HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փող ունեցողը չի խնայում, սկսում են խնայել, երբ որ փող չունեն». Բագրատյանը՝ 2016 թվականի բյուջեի մասին

Լիլիթ Թադևոսյան

«Այս բյուջեի ամենավտանգավորն այն է, որ եթե բյուջեն ընդունում ենք և անցնում ու քայլեր չենք ձեռնարկելու, էլի ունենալու եք նույն խոսակցությունն, ու էլի պակասելու է»,- այսօր, երբ ԱԺ-ում քննարկվում էր 2016 թվականի բյուջեի սոցիալական ոլորտը, իր ելությում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

Այնուհետև նա ներկայացրեց, թե որն է խնդիրը:

«Բյուջեի նախագծում ներկայացված չի տնտեսական քաղաքականության մոդելը, դա գալիս է նրանից, որ կառվարությունում չենք քննարկել այս մոդելը: Արդյունքում այս կառավարությունը մոտավորապես արժանանալու է նույն բախտին, ինչ նախորդ կառավարությունը: Այս կառավարությանը մենք զգուշացրել ենք՝ տնտեսության աճելու համար պետք է այլ քաղաքականություն: Նախորդ կառավարությունը չէր հասկանում: Նախորդ կառավարությունը քաղաքականություն չուներ, ասում էր մակրոտնտեսական ստաբիլիզացիա: Ի՞նչ է դա, խոսքը վերաբերում է միջավայրին, ասենք բաղնիքի ջերմաստիճանը պետք է լինի 30 աստիճան, բայց բաղնիքում լողանալու համար նաև տաք ջուր է պետք: Խնդիրը տաք ջուրն է ու լողանալը: Իսկ ջերմաստիճանը այդ պայմանն է: Դուք չեք լսում, բայց այստեղ այդուհանդերձ կան մեկ-երկուսը, որ ասում են ձեզ այդ քաղաքականության մասին»,- ասաց Բագրատյանը:

Այնուհետև իր խոսքն ուղղելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ Բագրատյանն ասաց, որ քաղաքականություն չէ՝ վեր կենալ ու ասել հաշմանդամներին այսքան սայլակ կտանք: Բագրատյանի խոսքերով՝ դա նախարարության օրական խնդիրն է, և հարց է առաջանում, թե որն է նրանց սոցիալական քաղաքականությունը, ինչպես են եկամուտները բաշխելու, որ նպաստեն տնտեսության աճին: Բագրատյանը նշեց, որ սրա մասին պետք է խոսեր Ասատրյանը, որպես քաղաքականություն տանող նախարար:

Ինչ վերաբերում է քաղաքականությանը, Բագրատյանն ասաց. «Սա հատկապես վերաբերում է հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներին: Վերականգնողական աճը սպառվել է, Հայաստանում արվել են ռեֆորմներ 90-ականներին՝ լավագույնը, ըստ Համաշխարհային բանկի գնահատման, աշխարհում, ավելի լավ քան Արևելյան Եվրոպայում, էդ միակ դեպքն է, նայեք «Կովկասյան վագրի ցատկ» 2006 թվականի գիրքը: Բայց դա ստեղծել է մթնոլորտ, դրանից հետո տնտեսությունը, որը քանդվելու էր, երկու անգամ իջել էր, սկսեց աճել, սկսեց աճել վերականգնողական ձևով: Այսօր դուք ինձ կարող եք ասել, այ Բագրատյան, ի՞նչ վերականգնողական աճ, մենք փող չունենք աշխատավարձ տանք:

Լսե՛ք, փող ունեցողը չի խնայում, սկսում են խնայել, երբ որ փող չունեն: Մենք ձեզ ասում ենք՝ դրեք 100-ից 200 միլիարդ դրամ փող, բերեք 2-3 հատ կլաստեր, ասեք՝ սա զարգացնում ենք, մասնավոր սեկտոր, արի վրան դիր փողը ավելանա, այս ճանապարհը եթե չանեք, ոչինչ չի ստացվելու: Բացատրությունում էլ կասենք՝ կամ աշխարհը նպաստեց մեր աճին կամ չնպաստեց: Մի հատ էլ հիմնադրամ դնեիք, ասեիք՝ ժողովուրդ, ձեզ հրավիրում ենք խնայողության, գիտեմ աղքատ ես, գիտեմ թոշակդ քիչ է, արի հազար դրամ ներդրի, ես քեզ 5 տոկոս եկամտաբերության երաշխիք եմ տալիս: Չէ, ձեր ներդրումներն էլ են մոնոպոլիզացվել՝ որևէ օլիգարխի անվան հետ կապված»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Իր ելությի ավարտին Բագրատյանն առաջարկեց կառավարությանը գնալ տնտեսական քաղաքականության, սխալ կամ ճիշտ՝ միայն թե գնան դրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter