Հ. Բագրատյանը՝ Ս. Սարգսյանի 9-ամյա գործունեության մասին. «83,4 տոկոս խոստում, սակայն 17,9 տոկոս աճ. սա աղետ է».
Լիլիթ Թադևոսյան
Այսօր ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, իր խոսքն ուղղելով հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ասաց, որ պետք է ռեալ գնահատել և խոստովանել, որ ՀՀ-ն ն չի զարգանում, իսկ դրա պատճառը արտաքին աշխարհը չէ. խնդիրը հենց մեր մեջ է:
«2008 թվականին Սերժ Սարգսյանը նախագահ է դարձել և տարեկան 7 տոկոս աճ է խոստացել, եթե վերցնենք 2008 և 2016 թվականները, ապա 9 տարի է, այսինքն՝ տնտեսությունը պետք է աճեր 83.4 տոկոսով: Քանի որ այս պահին մեր գրանցած աճը 15,4 տոկոս է, և տա Աստված, որ 2,2 տոկոսը կատարվի, աճը կլինի 17,9 տոկոս: Հիմա նայենք՝ 83,4 տոկոս խոստում, սակայն 17,9 տոկոս աճ, և սա գնահատական է նրա և կառավարության աշխատանքի, սա կատաստրոֆա է, սա աղետ է, մեր երկիրն առաջ չի գնում»,- ասաց Բագրատյանը:
Վերջինս նշեց, որ ՀՀ-ն այս պահին մրցունակ չէ, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ նման պայմաններում ուզած, թե չուզած մենք մեր տեղը պետք է զիջենք մրցունակ երկրներին:
«Խնդիրը հենց սա է, մենք պետք է կարողանանք աճեցնել տնտեսությունը, հակառակ դեպքում երկիրը գնում է լճացման, մենք չենք աշխատում՝ ինձանից սկսած: Մենք չենք կարող այսքան ցածր աճով բյուջե քննարկել: Հիմա հետաքրքիր է՝ ի՞նչ ճար եք տեսնում»,- հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան՝ Գագիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Բագրատյանին՝ նշելով, որ նա միակ պատգամավորն է, որը բավականին բարդ դրության մեջ է դրել ֆինանսների նախարարությանը, քանի որ 49 հարց է ներկայացրել, որն այս պահին քննարկվում է նախարարությունում:
Նախարարի խոսքով՝ եթե վերլուծենք, ապա կտեսնենք, որ ոչ մի երկրում տնտեսական կանխատեսումները որպես կանոն տարեվերջին չեն իրականանում, բացառություն չէ նաև ՀՀ-ն:
«Եթե վերլուծում ենք վերջին 3 տարիները, ապա, բնականաբար, շեղում ենք տեսնում, բայց լավ կլինի, որ մեր կանխատեսումները վերջում իրական և մոտ լինեն: Տնտեսական աճ ունենալու առաջին շահագրգռված մարմիններից մեկը ֆինանսների նախարարությունն է, տնտեսական աճի ցուցանիշների մեջ կան շատ առանձնահատկութուններ, երբ մենք խորանում ենք տնտեսական աճի կառուցվածքի մեջ և տեսնում ենք՝ արդյոք աճի ցուցանիշները հարկ բերող են, թե չէ, ապա այլ պատկեր է լինում, սակայն միկրոցուցանիշների մեջ խորանալով՝ միանգամայն այլ պատկեր է լինում, և կարող ենք ընդհանրապես դրական ցուցանիշներ չունենալ: Սակայն, չեմ կարող ձեզ հետ չհամաձայնել, քանի որ, այո՛, մենք, հատկապես հիմա, Կառավարությունում շատ լուրջ պետք է ուսումնասիրենք, իսկ տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի ՀՆԱ-ի աճի տեմպերին և տնտեսական աճի ակտիվությանը: Եվ հենց այս նպատակով գործարար ոլորտն ակտիվացնելու համար մենք քայլեր ենք կատարում: Եթե ժամանակ կգտնեք, մենք ձեզ կներկայացնենք, թե ինչ քայլեր են արվել այս տարիներին, որ տնտեսությունն ավելի գրավիչ լինի, այսինքն՝ կան նաև այլ պարամետրեր, որ տնտեսության ակտիվացում լինի ավելի արագ տեմպերով»,- ասաց նախարարը:
Վերջինիս խոսքով՝ այո, իրենք պետք է ավելի ամբիցիոզ ծրագրեր ունենան, սակայն դրա համար նաև հիմքեր են պետք:
Արձագանքելով՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ բոլոր երկներում է վատ, և համաշխարհային տնտեսությունն է «լեզգինկա պարում», սակայն նշեց, որ մի ծրագիր հստակ ունի:
«Ես չգիտեմ՝ ինչ անել, որ ՀՀ-ն դուրս գա այս վիճակից, սակայն գաղափար ունեմ, թե ինչ չպետք է անել: Նկատի ունեցեք, որ մյուս տարի մենք ավելի վատ ենք ապրելու, և լինելու է ավելի բարդ քաղաքական ու տնտեսական վիճակ: Խոսքը միայն տնտեսական աճի ցուցանիշներին չի վերաբերում, այլ 2016 թվականն ավելի անկանխատեսելի է լինելու»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել