Նախագահ Օլանդը մեղադրում է Իսլամական պետությանը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է, որ իրավապահ մարմինները որսալու են բոլոր ահաբեկիչներին: Նա իր հայտարարության մեջ, ինչպես տեղեկացնում է CNN-ը, մեղադրել է Իրաքի և Սիրիայի Իսլամական Պետությանը (ISIS- Islamic State of Iraq and Syria):
Նախագահը, սակայն, ինչպես երևում է այլ աղբյուրներում, չի օգտագործել հենց ISIS հապավումը: Օլանդը կիրառել է պետության` Ֆրանսիայի կառավարության կողմից ընդունված անվանումը «Daesh»` գրում է «Նյու Յորք թայմս»-ը: Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարը ասել էր, որ ISIS տարբերակը վիրավորական է:«Դա ահաբեկչական խումբ է, ոչ թե պետություն, ես խորհուրդ չեմ տալիս գործածել այդ տերմինը` Իսլամական պետություն, որովհետև այն աղոտ է դարձնում գծերը իսլամի, մուսուլմանների և իսլամիստների միջև: Արաբներն անվանում են այն «Daesh», և ես նրանց կանվանեմ այդ կերպ»,- ասել է արտգործնախարարը: Նախագահն այսօր էլ է կիրառել քաղաքական շրջանակներում շրջանառության մեջ դրված «ոչ վիրավորական» տարբերակը:
Նա հայտարարել է, որ հարձակումը ծրագրված էր «դրսից` համակցված ներսի մեղսակիցների գործողությունների հետ»:
«Սա պատերազմական գործողություն է, որն իրականացվել է տեռորիստական բանակի, ջիհադիստների բանակի, Daesh-ի կողմից: Երբ ահաբեկիչները ընդունակ են կատարելու նման գործողություններ, նրանք պետք է իմանան, որ գործ են ունենալու շատ վճռական Ֆրանսիայի հետ»,- հայտարարել է նախագահ Օլանդը:
Ֆրանսիական բազմաթիվ քաղաքներում, չնայած հայտարարված արտակարգ դրությանը, ինքնաբուխ հանրային հավաքներ են տեղի ունենում՝ որպես հարգանքի տուրքի մատուցում երեկ Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Թեեւ տեղական իշխանությունները զգուշավորության կոչ են անում՝ մատնանշելով, որ արտակարգ դրության ռեժիմն արգելում է հավաքները, սակայն որոշ քաղաքապետեր թույլատրել են այն:
Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը մարսելցիներին կոչ է արել հավաքվել եւ «համախամբվել խաղաղության եւ հանդուժողականության արժեքների շուրջ՝ «ահաբեկիչներին չզիջելու համար»:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Փարիզում եւ փարիզյան շրջանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արտակարգ դրություն է հայտարարել եւ փակել երկրի սահմանները: Զոհերի և վիրավորների թիվը դեռ ճշտվում է:
Լուսանկարը` nytimes.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել