Բողոքի ցույց՝ Կառավարության որոշման դեմ
Լոռու մարզի Այգեհատ գյուղի հրապարակում մարտի 15-ին գյուղացիները ցույց էին կազմակերպել: Մի քանի օր առաջ համայնքապետ Արշակ Շահվերդյանը համագյուղացիներին տեղեկացրել է, որ գյուղի 130 հա «Չալ» հանդամասի արոտավայրը, համայնքի հետ մեկ միավոր չլինելու պատճառով, կցվել է հարեւան Արդվի համայնքին եւ այսուհետ լինելու է արդվեցիների սեփականությունը:
Այգեհատցիները, ըստ Կառավարության որոշման, այսուհետեւ «Չալ» հանդամասի արոտավայրում իրենց անասուններին կարող են արոտի տանել միայն Արդվի համայնքի հետ պայմանագիր կնքելուց հետո:
Այգեհատցի «Չալ» հանդամասը անցյալ դարի 60-ական թթ. եղել է Օձուն գյուղի վարչական տարածքում: Եվ քանի որ դեռ այն ժամանակ Այգեհատը արոտավայր չի ունեցել, նրանք իրենց գյուղի վարելահողերի մի մասը փոխանակել են Օձունի «Չալ» հանդամասի հետ:
Կառավարության որոշումից անակնկալի եկած այգեհատցիները չեն հաշտվում դրա հետ: Այդ հանդամասը այգեհատցիների 301 գլուխ խոշոր եղջերավոր անասունների միակ արոտավայրն է: Այգեհատի գյուղապետարանի աշխատակազմը, գյուղապետ Արշակ Շահվերդյանի ղեկավարաությամբ, ի պատասխան Կառավարության որոշման` մարտի 15-ին գործադուլ է հայտարարել:
Բողոքին միացել էին նաեւ Այգեհատի դպրոցի 20 աշակերտները, ովքեր մարտի 15-ին միահամուռ դպրոց չէին գնացել: «Մեր ապրուստի միակ միջոցը մեր ձեռքից խլում են, մեր ձայնը տեղ հասցնելու համար դիմել ենք նաեւ երեխաներին դասի չուղարկելու միջոցին»,- ասաց Վարուժան Շահվերդյանը: Մարտի 15-ին փակ էին գյուղապետարանի դռները, իսկ գյուղապետ Արշակ Շահվերդյանը գյուղացիների հետ կանգնած էր գյուղի հրապարակում:
Նա տեղեկացրեց, որ մինչ հրապարակային բողոքը գյուղի 43 բնակիչների ստորագրությամբ դիմում-բողոք են ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Այգեհատցիները դիմումում նշել են. «Մենք բողոքական գյուղ չենք, դիմանում ենք ամեն դժվարության` սովին, աղետին, անարդարությանը եւ այլն: Բայց երբ դանակը հասնում է ոսկորին, դառնում ենք բռունցք` հուժկու եւ հզոր: Մեզ պատկանող արոտավայրը ուրիշ համայնքից պայմանագրային եղանակով օգտագործելու մասին որոշումը մենք կատեգորիկ չենք ընդունում, դա հնարավոր լուծում չէ, դա կբերի միջհամայնքային պատերազմի»:
Այգեհատցիները պահանջել են վերանայել Կառավարության որոշումը եւ հարցին տալ դրական լուծում` հօգուտ իրենց համայնքի: Ցուցարարները լրագրողներին ասացին, որ եթե Կառավարությունը չվերադարձնի իրենց պապենական արոտավայրը, փակելու են նաեւ Օձուն-Ստեփանավան ճանապարհը եւ դիմելու են մինչեւ Եվրադատարան:
«Արդվինը 600 հա արոտավայր ունի, մի 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Մեր գեղն ունի 301 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Անասուններին արածացնելու ոչ մի տեղ չունենք: Էդ մի կտոր 130 հա արոտավայրն ա: Եթե էդ էլ Կառավարությունը խլում է մեր ձեռից, մեր բոլոր անասունները պետք է տարվեն սպանդանոց: Էրեկ չէ առաջին օրը պարոն պրեզիդենտն ասավ` պարենային ծրագիր ենք մշակում, ասավ` բերեք կովին զարկ տանք, ոչ թե սպանդանոց տանենք: Հմի սօր մեզ ստիպում են մեր կովերին սպանդանոց տանենք»,- ասաց այգեհատցի Միշա Շահվերդյանը:
Այգեհատցիները տեղյակ էին, որ Կառավարության 2009 թ. 1130-Ն որոշմամբ առաջիկա տարիներին համայնքների խոշորացման ծրագրով Այգեհատ, Արդվի եւ Հագվի համայնքները միանալու են Օձուն համայնքին: «Թող միանան, էնքան մեր հանդը մեր ձեռին թողան: Չկա, որ 2-րդ արոտավայրն ունենայինք, կասեինք` ջհանդամը, էն մինը կօգտագործենք»,- ասաց Միշա Շահվերդյանը:
«Մեր Կառավարությունը որոշել ա, որ կովն առանց խոտի կապրի»,- նախատեց Սրապիոն Շահվերդյանը:
Գյուղապետ Արշակ Շահվերդյանը«Հետքին» հայտնեց, որ ինքը Օձունի համայնքապետի հետ Կառավարությանը համապատասխան առաջարկություն է արել հողերի փոխանակության միջոցով Այգեհատ համայնքի 2-րդ հատվածի հետ սահման ստեղծելու վերաբերյալ: Առաջարկն օրենքի մեջ ոչ թե փոփոխություն կատարելու, այլ դրա շրջանակում տեղավորվելու տարբերակ է եղել, սակայն մերժվել է:
Համայնքապետը գյուղացիների բողոքի մասին տեղյակ է պահել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին, մարզպետարանի հողօգտագործման բաժնից մասնագետներ են եկել Այգեհատ: «Նրանք ասացին, որ դա որոշում ա եւ օրենք ա»,- ասաց համայնքապետը:
«Մենք մարզպետարանի միջոցով որոշումը կանխելու համար 2010 թ. մայիսին դիմել ենք նաեւ Կառավարություն, երբ մերժվել ենք, գյուղացիները դիմում են ուղղել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանին: Պատասխանը եղել է այն, որ օրենքի հիման վրա համայնքների երկրորդային հատվածները միացվում են սահմանակից համայնքներին, իսկ օգտագործման համար օրենքը սահմանում է կնքել երկարաժամկետ պայմանագրեր Արդվի համայնքի հետ»:
Այգեհատցիները գտնում են, որ արդվեցիների հետ անհնար է արոտավայրի օգտագործման պայմանագիր կնքելը: «Մեր հողը մեր գյուղից կտրեն, տան արդվեցիներին, մենք գնանք իրենց հետ պայմանագիր կնքենք, հա՞: Հարկն էլ տանք իրենց բյուջեին: Դա տարբերակ չի»,- ասաց ցուցարարներից մեկը:
«Արդվի գյուղին մենք նոր չենք ծանոթ: Դեռ կոլխոզից ծանոթ ենք, գիտենք: Ճիշտ է, սերնդափոխվել են, բայց հաշտվող խալխ չեն: Անհաշտ են: Արոտավայրերի վեճերը դեռ անցյալ դարի 36 թվից եղել են: Եթե մեր արոտավայրը մեզ ետ չտան, երկու գյուղի մեջ պատերազմ է սպասվում: Եթե որեւէ արդվեցի իմ արոտը ՙՉալ՚ հանդամասում արածելու ժամանակ գա ասի` ինչ բանի ա քո արոտն ստի, ես նրան կբռնեմ ու կովի պոզի ծերը կհանեմ: Ես նրանով երեխա եմ պահում»,- ասաց Ռուդոլֆ Շահվերդյանը:
«Եկել եք, լավ եք արել, մաշինեն էլ տակներուտ ա, մի հատ գնացեք դաշտը, տեհեք` ինչ կա ցանած, ընչով ենք յոլա գնում, սաղ գեղը վառես, շրաֆոտ չի դուրս գալ: Էս ջահելությունը սուբահ են մնացել: Սալդաթ են ուզում, ո՞նց պահենք էդ սալդաթին, որ արոտավայրն էլ վեր կալան տվին ուրիշի: Սալդաթ եք ուզում, պտի ջահելությունն ամուսնանա, որ սալդաթ ծնվի, ո՞նց ամուսնանան: Ոչ տուն ունեն, ոչ տեղ ունեն, ոչ էլ միջոց ունեն: Սոված տղի ստեղծած երեխեն ի՞նչ սալդաթ կլի: Մեր 300 կովերը «Չալի» հանդամասի հույսին են: Բա տենց բան են անո՞ւմ: Էդ որոշումը կետ ունի, թող էդ կետը փոխեն, էդ արոտավայրը վերադարձնեն մեզ»,- ասաց Վազգեն Շահվերդյանը:
«Այգեհատցիների անասունները «Չալ» հանդամասում արածելու իրավունքից զրկել մենք չենք կարող: Ես որպես ղեկավար, որպես մարդ եւ որպես ռեալ մտածող հարեւան նպատակահարմար չեմ գտնում: Ես հասկանում եմ այգեհատցիներին, մարդիկ իրենց աչքը ինչ բացել են, իրենց արոտը արածել է էդ հանդամասում»,- «Հետքին» ասաց Արդվիի նորընտիր համայնքապետ Սամվել Կիրակոսյանը:
«Դա սխալ բան ա, որ այգեհատցիների արոտավայրը միացրել են մեր գյուղին: Հարեւան գյուղ ենք, ամեն ինչում իրար ձեռ ենք բռնում: Մենք հողը վարելու ոչ մի տեխնիկա չունենք, այգեհատցիներից ենք օգտվում: Նրանք են մինչեւ օրս մեզ օգնել գյուղտեխնիկայի հարցով: Շարքացանը իրանցից ենք վերցնում, կարտոլ ղազմա տվողը իրանցից ենք վերցնում, այգեհատցիները իրենց գյուղտեխնիկան չեն սեփականաշնորհել, գյուղապետարանինն ա, մենք էլ ոչ մի բան չունենք: Ամբողջը ծախեցին, մեր գեղըմ ով գեղապետ եկավ` լրիվ գյուղտեխնիկան ծախեց, ասին` Կառավարության որոշում ա ու ծախեցին, թե էդ ո՞ր հիմար մարդն էր Կառավարությունումը էդ որոշումը ընդունել, չիմացանք: Հմի որ նրանց արոտավայրը մեր գեղին են տվել, էլ կօգնե՞ն մեզ: Թշնամի կդառնանք»,- ասաց արդվեցի Ռուբիկ Կիրակոսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել