HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուլայի վթարից տուժած ևս մեկ հիվանդ բարեհաջող վիրահատվել է

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հետևանքով գլխի և դաստակի բաց վերքեր ունեցող տուժածներից մեկը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում  այսօր վիրահատվել է: Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանի կողմից արված բարդ վիրահատությունը բարեհաջող է անցել: Հիվանդին այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ըստ Արտավազդ Սահակյանի` երկու ամիս անց  նախատեսվում է, որ վթարից տուժած երիտասարդը կենթարկվի ևս մեկ` ջղերի պլաստիկ վիրահատության: Մասնագետի վստահեցմամբ` մեկ տարի անց հիվանդը կկարողանա լիովին ապաքինվել:

Պատասխանելով լրագրողների հարցին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ երեկ  այցելել է ավտոբուսի վթարից տուժած Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բժշկական օգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին: Ռուս մասնագետների հետ հիվանդի բուժման ռազմավարության քննարկման արդյունքում որոշվել է կատարել բարձր տեխնոլոգիական միջամտություն պահանջող երկու վիրահատություն: Այս և ՌԴ-ում գտնվող մյուս հիվանդների բուժման մանրամասները քննարկվել են նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ:

«Մոսկվայում բուժվող հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության:  Այսօր  առավոտյան կատարվել է վիրահատություն, որը հաջողությամբ է ավարտվել:  Սպասվում է ևս մեկ վիրահատություն:  Ողնաշարի պարանոցային հատվածում պետք է նոր ֆիքսացիա իրականացվի: Մյուս հիվանդներն անցնում են իրենց բուժման փուլը: Կա ևս մեկ հիվանդ, ում առողջական վիճակը ծանր էր վթարի առաջին օրերից, սակայն նրա մոտ էլ առկա է դրական դինամիկա, վիճակի  կայունացում»,- նշեց Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ  մասնագետների ջանքերով հիվանդները կանցնեն ոչ միայն ապաքինման, այլև ամբողջական վերականգնողական բուժման փուլ:

Այս պահի դրությամբ` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժումը դեռ շարունակում է վթարից տուժած 2 հիվանդ:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այօրվա տվյալներով` բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հինգ տուժած: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու հիվանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Բուժօգնությունն իրականացվում է ողջ ծավալով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter