
Ջավախքցին պնդում է՝ իր նկատմամբ խտրականություն է դրսևորվում հայ լինելու պատճառով
«Նինոծմինդայի կենցաղ սպասարկման վարչություն» ՍՊԸ-ի տնօրեն Լյովա Կոբելյանը դատական քաշքշուկի մեջ է Վրաստանի դատարանների հետ: Ասում է, որ իր նկատմամբ խտրականություն է դրսևորվում ազգային պատկանելության պատճառով:
Լյովա Կոբելյանը «Նինոծմինդայի կենցաղ սպասարկման վարչություն» ՍՊԸ-ի 44 % բաժնեմասի սեփականատերն է: Մնացյալ 56 %-ը դեռևս պետական բաժնեմաս է: Այս ՍՊԸ-ի բալանսում Նինոծմինդայից Ախալքալաք տանող ճանապարհին կա քարի 2 արտադրամաս (քարի արտադրամասերից այս պահին մեկն է աշխատում) և մեկ վարչական շենք: Սակայն դրանց նկատմամբ սեփականության իրավունք դեռևս չի կարող գրանցել:
Սեփականության իրավունքը գրանցող Վրաստանի ազգային գործակալությունը (Հայաստանում՝ Կադաստրը) հրաժարվում է ընկերության օբյեկտները գրանցել հանրային ռեեստրում սկսած 2010թ.-ից:
Լյովա Կոբելյանը պնդում է, որ ազգային գործակալությունը խախտում է Վրաստանի նախագահի թիվ 525 15.09.2007թ. հրամանը և ընկերության կանոնադրությունը: Այդ հրամանը սահմանում էր պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների վերակազմավորումն ու սեփականության գրանցումը:
Լյովա Կոբելյանի տվյալներով, Վրաստանում կա 323 ընկերություն, որոնք ձևավորվել են վերակազմավորման արդյունքով: «Նինոծմինդայի կենցաղ սպասարկման վարչությունը» նույնպես ձևավորվել է վերակազմավորման հիման վրա: Եվ միայն դրա սեփականության իրավունքն իր օբյեկտների նկատմամբ տակավին չի գրանցվել: Մնացյալ ընկերությունները վաղուց ավարտել են այդ գործընթացը:
«323 ընկերություններից միայն ես եմ, որ հայ տնօրեն եմ: Դրա պատճառով էլ չեն գրանցում: Սա ազգային խտրականություն է»,- վստահ է Լ. Կոբելյանը:
Լյովա Կոբելյանը բազմիցս դիմել է Վրաստանի հանրային ռեեստր, որպեսզի քարի արտադրամասերն ու շենքը գրանցեն որպես ընկերության սեփականություն: Հանրային ռեեստրը տարբեր փաստաթղթեր է պահանջել ու անընդհատ ձգձգել է ու, ի վերջո, մերժել է գրանցումը՝ չանայած պահանջված բոլոր փաստաթղթերը տրամադրվել են:
Լյովա Կոբելյանն անցյալ տարվա դեկտեմբերին դիմել է շրջանի դատարան: Նրա հայցը, սակայն, մերժվել է՝ հիմք ընդունելով հանրային ռեեստրի մերժումը:
«Ախալքալաքի շրջանային դատարանում իրականացվում է դատական թատրոն: Ախալքալաքի շրջանային դատարանում ես, որպես ընկերության նախագահ և փայատեր, ի վիճակի չեմ պաշտպանելու ընկերության սեփականության իրավունքը: Փաստորեն, Վրաստանի նախագահի հրամանն ի կատար չի ածվում»,- «Հետքին» պատմել է Լյովա Կոբելյանը:
Նա նշում է, որ դատական նիստերի ժամանակ իր կողմից ներկայացված ապացույցները, բացատրությունները, դիմումները և միջնորդությունները հիմք չեն ընդունվել, քանի որ իր գործով արդեն վճիռը կայացված էր, և Ախալքալաքի դատարանի դատավորը կողմնակալ վերաբերմունք ունի իր նկատմամբ՝ վերադաս դատարանի դատավորների և մարմինների հովանավորությամբ:
«Ինձ մոտ հարց է առաջանում, ես՝ որպես ընկերության նախագահ և 44 % փայատեր, ուր պիտի դիմեմ, որպեսզի կարողանամ պաշտպանել ընկերության շահերը: Ուզում եմ իմանալ, արդյոք Ախալքալաքի շրջանային դատարանում կա արդարադատություն»,-ասում է նա:
Լյովա Կոբելյանը, այդուհանդերձ, շարունակում է պայքարել իր իրավունքների համար: Նա վերադաս ատյան է դիմել՝ բողոքարկելով Ախալքալաքի շրջանային դատարանի վճիռը:
Լյովա Կոբելյանը Վրաստանի իրավապահ մարմինների հետ «հակամարտելու» երկար տարիների փորձառություն ունի: Տարիներ առաջ նույն քարի արտադրամասերից բազալտ է արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Այս և հասարակական ակտիվ գործունեությունը դուր չի եկել վրացիներին, և նրանք տնտեսական հետապնդում են սկսել Լ. Կոբելյանի նկատմամբ: Շուրջ 7 տարի տևած դատական քաշքշուկից հետո վրացական դատարանները նրան մասնակի արդարացրել և մասնակի տուգանել են:
Կոբելյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքարկելով քրեական վարույթի տևողությունն ու արդյունքը: Նա պահանջել է նյութական՝ 1,1 մլն եվրո և ոչ նյութական փոխհատուցում:
«Կոբելյանն ընդդեմ Վրաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Վրաստանի իրավական համակարգը անարդարացիորեն խախտել է գործի՝ ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքը: ՄԻԵԴ-ը նաև պարտադրել է Վրաստանի կառավարությանը 1000 եվրո փոխհատուցում տրամադրել Լյովա Կոբելյանին:
Լյովա Կոբելյանն ասում է, որ ինքը Ջավախքում միակն է, որ իր իրավունքների խախատման համար դիմել է Եվրադատարան և շահել գործը: Չի բացառվում, որ քարի արտադրամասի՝ սեփականության իրավունքի գրանցման գործով ևս դիմի ՄԻԵԴ-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել