Բրյուսելում 4 մարդ է ձերբակալվել` փարիզյան ահաբեկչություններն իրականացնելու կասկածանքով
Բրյուսելի շրջանի Մոլենբեկ-Սեն-Ժան թաղամասում Բելգիայի իրավապահները այսօր առավոտյան 4 հոգու ձերբակալել են: Ինչպես հաղորդում է ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականը, նրանք կասկածվում են երեկ երեկոյան Փարիզում եւ Սեն Դենիում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին մասնակցության մեջ: Ֆրանսիայի ոստիկանության` թերթի աղբյուրը հայտնել է, որ ձերբակալվածները հասցրել են Բելգիա փախչել ուրբաթ գիշեր` լույս շաբաթ: Ֆրանսիայի ոստիկանությունը ահաբեկչության վայրից ոչ հեռու մի ավտոմեքենա են գտել` բելգիական պետհամարանիշներով, որը կարող էր ծառայած լինել ահաբեկիչներին: Դեռեւս ուրբաթ երեկոյան փոխհրաձգության ականատեսներից մեկը պնդում էր, որ Բիշա փողոցում կրակողներից մեկն օգտագործել է բելգիական համարանիշներով ավտոմեքենա: Մեքենայում Մոլենբեկի ավտոկայանատեղիի վճարման կտրոն է գտնվել:
Բելգիական «Դեղնիեղ օղ» (Dernier heure) /Վերջին ժամ/ պարբերականը շաբաթ երեկոյան հաղորդել է, որ փարիզյան ահաբեկչությունն իրականացնողներից երեքը ծագումով Մոլենբեկ-Սեն-Ժանից են: Բրյուելյան այս թաղամասն արդեն տեւական ժամանակ` երկար տարիներ դարձել է արմատական իսլամի օջախ, որտեղից բազմաթիվ երիտասարդներ են մեկնել` համալրելու Սիրիայում կռվող իսլամիստների շարքերը: Բելգիայի իշխանությունները չեն արձագանքել այս տեղեկություններին: Նրանք սահմանափակվել են` ասելով, որ բելգիական իրավապահ մարմինները համագործակցում են ֆրանսիացի գործընկերների հետ:
Չնայած այս հանգամանքին` Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը չի բարձրացվել: Թեեւ ոստիկանական վերահսկողությունը ուժեղացվելու է, հատկապես նոյեմբերի 17-ին Բրյուսելում կայանալիք Բելգիա-Իսպանիա ֆուտբոլային ընկերական հանդիպման ժամանակ: Անվտանգության ծառայությունները խիստ հսկողություն են իրականացնում Բելգիայի սահմաններին եւ օդանավակայանում: Իսկ երկրի վարչապետը քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Փարիզ այցելությունից:
Լուսանկարը` Ֆրանսպրեսի/AFP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել