Նիկոլ Փաշինյան. «Եթե մեր պաշտոնյաներն աշխատեին Դանիայում, ապա ոչ թե «բրանիրովոնիյ լիմուզիններով գործի կգնային, այլ ամեն օր պալասատովիյ պիժամայով զբոսանքի»
Լիլիթ Թադևոսյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, այսօր ելույթ ունենալով 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը, ասաց, որ դրա մասին երկու լուր ունի, մեկը՝ վատ, մեկը՝ լավ:
Վատ լուրը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, այն է, որ նախորդ տարվա համեմատությամբ բյուջեի եկամուտները շուրջ 8 մլրդ դրամով պակասել են, այսինքն՝ կենսաթոշակները, նպաստները բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձները չեն բարձրանա: Փաշինյանի հայտնած լավ լուրն այն է, որ պետական կառավարման մարմինների ծառայողական մեքենաների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 83 հատով և մյուս տարի հասնելու է 1072-ի:
Փաշինյանը հարցրեց՝ շա՞տ է այս թիվը 2,8 մլրդ բյուջե ունեցող Հայաստանի համար, թե՞ քիչ: Նա տեղեկացրեց, որ Դանիայի խորհրդարան հարցում է ուղարկել՝ իմանալու, թե քանի ծառայողական մեքենա ունի Դանիայի խորհրդարանը: Պատասխանել են, որ Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը: Մինչդեռ ՀՀ ԱԺ-ում կա 82 ծառայողական ավտոմեքենա:
«Այն, որ ԱԺ նախագահը պետք է ունենա մեքենա, դա չի քննարկվում, սակայն մենք, լինելով հինավուրց ու վաստակաշատ ԱԺ, քարը գլուխը՝ խմբակցությունների ղեկավարներն էլ պետք է ունենան: Լավ, առատաձեռն ենք՝ հանձնաժողովի նախագահներն էլ թող ունենան, լավ, ԱԺ աշխատակազմն էլ ձեզ նվեր: Բա մնացածներն ովքե՞ր են, էտ ովքե՞ր են: Մոտավորապես նույն վիճակն է նաեւ կառավարության աշխատակազմում՝ ամեն երեք աշխատողի մեկ մեքենա է հասնում: «Առանց օֆ անելու ԱԺ-ն ընդունում է կառավարության շըփթըփ ընդունած որոշումները, հետո անցնում է մեկ-երկու տարի, ասում ենք՝ արա, էս ի՞նչ ենք անում՝ ունքը շտկելու տեղը աչքն ենք հանում: Նույնը եղավ նույնականացման քարտերի հետ՝ ինչքան գրանտային միջոցներ ծախսվեցին դրա համար: Ես կուզենամ մեր պաշտոնյաները ամեն առավոտ կռացած ու կարտոշկի գրուզավիկի նման տեղափոխող գազելներ նստեն ու գնան, ինչպես ստիպում են տարեցներին ու դեռատի աղջիկներին»,- ասաց Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ եթե մեր պաշտոնյաներն աշխատեին Դանիայում այնպես, ինչպես այստեղ են աշխատում, ապա ոչ թե «բրանիրովոնի լիմուզիններով գործի կգնային, այլ ամեն օր պալասատովի պիժամայով՝ օրը երկու անգամ զբոսանքի»:
Փաշինյանը տեղեկացրեց, որ 1072 ծառայողական մեքենաների մեջ չեն մտնում «ախրանայի» ավտոմեքենաները, ՊՆ-ի, Ոստիկանության, ԴԱՀԿ-ի, հարկային ծառայության, ԿԲ-ի, քաղաքապետարանի, գյուղապետարանների ավտոմեքենաների թիվը:
«Եթե այս թիվն էլ գումարենք, ապա մենք ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների թվով գերազանցում ենք ԱՄՆ-ին, Չինաստանին, ՌԴ-ին ու Հնդկաստանին»:
Արձագանքելով Փաշինյանի դիտարկմանը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ չարագործությունը կարող է նաեւ դրական հետևանքներ ունենալ:
«ՀՀ ԱԺ-ն և՛ մեքենաների, և՛ ֆինանսական առումով Դանիայի հետ համեմատած ծիծաղելի իրավիճակի մեջ կընկնի: Դրանք անձին սպասարկող մեքենաներ չեն: Դա ուղղված է տվյալ հանձնաժողովին, ոչ թե անձին: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ եթե հանկարծ այդ մեքենաները չլինեն, մի քանի անգամ ծախսերը կշատանային, քան այս դեպքում: Իհարկե, ես էլ շատ կցանկանայի, որ այնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանիվով ման գայինք, շատ կցանկանայի, որ անվտանգության սպասարկողներ չլինեին: Ամեն մի պետություն այնպես է ապրում, որ սուղ միջոցներով առաջ գնա: Ես չեմ հասկանում ՝ այդ խանդը որտեղից է գալիս: Մեր ընդհանուր բյուջեն ընդամենը աշխատավարձ է: Ի դեպ, այդ 82 ավտոմեքենաներից 30-ը որպես լոմ կանգնած է: Յեքա գերանը չտեսար, ասեղը տեսար»,- ասաց Սահակյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել