
Տա՞լ Ստեփանակերտի օդանավակայանը Ռուսաստանին, թե՞ ոչ
Ռուսական «Ռեգնում» գործակալությունը երեկ տեղեկություն էր հրապարակել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, թե Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: «Այն բանից հետո, երբ Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ կլինի շահագործման, ԼՂՀ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել այդ ենթակառուցվածքն օգտագործելու շուրջ համագործակցության խնդիրը»,- ըստ «Ռեգնում»-ի` ասել է Սահակյանը:
Ավելի ուշ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հանդես եկավ պարզաբանմամբ, թե Սահակյանն ընդամենը խոսել է Ռուսաստանի կողմից ահաբեկչության դեմ պայքարում Ստեփանակերտի օդանավակայանի հնարավոր մասնակցության, ոչ թե տրամադրման մասին:
ԼՂՀ նախագահին քննադատեցին այն բանի համար, որ նման հայտարարություններով հայության դեմ է հանում իսլամիստ ծայրահեղական ահաբեկիչներին, միաժամանակ բացում ԼՂՀ-ի «դարպասները» Ռուսաստանի առջև` հակամարտության գոտում ռազմական կոնտինգենտ տեղակայելու համար: Որքանո՞վ են, սակայն, այս քննադատություններն արդարացված և տեղին:
Ստեփանակերտի օդանավակայանը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների և հակակառավարական ուժերի դեմ Ռուսաստանի իրականացրած ռազմաօդային գործողություններում օգտագործելու գաղափարն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել հենց «Ռեգնում»-ը` ի դեմս ռուս լրագրող-վերլուծաբար Ստանիսլավ Տարասովի կողմից այս տարվա հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ Ռուսաստանի` Սիրիա ներխուժելուց գրեթե անմիջապես հետո: Բայց Տարասովը չէր հստակեցնում, թե Ռուաստանն ինչի համար պետք է ապավինի նման խնդրահարույց օդանավակայանի: Դա, թերևս, ԼՂ հիմնահարցը կամ Հր. Կովկասը սիրիական ճգնաժամի հետ ինչ-որ կերպ կապելու անհաջող փորձ կարելի է համարել: Իսկ գաղափարն անհաջող է ոչ թե ԼՂՀ-ի կամ Հայաստանի շահերին հակադրվելու իմաստով, այլ պարզապես որովհետև իրատեսական չէ:
Նախ պետք է հասկանալ` քաղաքացիական օդանավերի սպասարկման համար նախատեսված այդ օդանավակայանն իր ենթակառուցվածքներով որքանո՞վ է համապատասխանում ՌՕՈՒ բազայի վերածվելու չափանիշներին: Սակայն, եթե նույնիսկ համապատասխանում է հարյուր տոկոսով, Մոսկվան նախ պետք է որոշի` այն օգտագործելու համար ու՞մ հետ պետք է համաձայնության գա՝ ԼՂՀ-ի՞, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի: Եթե Ստեփանակերտի, ապա դա նշանակում է ուղիղ կոնտակտներ հաստատել ԼՂՀ իշխանությունների հետ այն պարագայում, երբ Մոսկվան հրաժարվում է ճանաչել Արցախի ինքնիշխանությունը: Որևէ հարցով Արցախին դիմելով` Մոսկվան անուղղակիորեն ճանաչելու է ԼՂՀ-ի անկախությունը, ինչը նշանակում է քարուքանդ անել Ադրբեջանի հետ հարաբերությունները և դուրս գալ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներից: Արդյունքում Ռուսաստանը կփչացնի հարաբերությունները ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ, որն այդ պարագայում ևս հաստատապես չի լռելու:
Օդանավակայանի հարցը Մոսկվան չի կարող քննարկել նաև Ադրբեջանի հետ` այն պարզ պատճառոով, որ թե՛ օդանավակայանը և թե՛ ԼՂ-ն դուրս են Բաքվի վերահսկողությունից: Անիմաստ է Բաքվի հետ համաձայնության գալ մի օբյեկտի շուրջ, որը նրան չի պատկանում:
Ռուաստանն այդ հարցը չի քննարկելու նաև Հայաստանի հետ, որովհետև ո՛չ Ստեփանակերտը, ո՛չ էլ օդանավակայանը Հայաստանի տարածքում չեն: Համենայնդեպս` Ռուսաստանի կարծիքով: Ի վերջո, հենց Մոսկվայից էին պարբերաբար հասկացնում, որ ԼՂ-ն ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ էլ ԵԱՏՄ-ի տարածքի մեջ չի մտնում:
Մյուս կողմից` որքանո՞վ է իրատեսական խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու գնով Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործելու մասին, եթե, այսպես թե այնպես, անհրաժեշտության դեպքում Ռուսաստանն իր ինքնաթիռների թռիչքի համար կարող է օգտագործել Հայաստանի տարածքը և մասնավորապես` Երևանի «Էրեբունի» օդանավակայանը: Հայ-ռուսական ռազմական համագործակցության և Հայաստանում ռազմաբազա տեղակայելու մասին համաձայնագրերի շրջանակներում «Էրեբունի» օդանավակայանն արդեն իսկ տրված է Ռուսաստանին:
Ստեփանակերտի օդանավակայանը «ստանալու» խնդիր Ռուսաստանի համար կարող է առաջանալ առհասարակ հակամարտության գոտում ռազմական կոնտինգենտ տեղակայելու կոնտեքստում: Բացառվում է, որ առկա ստատուս քվոյի պարագայում Ադրբեջանը համաձայնի դրան, որովհետև դա ընկալելու է որպես առկա «ստատուս քվո»-ի վերջնական ամրագրում: Ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայումը ԼՂ-ում կարող է տեղի ունենալ միայն լայնածավալ արագ պատերազմի կամ դրա իմիտացիայի հետևանքով ստատուս քվոյի ոչ հայանպաստ փոփոխության դեպքում: Բայց այդ պարագայում արդեն ոչ ոք ԼՂՀ-ի կամ Բաքո Սահակյանի կարծիքը չի հարցնելու` օգտագործե՞լ Ստեփանակերտի օդանավակայանը կամ այդ տարածքում գտնվող որևէ այլ օբյեկտ, թե՞ ոչ:
Ահա այս պայմաններում ԼՂՀ նախագահին «մեղադրանք» է առաջադրվում, թե ինչպես է նա համարձակվել, փաստորեն, որպես սուվերեն երկրի ղեկավար առաջարկություն հնչեցնել համաշխարհային գլոբալ պրոցեսների մեջ ԼՂՀ-ի մասնակցության պատրաստակամության մասին: Փաստացի նա Մոսկվային ակնարկ է արել, որ եթե նման նպատակներ ունի, ապա նախ պետք է, ուղղակի թե անուղղակի, ճանաչի ԼՂՀ-ի ինքնիշխանությունը: Առ այսօր ԼՂ իշխանություններին քննադատում էին Հայաստանի հարմարվողական արտաքին քաղաքականությանը ոչ պակաս հարմարվողականություն ցուցաբերելու համար: Այդ դիրքավորման հետևանքն էր, ի դեպ, բանակցություններից Ստեփանակերտի կատարյալ դուրսմղումը, որը բանակցային գործընթացի ներկայիս փակուղայնության, փաստացի նախապատերազմական իրավիճակի հասունացման հիմնական, եթե չասենք՝ միակ իրական պատճառն է: Եվ ահա, հազիվ մեկ անգամ ԼՂՀ նախագահը, դուրս գալով այդ կապանքներից, փորձում է հետաքրքիր դիվանագիտական ռևերանս կատարել եւ դառնում է թիրախ:
Գուցե դա արդարացված լիներ, եթե ռացիոնալ լինեին այն «հիմնավորումներում», թե սա Հայաստանը և հայությանը իսլամիստական ծայրահեղականության թիրախը դարձնելուն ուղղված անմիտ, չկշռադատված քայլ է: Փաստորեն, մեզանում կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասկացել, որ Իրաքի ու Սիրիայի հայությունը ահաբեկիչների համար թիրախ է եղել ի սկզբանե` ոչ թե նույնիսկ ազգային, այլ կրոնական անհանդուրժողականության ենթահողի վրա: Իրաքում հայկական համայնք գործնականում արդեն չկա: Սիրիայի հայկական համայնքը փաստացի կազմալուծված է, ու դժվար է պատկերացնել, որ կվերականգնի իր երբեմնի ներուժն ու դիմագիծը: Քեսաբը դարձավ ծայրահեղականների հարձակման թիրախը: Հալեպում, Դեյր-Էզ-Զորում հայկական եկեղեցիները կրոնական ու մշակութային ժառանգությունը «ԻՇԻՊ»-ի գրոհայինների կողմից ոչնչացվում էին նույն մոլեռանդությամբ ու կատաղությամբ, ինչպես Սիրիայում ու Իրաքում կրոնական ու ազգային մյուս փոքրամասությունների ժառանգությունը: Եվ այս բարբարոսություններն անելու համար ծայրահեղականները չէին սպասում` համոզվելու, թե Հայաստանից կամ Արցախից ինչ հայտարարություններ էին հնչում, ու որքանով էին դրանք իրենց քիմքին հաճելի կամ տհաճ:
Ինչ վերաբերում է այդ հայտարարությունների հետևանքով Հայաստանի ու Արցախի` ԻՇԻՊ-ի թիրախում հայտնվելու հավանականությանը, ապա թերևս տեղին է հիշեցնել, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ ողջ Հարավային Կովկասը «Իսլամական պետության» գծած խալիֆայության սահմաններում են ընդգրկվել դեռ երեք տարի առաջ: Եվ Աստված մի արասցե, եթե նրանք հաղթահարեն իրենց և քրիստոնյա Հայաստանի, Վրաստանի միջև ընկած Իրանի, Թուրքիայի ու գնալով ավելի ու ավելի խոցելի դարձող Ադրբեջանի արգելքները: Այն ժամանակ ոչ ոք տարբերակում չի դնելու, թե Հայաստանից կամ Արցախից ինչ հայտարարություններ են հնչել, կամ ով որ չափով է մասնակցել իրենց դեմ ուղղված գործողություններին: Եվ փաստը, որ Հայաստանը ոչնչացման ենթակա է համարվում հենց խալիֆայության ստեղծման ծրագրի, այլ ոչ թե հակաահաբեկչական գործողություններին իր մասնակցության կամ չեզոքության գործոնից ելնելով, ուղղակի այլընտրանք չի թողնում, քան այսօրվանից ռեսուրսների ներածի չափով սկսել հակաահաբեկչական օպերացիաներին օժդանակության ցուցաբերումը` անկախ նրանից` աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից ով է այդ պայքարը գլխավորում և ինչու:
Դրա ակտուալությունն ապացուցվեց երեկ, երբ «Իսլամական պետության» կողից Փարիզում իրականացվեցին սահմռկեցուցիչ ահաբեկչական ակտեր` խլելով ավելի քան 120 մարդու կյանք: Այս առումով թե՛ Հայաստանը և թե՛ Արցախն ունեն մի շատ կարևոր առավելություն, որոնք չունեն ոչ միայն տարածաշրջանի, այլև փաստացի եվրոպական երկրներից և ոչ մեկը: Խոսքը վերաբերում է Հայաստանի և Արցախի էթնիկ-ազգային և կրոնական կոմպակտ նկարագիր ունենալուն: Այն հնարավորություն է տալիս վերահսկել Հայաստան ելումուտը և էականորեն դժվարացնում այստեղ ահաբեկչությունների իրականացումը: Հատկապես դեպի Եվրոպա մերձավորարևելյան երկրներից միլիոնավոր փախստականների հոսքը հին աշխարհամասի երկրները պարզապես վերածել է ահաբեկչությունների իրական կամ պոտենցիալ թատերաբեմի, և որքան էլ ցավալի լինի, նման ակտերն առաջիկայում կարող են ընգրկել գործնականում ողջ Եվրոպան: Եվ պատահական չէր, որ Փարիզում իրականացված ահաբեկչություններին անմիջապես հաջորդեց այնտեղ փախստականների ճամբարի հրկիզումը:
Այս գործոնները հաշվի առնելով` ուղղակի տարօրինակ է հնչող քննադատություններից պաշտպանվողի դիրք գրավելու Ստեփանակերտի կեցվածքը: Բակո Սահակյանի միակ սխալն այն է եղել, որ նա պետք է հայտարարեր Ստեփանակերտի օդանավակայանը ոչ թե միայն Ռուսաստանին, այլ ընդհանրապես ահաբեկչության դեմ պայքար մղող բոլոր ուժերի օգտագործմանը տրամադրելու պատրաստակամության մասին: Եթե ոչինչ չլինի, դա գոնե օդանավակայանը վերջապես շահագործելու առիթ ստեղծելու թույլ նախաձեռնություն էր:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել