HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Բագրատյանը՝ Կորյուն Նահապետյանին. «Նկարում եք ամեն տեղ, մի հատ տուալետ չենք կարողանում մտնել»

Լիլիթ Թադևոսյան

Այսօր ԱԺ-ում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի հետ մեկտեղ քննարկվում էր Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ոլորտը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, խոսքն ուղղելով ոլորտը ներկայացնող ԱԺ վերոնշյալ հանձնաժաղովի նախագահ Կորյուն Նահապետյանին, առաջարկեց սահմանամերձ շրջաններում 40 ռազմականացված բնակավայր ստեղծել:

«Դուք ո՞նց եք նայում նրան, որ մեզ ամբողջ օրը նկարում են: Ես նայում եմ՝ 18 կամերա ինձ ամբողջ օրը նկարում է, եթե դրան գումարենք, ստացվում է, որ իմ ամբողջ կյանքը նկարած է: Արդեն հիմա շենքում բակի կողմից էլ են կամերա դրել: Այսինքն՝ դուք այդքան մտահոգվում եք մեր մասին, մեր առողջության մասին, որ մենք հանկարծ սխալ քայլ չանենք, լևի չգնանք, էդ սաղ նկարում եք: Ի՞նչ անենք, որտե՞ղ գնանք, արդեն ռեստորան հրավիրում են հաց ուտելու, ասում եմ՝ ձեր մոտ նկարո՞ւմ են, գա՞նք, թե՞ չէ:

Մարդ ես էլի, ուզում ես մի հատ անեկդոտ պատմես, բնականաբար էլ չի ստացվում, տունը հեչ չխոսե՞նք, տունը ամեն ինչ լսվում է, ամեն ինչ նկարվում է: Դուք ոնց եք դրան նայում՝ որպես ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ»,- հարցրեց Հրանտ Բագրատյանը:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Կորյուն Նահապետյանն ասաց, որ իրականում Բագրատյանը մի փոքր չափազանցնում է, որ ամենուր տեսանկարահանվող սարքերով վերահսկվում է իր ամեն մի շարժ և ընդհանրապես յուրաքանչյուրի շարժ տեսանկարահանման ենթակա է:

«Ինչ վերաբերում է տեսանկարահանող սարքերի ներդրմանը և գործադրմանը, ապա մենք պարբերաբար քննարկումների ժամանակ անդրադարձել ենք այս կամ այն տարածքում տեսանկարահանող սարք տեղադրելու անհրաժեշտությանը»,- ասաց Նահապետյանը:

Նահապետյանն առաջարկեց, որ եթե պատգամավորը գտնում է, որ այստեղ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա, թող հանդես գա  համապատասխան նախաձեռնությամբ, որը կքննարկեն:

Խոսելով նաև սահմանամերձ 40 ռազմականացված բնակավայրեր ստեղծելու մասին՝ Նահապետյանն ասաց, որ այդտեղ անվտանգության ապահովման ուղղությամբ իրենք իսկապես պետք է ձեռնարկեն նոր համալիր միջոցառումներ, իսկ թե ի՞նչ միջոցառումներ կարող են ենթադրվել, նույնպես քննարկման խնդիր է:

Արձագանքելով՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ խոսքն ուղղում է հանրապետական մեծամասնությանը:

«Լսեք, մեզ ձեռ մի առեք, մի հատ բան ենք ասում, անգամ բացահայտ կիքսի վերաբերյալ, անընդհատ ասում եք՝ հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ: 28 անգամ հանդես եմ եկել, մի անգամ քննարկե՞լ եք ստեղ: Սահմանադրություն եք փոխում՝ ասում ենք պատգամավորը նախաձեռնության իրավունք ունի, մենք չունենք օրենսդրական նախաձեռնության իրավունք: Եթե ընդդիմություն ես, չունես: Հիմա ի՞նչ ասեմ, շարունակեք տուգանել: Արագափաչի մասով ենք մի անգամ արել, մեջն ի՞նչ կա, հա էլ կանենք, հա էլ չեք ընդունի: Քննարկեցինք, լսեցինք իրար՝ վերջ: Սա ձև է դառնում: Դուք մարդկանց նկարում եք ամեն տեղ, մի հատ տուալետ չենք կարողանում մտնել»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Պատասխանելով՝ Կորյուն Նահապետյանն ասաց, որ ինչ վերաբերում է պատգամավորի՝ օրենսդրական նախաձեռնության իրավունքի իրացմանը, ապա նա ազատ կարող է օգտվել այդ իրավունքից:

Մեկնաբանություններ (1)

Համայակ
Բագրատյան ջան հիմա ամեն զարգացած տեղ ըտենց ա, նկարում ու լսում են ամեն ինչդ, մերոնք ընչո՜վ են պակաս: Ինչքան պետք է պարտք կանենք, նրա համար որ քեզ պաշտպանենք տեռորից, եւ՝ սխալ քայլերից: Դրա համար էլ պիտի ուրախ-ուրախ վճարեք ու շնարհակալ լինենք: Հլա հատուկ չիպ էլ կա, մտցնելու են համապատասխան տեղը որ գրանցեն թե ինչ ու ինչքան ենք կերել խմել, որ արդար հարկ դրվի ու ստամոքսներս պաշտպանվի: Այո՜ փոփոխված սայմանգրությանը!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter