Գնում կատարելու դեպքում նվիրատվություն անելը գործոն չի դիտարկվում
«Հետքն» արդեն անդրադարձել է Սեւանա լիճ բաց թողնվող մանրաձուկ գնելու թեմային: Բնապահպանության նախարարության տվյալների ներկայացմամբ նշել էինք, որ պետությունը գոյություն ունեցող 234 ձկնաբուծական տնտեսությունից միայն 5-ից է գնումներ կատարել 2007-2010 թթ.: Այս փաստը նախարարության գնումների գործընթացի իրականացման բաժնի պետ Ռոման Չոբանյանը հիմնավորում է նրանով, որ եղած տնտեսություններից շատ քչերն ունեն գեղարքունու եւ ամառային իշխանի զտարյուն մայրական կազմ:
«Ես 2008-ին ման եմ եկել բոլոր խոշոր տնտեսությունները, որոնք ի վիճակի են արտադրելու գեղարքունու եւ ամառային իշխանի մանրաձուկ: Բոլոր 234-ը չէ, որ ի վիճակի են աճեցնել այս քանակի ու տեսակի մանրաձուկ,- ասում է Ռ. Չոբանյանը:- Մենք հանդիպել ենք «Յունիֆիշ»-ից Արմեն Մկրտչյանին, «Բեգաս Ֆիշ»-ից Թորգոմ Մարկոսյանին, «Ակվամեկ» ՍՊԸ-ին. բոլոր ուսումնասիրությունները կատարվել են` ով ունի մայրական կազմ, ով է ի վիճակի այս ապրանքը արտադրելու ու մաքուր գեղարքունի եւ ամառային իշխան տալու»:
2007-2010 թթ. պետությունը 10 անգամ գնում է կատարել «Արեւաձուկ» ՍՊԸ-ից եւ 6 անգամ` «Յունիֆիշ» ՍՊԸ-ից: «Փաստորեն, ստացվում է, որ «Արեւաձուկ» ու «Յունիֆիշ» ՍՊԸ-ներն են, որ նորմալ մայրական կազմ ունեն, հիմնականում որոնցից էլ դուք 2008-2010 թթ. գնումներ եք կատարել»,- մեր այս դիտարկմանը բաժնի պետը պատասխանում է. «Ոչ միայն իրենք են: «Բեգաս Ֆիշ»-ն էլ ունի մայրական կազմ, բայց փոքր է, նույն «Ակվամեկ»-ը, որին մենք ասել էինք, որ մայրական կազմը զտի: Եթե զտեր, մրցույթներին կմասնակցեր: Մայրական կազմի զտում է պետք: Երբ ես 2 տարի առաջ եղա այդ տնտեսությունում. եւ ծիածանափայլը, եւ ամառայինը, եւ գեղարքունին, եւ կարմրախայտը պահվում էին նույն ջրավազանի մեջ: Եվ դրանից ենթադրվում է, որ այդտեղ զտարյուն տեսակ չի կարող լինել: Իսկ այսօր Սեւանա լիճ էնդեմիկ տեսակ չհանդիսացող հիբրիդներ լցնելը կարող է հանցագործություն լինել»:
Մանրաձուկը ձեռք է բերվել թե ուղղակի գնման, թե մրցույթի միջոցով: Մասնավորապես` «Գոս» ՓԲԸ-ն իր բոլոր 3 մատակարարումն արել է մրցույթներում հաղթելուց հետո, իսկ «Սեւանի ձկնաբուծական գործարան» ԲԲԸ-ից եւ «Բեգաս Ֆիշ» ՍՊԸ-ից 1-ական անգամ մանրաձուկ է ձեռք բերվել ուղղակի գնման միջոցով:
«Յունիֆիշ» ՍՊԸ-ն 4 անգամ մրցույթ է շահել, 2 անգամ էլ նրանից ուղղակի գնում է կատարվել, իսկ «Արեւաձուկ» ՍՊԸ-ն 5-ական անգամ մրցույթով եւ ուղղակի վաճառքով է մատակարարել:
Ռ. Չոբանյանն ասում է, որ ուղղակի գնման պայմանագրերը կնքվել են օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, երբ մինչ այդ անընդհատ հայտարարվել են մրցույթներ, որոնք, սակայն, փաստաթղթերի թերությունների պատճառով չեն կայացել, եւ նոր դրանից հետո ուղղակի գնումներ են կատարվել. «Բոլոր գնումների համար էլ մրցույթներ հայտարարվել են: Այդ ուղղակի գնումները ոչ թե վերապահումներով են, այլ, ինչպես ասում են, դանակը հասնում է ոսկորին, ու էլ տեղ չկա (մանրաձուկը գարնանը բաց են թողնում ապրիլ-մայիսին, կախված եղանակից` նաեւ հունիսի սկզբին, իսկ աշնանը` հոկտեմբեր-նոյեմբերին, կախված եղանակից` նաեւ դեկտեմբերի սկզբին), իսկ դու գիտես, որ տվյալ մարդն ունի այդ մանրաձուկը, ու քեզ էլ պետք է»:
ԲՆ-ի ներկայացուցիչն օրինակ է բերում անցյալ տարվա դեպքը, երբ «Արեւաձուկ» ՍՊԸ-ից ամառային իշխանը գնել են միայն երրորդ մրցույթից հետո, քանի որ փաստաթղթային թերացումների խնդիր է եղել: Իսկ գեղարքունի անցյալ տարի 7 անգամ մրցույթ հայտարարելուց հետո էլ չի հաջողվել ձեռք բերել, սակայն պատճառը եղել են ոչ թե փաստաթղթերը, այլ ձկնաբույծների շահագրգռված չլինելը:
«Իմ ենթադրությամբ` անցյալ տարի մրցույթը չկայացավ, քանի որ միավորի գինը ցածր է եղել,- նշում է Ռ. Չոբանյանը:- Անընդհատ հանրության կողմից բողոքներ էինք լսում, որ գինը բարձր է, ու որոշեցինք ցածր գին առաջարկել: Դրա համար էլ մարդիկ չեկան մրցույթի, որովհետեւ իրենց շահավետ պայմաններ չէին. գինն ինքնարժեքից ցածր էր»:
«Հետքի» աղբյուրը հայտնել էր, որ մրցույթներում ներկայացվող գները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես` 2008-ին պետությունը 100 գրամից ավելի քաշ ունեցող ամառային իշխանի հատը գնել է 720 դրամով, այնինչ, ըստ ոլորտի մասնագետի, դրա իրական շուկայական գինը 300-400 դրամ է (այսինքն` դա բավարար է ձկնաբույծին օգուտ ստանալու համար): Մնացածը գնում է պաշտոնյաների գրպանը:
Այս տարի էլ պետությունը ծրագրել է 3 գրամից ավելի քաշով ամառային իշխանի հատը գնել 150 դրամով, իսկ, ըստ մեր աղբյուրի, դրա նորմալ գինը 100 դրամ է:
«Այդ մասնագետը գնային քաղաքականությունը պետք է գնահատեր կոնկրետ տեսակի համար,- հակադարձում է ԲՆ-ի գնումների գործընթացի իրականացման բաժնի պետը:- Ուրիշ տեսակներ կան` ծիածանափայլ իշխան, կարմրախայտ: Դրանք, ես համաձայն եմ, շատ ավելի էժան են: 3 անգամ գները էժան են: Նրա ասածը ծիածանափայլի գինն է, իսկ իրականը 720 դրամ է, որից, եթե հանենք ԱԱՀ-ն, շահութահարկը, տակը կմնա 300-400-ից մի քիչ ավելի գումար: Ձկնաբույծների ներքին շուկայում 1-1,5 գրամանոց գեղարքունու եւ ամառային իշխանի մանրաձուկն արժե 100 դրամ»:
Իսկ ո՞վ է որոշում գները, եւ արդյո՞ք այսօր շուկայում գին թելադրողներ կան: Ըստ Ռ. Չոբանյանի` մանրաձկան գինը որոշվել է դեռեւս 2002-ին, երբ ձեռք է բերվել առաջին փոքր խմբաքանակը: Այն ժամանակ հարցումներ են կատարվել տնտեսություններին, թե ով ինչ գնով կարող է մատակարարել:
«Գերիշխող դիրք ունեցողներ, իհարկե, կան, բայց տվյալներին ես չեմ տիրապետում, անուններ չեմ ուզում ասել, որովհետեւ կարող է սխալվեմ,- ասում է ԲՆ-ի ներկայացուցիչն ու հավելում:- Այդ 234 տնտեսությունները թող մասնակցեն, միավորի գինը ավելի էժան դառնա, մենք էլ ավելի շատ մանրաձուկ առնենք: Բոլորի համար էլ խորթ է, որ 5 գրամանոց մանրաձուկն արժե 180 դրամ, բայց շուկայական ուսումնասիրությունների արդյունքներից վերցված գին է դա»:
Վերջին տարիների երկու հիմնական մատակարարներից «Արեւաձուկ» ՍՊԸ-ի հիմնադիր Լավրենտ Հակոբյանի մասին, որից գնվում է հատկապես ամառային իշխան, Չոբանյանն ասում է. «Հակոբյանը տարիներ ի վեր իր առաջ ամառային իշխանի պահպանության խնդիր էր դրել: Սրանից մի 10-12 տարի առաջ սկսել է զբաղվել դրանով:
Այսօր նա ունի ամառային իշխանի մայրական կազմ ու պահպանում է այն»: Իսկ «Յունիֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մկրտչյանի մասին նշում է, որ վերջինս խոստացել է իրենից գնում կատարելու դեպքում վաճառված մանրաձկան 10 տոկոսի չափով իր կողմից նվիրատվություն կատարել:
Առաջին դեպքը տեղի է ունեցել 2007-ին, երբ «Յունիֆիշ»-ի իրավանախորդ «Միավար» ՍՊԸ-ն պայմանագրից դուրս ձուկ է բաց թողել լիճ: «Մինչեւ պայմանագիր կնքելն արդեն նվիրատվությունն արել էր,- պատմում է Ռ. Չոբանյանը:- Չեմ հիշում` 2500, թե 3000 հատ 50 գրամանոց մանրաձուկ իր կողմից տարել, բաց էր թողել, մեզ էլ վերջին պահին էր հրավիրել որպես դիտորդի»:
Այսպիսով` արտադրողը 2007-ին նվիրատվություն է արել, իսկ դրանից հետո` նույն տարում, եւ 2008-2009-ի մրցույթներում հաղթող է ճանաչվել:
Այստեղ հարց չի՞ առաջանում: «Իհարկե, հարց է առաջանում: Բայց եկեք ուղիղ նայենք եւ ոչ թե ենթատեքստեր տեսնենք: Դա գործոն բացարձակ չի հանդիսանում, քանի որ մրցութային փաստաթղթերում, հրավերներում մենք նման պայման ոչ մեկի առջեւ չենք դրել: Ես ասում եմ, որ այդ մարդը բացարձակ միտում չունի, ու նրան ոչ ոք չի պարտադրում անել դա:
Ելնելով իր կարողություններից, հայրենասիրությունից` ինքն իր մեջ ուզում է այս երկրի համար ինչ-որ բան արած լինել: Ինչու՞ չենք մտածում, որ մարդը նաեւ ազնիվ մղումներ կարող է ունենալ: Ես իրեն որպես անձ չեմ գնահատում, բայց ընդամենը երեւույթին եմ ուզում գնահատական տալ. եկեք նայենք ազնիվ տեսանկյունից»:
Հ.Գ. Նախագահ Սերժ Սարգսյանը բնապահպանության նախարարին վերջերս հանձնարարել էր այս տարի Սեւանա լիճ բաց թողնել 1 մլն հատ մանրաձուկ` նախատեսված 367.000-ի փոխարեն: Մինչ այս պետբյուջեից արդեն իսկ հատկացվել էր 60 մլն դրամ` 167.000 հատ գեղարքունի եւ 200.000 հատ ամառային իշխան գնելու համար: Ռոման Չոբանյանի տեղեկացմամբ` իրենք առայժմ սպասում են, որ Կառավարությունը համապատասխան որոշում կայացնի ֆինանսական հատկացումների վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել