Սողոմոնի ուզածը Եռաբլուրը չէր, այլ վաննայի մեջ լցրած տաք ջուրը…
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Հիմա «Նուբարաշեն» բանտի 5-րդ հարկում գտնվող սենյակում եմ, որտեղ օրական երեք ժամ դասերս եմ պարապում ու այս նամակներն եմ գրում Ձեզ: Ընկերոջս` Սողոմոնի թաղումն է այսօր…
Խունկ եմ հետս վերցրել, ծխում եմ… հանգստություն Քո հոգուն` Ազատության զինվոր:
Չեմ կարողանում շարունակել նամակս, մոտենում եմ պատուհանին, որն իմ խցի պատուհանից անհամեմատ մեծ է. այստեղ ճաղերը լայն են ու միաշերտ (խցում քառաշերտ են): Ու պարզ տեսնում եմ բանտի դիմացի բլրակը: Հուշերս տանում են ինձ 6 տարի առաջ, երբ այդ բլրակի վրայով Սողոմոնի հետ շնչակտուր վազում էինք դեպի Ազատություն:
Մեր առաջնային նպատակն էր` հայտնվել Ազատության մեջ: Բայց չէր կարելի անտեսել այն հանգամանքը, որ մեզ կարող էր նկատել ավտոմատավորն ու կրակ բացել: Պայմանավորվել էինք` եթե մեռնել, ուրեմն` միայն Ազատության մեջ: Դա էր պատճառը, որ մշակել էինք պլան` ինչպես արագ հասնել մինչև արգելապատնեշ ու անցնել ֆիզիկական անազատության սահմանը:
- Մհեր, դրանից հետո եթե կրակեն, ազատության մեջ կմեռնենք,- ասում էր Սողոմոնը:
Տարիների հետ փախուստների վաղեմության ժամկետներն անցել են, ու կարող եմ հանգիստ Ձեզ պատմել մի դրվագ:
Ես տանիքի վրայով անցա բարձր լարման տակ գտնվող փշալարերի միջով, արդեն շարժվում էի դեպի արգելագոտուց դուրս: Տեսնեմ` Սողոմոնը վստահ քայլերով, առանց թաքնվելու անցնում է տանիքի վրայով` դեպի փշալարերը: Հանկարծ արգելագոտում հսկողություն իրականացնող ու ավտոմատը ուսին բանտի աշխատակիցը նկատեց Սողոմոնին: Նա հանգիստ ձեռքը բարձրացրեց ու բարևեց զինված հսկիչին: Հսկիչն էլ նրան բարևեց` առանց կասկածելու, որ Սողոմոնը դատապարտյալ է:
Գիտե՞ք` որն էր գաղտնիքը. հետախույզ Սողոմոնը կանխատեսել էր իրադարձությունների նման զարգացումը, և մենք համապատասխան զինվորական համազգեստով էինք:
Դեպի Ազատություն ճանապարհին ես ընտրել էի Սողոմոնին, նա էլ` ինձ, այն պարզ պատճառով, որ հանցագործներ չենք ու չենք կարող համակերպվել անարդարության հետ: Մենք հեռացել ենք լուռ, աննկատ. ո՛չ բանտում, ո՛չ ազատության մեջ որևէ մեկը չի տուժել: Մեր պայմանը Սողոմոնի հետ հենց դա էր: Պարզապես մենք այլ ելք չենք ունեցել լսելի դառնալու:
Սողոմոնը ամենադաժան, անմարդկային պայմաններում անգամ, անցնելով մահապատժի տարիների դժոխքի միջով, չէր չարացել: 20 տարի գտնվելով բանտում` նա շարունակում էր պահպանել պետական մտածելակերպ, նվիրված մնալ հայրենիքին` որպես զինվոր:
Անգամ հիվանդ ժամանակ հարցազրույցում ասում էր` ինձ կապեք ծառից, որ չընկնեմ, ձեռքս զենք տվեք, կկռվեմ թշնամու դեմ: Վերջին հարցազրույցում, վերջին շնչի մեջ հիշում էր բանտում հայտնված անմեղների մասին: Հորդորում, որ նորից նայեն ջահելների, հատկապես` զինվորական գործերը: Իսկ ինձ մեր վերջին զրույցի ժամանակ պատգամեց շարունակել պայքարել անարդարության դեմ մտքով ու գրչով. «Ինչքան շատ ես պայքարում արդարության համար, էնքան ուժեղանում ես»,-ասաց Սողոմոնը:
Իսկ այսօր նրա մարմինը հանձնում են հողին… Եռաբլուրում: Զավեշտ է. բանտից` Եռաբլուր:
Հիշում եք` մի նամակ էի գրել «Տերովին տերն է տարել, անտերին` գայլը» հայկական ասացվածքի մասին, գրել էի, որ չգտա մի որևէ այլ լեզու, որտեղ լինի դրա համարժեքը: Չկա, քանի որ այդ երևույթը միայն մեզ է բնորոշ:
Հիմա նույնը ուզում եմ գրել «Գնա մեռի, արի սիրեմ» ասացվածքի մասին: Լեզվաբանները թող հուշեն` արդյոք կա՞ մեկ այլ լեզու, որտեղ լինի այս ասացվածքի համարժեքը: Խիստ կասկածում եմ, քանի որ «Տերովին տերն է տարել, անտերին` գայլը»-ը, «Գնա մեռի, արի սիրեմ» -ը հայկական իրականությունից բխող տխուր երևույթներ են:
«Տերովին տերն է տարել, անտերին` գայլը» ասացվածքը փաստում է, որ մեր հասարակությունը բաժանված է երկու խմբի` տերովների ու անտերների: Սա ոչ իրավական պետության ժողովրդական բնորոշումն է: Այս խտրականությունը ավելի անճոռնի տեսք է ստանում դատարաններում, որտեղ ընտրովի են մեղադրյալները, տուժողները, ներվողները: Նման հասարակությունում արդար դատաքննության մասին խոսք լինել չի կարող: Իսկ այն, որ Սողոմոնի նկատմամբ դատաքննությունը արդար չէր, խոստովանել է նաև գործով դատախազը:
«Գնա մեռի, արի սիրեմ» ասացվածքն էլ ցույց է տալիս, որ մենք մարդուն գնահատում ենք մահից հետո միայն: Այսինքն` կենդանի մարդը արժեք չունի, նրան չի կարելի օգնել, սատարել: Սողոմոնի դեպքում, երբ բանտում էր, նրա գործի վերաբացման համար պայքարում էին մի ձեռքիս մատների չափ մարդիկ: Իսկ մահվան մասին գրում են բոլորը:
Ցավս այն է, որ երկու ասացվածքներն էլ տեղին են Սողոմոն Քոչարյանի ճակատագրի դեպքում: Եթե արդար դատաքննություն լիներ Հայաստանում, Սողոմոնը հնարավոր է դատապարտվեր առավելագույնը 8-10 տարվա ազատազրկման (սպանության համար նման ազատազրկում ստացածներ, անշուշտ, կան մեր բանտերում), կամ բազմակողմանի քննությունը հնարավոր է պարզեր, որ Սողոմոնը, օրինակ, դիվերսանտի կամ լրտեսի է բռնել: Քրեական գործով ապացուցված է, որ արմնկի մեկ կրակոցը ուղիղ կապի մեջ չէ մահվան հետ, և որ մահը ընկնելու հետևանք է: Բայց քաղաքական ճնշումը մեկ այլ պետության կողմից չդիտվեց որպես արդարադատության դեմ ուղղված հանցագործություն: Ավելի հեշտ էր հանուն հայ-իրանական բարեկամության զոհել մի ամբողջ հայ ընտանիք` Քոչարյանների ընտանիքը, իսկ վերջում թաղում կազմակերպել Եռաբլուրում: Բայց Սողոմոնի ուզածը Եռաբլուրը չէր, այլ վաննայի մեջ լցրած տաք ջուրը… կյանքը, սահմանը, նորից ծառայելը:
Ուրեմն` ավելի անկեղծ կլինի, որ Քրեական օրենսգրքում պատժի նպատակները հոդվածից հանվեն երեքն էլ` ուղղել, վերականգնել սոցիալական արդարությունը, կանխել հանցագործությունները: Պարզապես առաջարկում եմ գրել այնպես, ինչպես կա. պատժի նպատակն է` ոչ յուրայիններին դատապարտել` անգամ պատվերներով ու առանց ապացույցների և ոչնչացնել մարդու մեջ մարդուն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել