HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փոքրացուցիչ անունով միմյանց դիմելը` սպանության պատճառ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր կայացավ 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրու Շիրակշին բանավան 227/106 հասցեում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի գործով դատալսումը: Սպանության կասկածանքով ձերբակալված միակ անձին՝ Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով:

Ըստ մեղադրանքի` սպանվածի հորը՝ Ավետիք Ադանալյանին պատկանող տնակում, ժամը 17-ի սահմաններում ճաշկերույթ է տեղի ունեցել, որին մասնակցել են Արտյոմ Ադանալյանը, Ռուբիկ Գեւորգյանը, Ռազմիկ Պետոյանը, Կարեն Շահինյանը, Արտաշես Բաղդասարյանը, Մարիամ Ուստյանը, Մանվել Նիկոլյանը, Գոռ Հարությունյանը, Արթուր Մարտիրոսյանը եւ տանտերը: Ժամը 20:30-ի սահմաններում, ճաշկերույթի ընթացքում Արտյոմ Ադանալյանը հոր՝ Ավետիք Ադանալյանի կողմից կենացները ձգձգելու համար դիտողություն է արել վերջինիս, ինչին միջամտել է Արթուր Մարտիրոսյանը՝ Արտյոմ Ադանալյանին դիմելով «Արտյոմիկ»-ով: Արտյոմ Ադանալյանը հակադարձել է՝ Արթուր Մարտիրոսյանին դիմելով նույն կերպ՝ «Արթուրիկ» տարբերակով:

Ըստ քրեական գործի` վեճը երիտասարդների միջեւ ծագել է միմյանց փոքրացուցիչ անուններով դիմելու պատճառով: Ավետիք Ադանալյանը վեճը կանխելու նպատակով Արթուր Մարտիրոսյանին հյուրասենյակից տարել է խոհանոց, սակայն Արտյոմն ու Արթուրը միմյանց վրա նետել են սպասք ու տվել սեռական բնույթի հայհոյանքներ: Արթուրը գլխով հարվածել է տանտիրոջը: Վերջինս վայր է ընկել, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել: Վեճը Արտյոմի եւ Արթուրի միջեւ շարունակվել է: Ամբաստանյալն իր մոտ գտնվող դանակով երեք անգամ հարվածել է Արտյոմ Ադանալյանի մարմնի տարբեր մասերին: Ստացած մարմնական վնասվածքներից Արտյոմը մահացել է:

Տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի համոզմամբ՝ հանցագործության մյուս մասնակիցները գտնվում են ազատության մեջ: Ըստ Ռուզաննա Ադանալյանի՝ տեղի է ունեցել խմբակային հանցագործություն, սակայն, չգիտես ինչու, մեղայականով ոստիկանություն է ներկայացել միայն խնջույքի մասնակիցներից մեկը, իսկ մյուսները ներգրավվել են որպես վկաներ: Նրանց մի մասն էլ ներկայումս բացակայում է հանրապետությունից:

Այսօր կայացած դատական նիստին չէր ներկայացել դատախազ Արմեն Շիրոյանը: Դատակոչված 22 վկաներից ներկայացել էին միայն երկուսը: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալը միջնորդեց դատարանին իրեն սահմանված կարգով հանրային պաշտպան ապահովել: Արթուր Մարտիրոսյանը դատարանին հայտնեց, որ նախաքննության ընթացքում իր շահերը պաշտպանել է հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանը, ում հետ կնքած պայմանագրի ժամկետն ավարտվել է, եւ ինքը մնացել է առանց փաստաբանի:

Տուժող կողմը միջնորդեց դատարանին ստուգել ամբաստանյալի սոցիալական վիճակի վերաբերյալ հայտարարությունը: Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանի՝ ամբաստանյալն աշխատել է Ախուրյանի շաքարի գործարանում եւ չի կարող սոցիալապես անապահով լինել:

Դատավոր Աշոտ Մանուկյանը միջնորդությունը քննելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ: Մոտ մեկ ժամ անց վերսկսվեց դատական նիստը: Դատավորը մերժեց տուժող կողմի միջնորդությունը՝ պարզաբանելով, որ դատարանի իրավասության մեջ չի մտնում ամբաստանյալի վճարունակ լինելը կամ չլինելը ճշգրտելը:

Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 30-ին: 

Մեկնաբանություններ (1)

հայ - վայ
իսկական հայի գործ՝ անմիտ, դատարկ աքլորություն ու կորսված կյանքեր - մարդ կդառնանք թե ընդմիշտ անտաշ անուղեղ պիտի մնանք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter