
Դատարանը բնապահպանների հայցը վարույթ չի ընդունել
Վարչական դատարանը որոշում է կայացրել «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ների հայցն ընդդեմ բնապահպանության նախարարության վարույթ չընդունելու մասին: Դատավոր Ռ. Հակոբյանը իր այս որոշումը հիմնավորել է նրանով, որ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն` հայցադիմումը պետք է բովանդակի այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջի իրավական հիմքերը»: Սակայն հայցադիմումում 2 էջ հատկացված է հենց իրավական հիմքերի ներկայացմանը:
Դատարանը այսպիսի եզրահանգում է կատարել. «Գործողության կատարման հայցը դատարան ներկայացնելուց առաջ նույն, այն է` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» եւ «ժգ» ենթակետերով սահմանված փորձաքննություն կատարելու պահանջով հայցվորը պետք է դիմեր ՀՀ բնապահպանության նախարարությանը, եւ վերջինիս կողմից հայցվող գործողության կատարումը մերժելուց կամ անգործություն ցուցաբերելուց հետո միայն կծագեր գործողության կատարման հայցով դատարան դիմելու նրանց իրավունքը: Տվյալ դեպքում հայցադիմումը չի բովանդակում տեղեկություններ այն մասին, որ առկա է պատասխանողի կողմից հայցվող գործողության չկատարելու փաստ, ինչը նշանակում է, որ հայցադիմումը չի բովանդակում այն փաստերը, որոնց վրա հիմնվում է գործողության կատարման մասին հայցվորի պահանջը»:
«Կայացված որոշումը անհիմն է,- ասում է հայցվորի ներկայացուցիչ Լ. Օհանյանն ու ավելացնում:- Վարչական դատարանը պարզապես անտեսել է բնապահպանության նախարարության կողմից մեր հարցումների պատասխանները, որոնք հավաստում են բնապահպանության նախարարության անգործությունը` ՀՀ վարչ. դատ. օր. 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դրույթը: Անկասկած բողոքարկվելու է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան»: Բողոքարկելու ժամկետը 15 օր է` վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ բնապահպանները դատարանից պահանջում են ԲՆ-ին պարտավորեցնել օրենքով նախատեսված փորձաքննության ենթարկել Երեւանի «Նեմո» դելֆինարիումի շինարարության եւ կենդանիների ներմուծման գործընթացները:
Մեկնաբանել