HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երեւանը՝ ընդդեմ Չերեւանի

«Այս միջոցառումը մենք կոչում ենք «Հարավային պողոտա», որը Հյուսիսային պողոտայի դրական տարբերակն է: Մենք ցույց ենք տալիս այն Երեւանը, որն ուզում ենք տեսնել»,- ասում է ամերիկահայ Թամար Փալանջյանը, ով Երեւանի քաղաքաշինական ներկայիս վիճակի դեմ անցկացվող բողոքի ակցիայի կազմակերպիչներից է:

Մարտի 25-ին Երեւանի Կոմիտասի արձանին հարակից տարածքում կազմակերպված ակցիան սկսվեց ցուցահանդեսով:

«Պլակատների վրա գրել ենք մեր ցանկությունները Երեւանի մասին: Այստեղ կան լուսանկարներ, որոնք ցույց են տալիս այն ժամանակվա Երեւանը, երբ շատ ծառեր կային, ակտիվ երիտասարդներ կային, որոնք տարբեր միջոցառումներ էին կազմակերպում: Զուգարանի թղթերով եւ լուսանկարներով էլ ներկայացրել ենք Չերեւանը եւ չերեւանցիներին, այսինքն՝ այն մարդկանց, ում չենք ուզում տեսնել Երեւանում, կամ նրանց, ովքեր քանդում են մարդկանց տները»,- ասում է Թամար Փալանջյանը:

«Տարածաշրջանային զարգացման կենտրոն/ Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան» ՀԿ-ի եւ «Սկսել ա...» նախաձեռնող խմբի համատեղ ակցիային մասնակցում էին նաեւ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները: Մասնակիցներին բաժանված թղթե բանալիները խորհրդանշում էին բնակիչների կորցրած տները:

Ցուցադրությունից հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին Սայաթ-Նովա-Աբովյան-Հանրապետության հրապարակ ուղղությամբ՝ երթի ընթացքում սուլելով «էլիտար» բարձրահարկերի ու դրանց տերերի հասցեին:

Երթը նախատեսված էր մինչեւ Երեւանի քաղաքապետարան, որտեղ ակցիայի կազմակերպիչները նամակ պետք է հանձնեին քաղաքի ղեկավարությանը: Սակայն Հանրապետության հրապարակում, տեղեկանալով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան մասին, միջոցառման մասնակիցները ցրվեցին՝ ակցիան հետագայում ավարտին հասցնելու մտադրությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter