
Բնակչությունը նվազում է, ընտրողները՝ ավելանում․ «նախընտրական» մաթեմատիկա
2015թ․ դեկտեմբերի 6-ին քվեարկության է դրվելու Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Որպեսզի այն ընդունվի, անհրաժեշտ է առնվազն 638 583 «Այո» ։ «Հետք»-ն ուսումնասիրել է տարբեր տարիներին Հայաստանում անցկացված համապետական ընտրությունների տվյալները և պարզել, որ թեև բնակչության թիվը տարեցտարի նվազում է, սակայն դա որևէ կերպ չի անդրադառնում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վրա։ Ընդհակառակը, այդ թիվը գնալով աճում է։
20 տարի․ Սահմանադրությունից Սահմանադրություն
1995թ․ հուլիսի 5-ին ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը։ Այդ ժամանակ Հայաստանի բնակչության թիվը, պաշտոնական տվյալներով, կազմում էր 3 753 500 մարդ, որից ընտրելու իրավունք ուներ 2 189 804 հոգի։
2015թ․ սեպտեմբերի տվյալներով ՝ Հայաստանում ապրում է մոտ 3 007 300 մարդ, ընտրելու իրավունք ունեցողները, նոյեմբերիի 6-ի դրությամբ , 2 554 332 են։
20 տարվա ընթացքում բնակչության թիվը 20%-ով (մոտ 746 000-ով) նվազել է, իսկ ընտրողների թիվը՝ ավելացել 340 000-ով։
Սա նույնսիկ այն դեպքում, երբ 2015թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է բացասական սալդո (ուղևորների ժամանումների և մեկնումների թվի տարբերությունը)։ Միգրացիոն պետական ծառայության վերջին տվյալներով ` նշված ժամանակահատվածում սալդոն կազմել է 93 018 մարդ․ գրանցվել է 2 089 273 մեկնում և 1 996 255 ժամանում։
«Նախընտրական մաթեմաթիկա»․բնակչության թվի նվազումից ընտրողների թիվն ավելանում է
Նույն պատկերը կարելի է տեսնել՝ ուսումնասիրելով տարբեր տարիներին անցկացված ընտրությունների համեմատական ցուցանիշները։
2003թ․ մայիսի 25․ անցկացվեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե (որը, սակայն, չընդունվեց)։ Այդ ժամանակահատվածում պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում ապրում էր 3 210 307 մարդ, որից ընտրելու իրավունք ուներ 2 339 704-ը։
Սահմանադրական փոփոխություններ կատարվեցին միայն 2005թ․նոյեմբերի 27-ին։ Բնակչության թիվը կազմում էր 3 215 833 մարդ, ընտրողներինը՝ 2 317 462 ։
2012թ․ մայիսի 6-ին ԱԺ ընտրություննրի ժամանակ ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 2 522 906 մարդ, իսկ բնակչության թիվը նույն տարվա տարեսկզբին՝ 3 274 300 մարդ։
Համապետական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2013թ․ փետրվարի 18-ին (նախագահական ընտրություններ)։ 2013թ․ հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը կազմել է 3 026 900 մարդ, ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 527 822։
2012թ․ համեմատ՝ բնակչության թիվը 247 400-ով նվազել է, իսկ քվեարկելու իրավունք ունեցողներինը՝ աճել մոտ 5000-ով։
Ինչպես վերը նշեցինք, 2015թ․ դեկտեմբերի 6-ին Սահամանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2 554 322 քաղաքացի։
Նույն սկզբունքով ՝ 2015թ․ին, բնակչությունը մոտ 20 000-ով նվազել է, ընտրողները՝ 26 510-ով ավելացել ։
Բնակչության աճի համեմատ 5 անգամ ավելացած ընտրողներ
Մեկ այլ «մաթեմատիկական ալգորիթմ» տարածվում է համայնքների բնակչության և ընտրողների թվի վրա։ Օրինակ ՝ 2013թ․ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ Երևանի ընրողների թիվը կազմել է 813 502, քաղաքի ընդհանուր բնակչությունը՝ 1 066 300 մարդ։
2 տարվա ընթացքում Երևանի բնակչությունը աճել է մոտ 4000-ով, իսկ ընտրողների թիվը ավելացել է 5 անգամ՝ 20 000-ով, (835 047 մարդ)։
Ոստիկանությանը խնդրել էինք տրամադրել դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին մասնակցող մոտ 20 համայնքների բնակչության և ընտրողների համեմատական տվյալները, որոնց կարող եք ծանոթանալ ստորև․
Տվյալները՝ ՀՀ Ոստիկանության , Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ազգային վիճակագրական ծառայության
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել