HY RU EN

Ուժգին քամին մեծ կորսւտներ է պատճառել Լալվարի անտառներին

Նոյեմբերի 12-ի ուժգին քամուց մեծ կորուստներ են կրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության անտառները: «Քամուց տապալված ծառերը մեծ թիվ են կազմում հատկապես Շնողի անտառապետության անտառներում: Ծաղկաշատում քամիներից առանձնապես տուժել են թեք լանջերի անտառային տարածքները, որտեղ մեր ավտոմեքենաները չեն կարող մոտենալ ընկած ծառերին՝ տեղափոխելու համար: Տապալված ծառեր կան Շամլուղի և Սանահինի անտառապետությունների մեր անտառներում: Վնասների չափը դեռևս հստակ չենք կարող ասել, դրանք «Հայանտառի» կողմից պետք է ենթարկվեն մասնագիտական չափումների»,- հայտնեց Լալվարի անտառտնտեսության տնօրեն Հարություն Ամիրջանյանը:

«Հետքը» այսօր Շնողի անտառապետ Սերգեյ Շախկյանի և անտառապահ Ասատուր Ղորխմազյանի ուղեկցությամբ այցելեց քամիներից առանձնապես տուժած Շնողի անտառապետության Գուլաբի հանդամասի 3-րդ պահաբաժնի անտառային տարածքներ, որտեղ անսանձ քամին իր ուժգնությամբ արմատախիլ էր արել և տապալել էր հաստաբուն շատ ծառեր:

Անտառապետ Սերգեյ Շախկյանը, ով անտառի փորձառու մասնագետ է, հայտնեց, որ Գուլաբի անտառների նվազագույն վնասը 500խմ փայտից ավելի է:

«Քամուց տապալված ծառերը որպես թափուկ կբաժանվեն անտառամերձ համայնքների բնակիչներին»,- հայտնեցին անտառտնտեսությունում: