
Կենդանաբանական այգու գոմաղբը հավաքելն ու տեղափոխելն արժե 11,8 մլն դրամ
Երևանի կենդանաբանական այգու կենդանիների կենսագործունեության հետևանքով օրական առաջացած աղբի աղբահանության ծառայության 2015թ. արժեքը կազմում է 11 մլն 760 հազար դրամ, կամ, օրական կտրվածքով, 32 հազար դրամից ավելի: Առանց հայտարարություն տարածելու բանակցային ընթացակարգով այգու տնօրինությունը աղբահանության պայմանագիրը կնքել է անհատ ձեռնարկատեր Սայադ Բաղդասարյանի հետ: Վերջինիս հետ 3 մլն 593 հազար դրամի աղբահանության պայմանագիր էլ կնքվել է 2014թ. մայիսին:
«Կենդանաբանական այգու աղբը տարբերվում է մյուս աղբերից, որովհետև օրվա տարբեր ժամերին կենդանիները կարող են կեղտոտել, դա իրենց արտադրանքն է: Օր է եղել, որ երկու անգամ մաքրել են: Մաքրելու, տեղափոխելու ամբողջ գործընթացն իրականացնում է անհատ ձեռնարկատեր Սայադ Բաղդասարյանը: Շինարարական և մյուս աղբը տանում է Սովետաշեն, իսկ կենդանիների գոմաղբը՝ հատուկ տեղ ունեն, որտեղ մշակում են»,-մեզ հետ զրույցում ասաց կենդանաբանական այգու գնումների պատասխանատու Գայանե Սարգսյանը:
Թեև կնքված պայմանագրի մասին հրապարակված հայտարարոթյան նկարագրությունից հասկացվում էր, որ աղբի հավաքումն ու տեղափոխումը վերաբերում է միայն կենդանիների արտաթորանքին, սակայն Գայանե Սարգսյանը պնդում էր, որ այդ գումարի մեջ մտնում է այգու ամբողջ աղբը: Նրա ներկայացմամբ՝ կենդանաբանական այգու աղբը հավաքել, տեղափոխելը շատ տաժանակիր աշխատանք է, ինչն իրականացվում է բարձրակարգ ձևով:
«Մենք փորձել ենք մրցույթներ անել, ուրիշ սանմաքրումներից 2-3 օրով փորձնական բերել ենք, բայց չեն կարողացել աշխատանքներն իրականացնել: Չգիտեմ, թե ինչու եք հետաքրքրվում, բայց սա այնպիսի գնում է, որ «բռնվելու» տեղ չունեք: Գնումներից սա ամենաիդեալական գնումն է և իր նպատակին ծառայում է»,-ասում է գնումների պատասխանատուն:
Գայանե Սարգսյանը շահագրգռված էր, որ հետագա պայմանագրերը ևս Սայադ Բաղդասարյանի հետ կնքվի: Նա անդադար գովում էր Սայադ Բաղդասարյանին: Սակայն նշեց, որ ապրիլի 1-ից օրենքը փոխվել է, և հաջորդ տարի արդեն չի կարող բանակցային ընթացակարգով պայմանագիր կնքել:
«Մեր գումարի սահմաններում արդեն պարզեցված ընթացակարգով բաց, հրապարակային մրցույթի եմ դնելու, ով հաղթեց, նրա հետ էլ կնքելու եմ»,-ասում է Գայանե Սարգսյանը:
Մեկնաբանել