրահրելու եք հանրային հերթական դժգոհությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Արսեն Մկրտչյանն էլ պատասխանեց, որ կոռուպցիան կանխելու գործակիցներից մեկը աշխատավարձերի բարձրացումն է, և այդ ուղղությամբ իրենք աշխատանքներ անում են: Նրա խոսքով՝ կառավարությունն այդ փոխոխությունների անհրաժեշտութունը տեսնում է:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան էլ, իմանալով, որ այդ գումարը կազմում է տարեկան 311 միլիոն դրամ, ասաց, որ դա հսկայական ծախս է, ուստի անընդունելի բան են բերել:

Այնուհետև փոխնախարարին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 2013 թվականի դեկտեմբերին նմանատիպ օրենք ընդունեցին, և հիմա արդեն 3-րդ օրենքն են ընդունում: Նա հիշեցրեց, որ դարձյալ 2013 թվականի դեկտեմբերին օրենք ընդունեցին և իջեցրին դատախազների ու դատավորների աշխատավարձերը:

Ջհանգիրյանին հետաքրքրում էր նաև, թե ինչու են անտեսում օպերատիվ հետախուզական մարմինների աշխատակիցներին:

Նա նշեց, որ այս օրենքով դատախազները գրասենյակային պաշտոնյաներ են դառնում, քանի որ նրանք ո՛չ դիակ են տեսնելու, ո՛չ հրազենային վնասվածք, ո՛չ արյուն:

«Եթե դրանց աշխատավարձը հարաբերակցության մեջ ենք դնում քննիչի, ավագ քննիչի, պետի, ծառայության պետի աշխատավարձի հետ, բա օպերատիվ հետախուզական աշխատողնե՞րը, որոնք ո՛չ քուն ունեն, ո՛չ շաբաթ, ո՛չ կիրակի, նրանց աշխատավարձերին չեք անդրադառնու՞մ»,- հարցրեց Գագիկ Ջհանգիրյանը:

Փոխնախարարն էլ արձագանքելով՝ ասաց, որ իսկապես 2013 թվականի փոփոխությունների արդյունքում որոշակիորեն իջեցվեցին աշխատավարձերը, այս փոփոխությամբ դա չի էլ վերականգնվում:

Ինչ վերաբերում է օպերատիվ հետախուզական մարմինների աշխատավարձերին, ապա փոխնախարարի խոսքերով՝ այս փուլում այդպիսի խնդիր առաջ չի քաշվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter