
Շիրակի մարզում ընտանեկան սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխության վերաբերյալ բացասական գնահատականն աճել է
Մարզի հիմնախնդիրները, ռեսուրսները և զարգացման հնարավորությունները թեմայով «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը սոցիոլոգիական հարցում է անցկացրել Շիրակի մարզի 3 քաղաքներում և 22 գյուղերում, որին մասնակցել է 901 մարդ:
«Այ Փի Էս Սի»-ի կողմից Շիրակի մարզում նախորդ հետազոտությունը իրականացվել էր չորս տարի առաջ: Այս ընթացքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել բնակիչների տրամադրություններում և տրված գնահատականներում: Իրենց ընտանեկան սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխության վերաբերյալ գնահատականը փոխվել է դեպի բացասականը: Նմանատիպ միտում նկատվում է նաև ընտանիքի ապագայում սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ գնահատականներում:
Բնակիչների տրամադրվածությունը մարզի անցյալի և ներկայի վերաբերյալ առավել հոռետեսական է դարձել: Մասնավորապես՝ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխության վերաբերյալ բացասական գնահատականը աճել է 17%-ով, իսկ դրական գնահատկանը նվազել է գրեթե երկու անգամ:
Հարցին, թե ինչպե՞ս է փոխվել մարզի սոցիալ-տնտեսական վիճակը վերջին մեկ տարվա ընթացքում, շիրակցիների 59.6% պատասխանել է, որ անկում է ապրել, 31%-ի կարծիքով մնացել է նույնը, իսկ 9.4%-ը զարգացում է նկատել: Համեմատության համար նշենք, որ 2011թ հուլիսին նույն հարցին շիրակցիները այլ կերպ էին պատասխանել: Զարգացում էին նկատել նրանց 22.3%-ը, իսկ անկում՝ 42.6%-ը:
Որպես մարզի ամենաթերզարգացած ոլորտներ, հարցվածների գերակշիռ մասն առանձնացրել է առողջապահության ոլորտը՝ 18%, հետո բնակարաշինությունը՝ 14.4%, այնուհետև ճանապարհաշինությունն ու թեթեև արդյունաբերությունը՝ 14.1 և 11.8%:
Հակառակ հարցին պատասխանելիս, որպես զարգացած ոլորտ առանձնացրել են սպորտը՝ 26.8%, հետո հողագործությունը` 18.8%, այնուհետև կրթությունն ու բանկային ոլորտը 10.3 և 9%:
Շիրակցիների 26.8%-ի կարծիքով մարզի առավելությունն ու առանձնահատկությունը մարդկային որակն է, հետո մշակույթը, արվեստը՝ 18.4%, այնուհետև սպորտն ու սպորտսմենները՝ 14.9%:
Հարցվածների 62.2%-ի կարծիքով մարզի ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը անկում է ապրել, միայն 9.9%-ն է ասել, որ լավացել է: Ապագայի վերաբերյալ կանխատեսումները ևս լավատեսական չեն: Հաշվի առնելով մարզի ներկայիս ընդհանուր վիճակը մոտ ապագայում ևս անկում կապրի: Այդ կարծիքին է հարցվածների 49.8%-ը, իսկ 16.2%-ը հույս ունի, որ վիճակը կլավանա:
Շիրակցիների կարծիքով դեպի դրականը չի փոխվի նաև սոցիալ-տնտեսական վիճակը: Այդպես է մտածում հարցվածների 32.7%-ը, 40.1%-ն էլ ասում է, որ վիճակը կմնա նույնը, իսկ 27.2%-ը լավացում է սպասում:
Ըստ սոցիոլոգիական կենտրոնի հավաքագրած տվյալների՝ Շիրակի մարզում կա երեք համայնք, որտեղ դպրոց չի գործում՝ ելնելով աշակերտների փոքր թվից: Իսկ հարցված փորձագետները նշել են երկու համայնք՝ Ջաջուռավան և Բերդաշեն գյուղերը, որտեղ դպրոցի համար նախատեսված շենք չկա, ինչի պատճառով Ջաջուռավանում դպրոցը գործում է տնակում, իսկ Բերդաշենում՝ բնակելի շենքում:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ մակարդակով որպես կարևորագույն խնդիրներ նշվել են գործազրկությունը, արտագաղթը և երկրի անվտանգության հիմնախնդիրը: Նախորդ հետազոտության ցուցանիշի համեմատությամբ անվտանգության հիմնախնդրից անհանգստացողների թիվը աճել է գրեթե 5%-ով:
Շիրակի մարզի հիմնախնդիրների պատասխանատուն, ըստ հարցվածների, կառավարությունն է՝ 64.4%, 35.5%-ի կարծիքով՝ նախագահը: Ազգային ժողովի պատասխանատվությունը գնահատել են 2.7%:
Թե շիրակցիների դժգոհություններից ինչ հետևություններ կանեն իշխանությունները՝ դժվար չէ գուշակել. նախորդ հարցման ցուցանիշների համեմատությունը արդեն տալիս են պատասխանը:
Մեկնաբանել