HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձեռքի աշխատանքները դարձել են 94-ամյա կնոջ ծերության օրերի իմաստը

Ալավերդցի բազմավաստակ մանկավարժ 94-ամյա Սիրուշ Մանուկյանի հարստությունը, ինչպես կասեր հանրահայտ երգիչ Կիկաբիձեն, նրա տարիներն են: Իր կյանքի վերջին 40 տարին Սիրուշ Մանուկյանը ապրել է` իր գործընկերներից, աշակերտներից և հասարակությունից մոռացված, իր տան 4 պատերի մեջ թոռնիկների, աղջկա ու փեսայի հետ միասին:

Մեր այցելության ժամանակ նկատեցինք, որ տարիները իրենց կնիքն են թողել ուսուցչուհու հիշողության վրա, որի պատճառով նա իր դժվարին կյանքի շատ փաստեր ինքնուրույն չկարողացավ հիշել, այդ մասին հիշեց և խոսեց աղջկա` Էմմայի օգնությամբ. «Ոնց ասեմ, ծնվել եմ Ստեփանավան քաղաքում` 1917 թվականին: Միջնակարգ դպրոցը Ստեփանավանում եմ ավարտել: Դպրոցն ավարտելուց հետո Երևանում ընդունվել եմ Պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը, երևի 1935 թ.-ին եմ ընդունվել իստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո Ստեփանավանում աշխատել եմ թիվ 1 դպրոցում:  Ագարակ գյուղի միջնակարգ դպրոցում էլ եմ աշխատել: Այստեղ աշխարհագրության դասաժամերի հետ գերմաներեն էլ եմ պարապել: Իմ աշակերտներին հանդիպեցի մի քանի տարի առաջ: Ասացին. «Ընկեր Մանուկյան, էդ որ գերմաներենը սովորել էինք, պետք եկավ»: Ստեփանավանում էլ Սիրուշ Մանուկյանը ամուսնացել է և ամուսնու հետ եկել Ալավերդի` աշխատելու:

Երբ է ամուսնացել, ում հետ և ինչ պայմաններում հարցիս ուսուցչուհին ծիծաղելով պատասխանեց. «Դժվար հարցեր ես տալիս: Ամուսնացել եմ մասնագիտությամբ շինարար Արշալույս Ամիրխանյանի հետ: Ամուսնացել ենք Արշալույսի բարեկամների միջոցով: Նրանք մեր թաղամասում էին ապրում: Արշալույս Ամիրխանյան»,- չգիտես ցավով, թե ափսոսանքով տարիների հեռավորությունից նա ընդգծված արտասանեց   ամուսնու ազգանունը:

«Ամուսնացել ենք, և ինքն է ինձ հավանել, և իր ծնողները: Հիմա ամեն ինչ պրծել է, որովհետև ծերացել եմ»,- ասաց Սիրուշ Մանուկյանը: «Թանկը պետք է գնահատել: Լավ վերաբերվել, կյանքում վատ բան չանել: Մարդկանց հետ լավ վերաբերվել, լավ աշխատել, ճիշտ ապրել»,- իր անցած կյանքից իմաստացած դասերը տվեց ուսուցչուհին:

Սրտի խորքում Սիրուշ Մանուկյանը մեծ ցավ ուներ: Խորհրդային տարիներին Ռուսաստանի Սարատով քաղաքում,  բանակում ծառայության ժամանակ զոհվել է նրա մինուճար որդին, որի զոհվելու տարեթիվը նա չհիշեց, սակայն որդու` Ռոբերտի անունը լսելիս ակոսվեց ողջ դեմքը:

«Տղայի թաղման հաջորդ օրը, երբ պետք է գնայինք գերեզման, տիկին Սիրուշին հարազատները չէին կարողանում տեղից ոտքի հանել: Դրսում հավաքված մարդիկ նրան էին սպասում: Սակայն անօգուտ. նա ոտքի չէր կանգնում: Ես մոտեցա նրան և ասացի. «Ընկեր Մանուկյան, մարդիկ մի աղջիկ երեխա են որդեգրում և նրանով մի ամբողջ կյանք երջանկացած ապրում են: Դուք  երկու աղջիկ ունեք»: Ընկեր Մանուկյանը նայեց երեսիս և ոտքի կանգնեց»,- հիշում է նրա գործընկեր, ուսուցչուհի Լիդա Նասիբյանը, ով նաև Սիուշ Մանուկյանին բնութագրեց որպես բանիմաց, շնորհալի և աշխատասեր մանկավարժի:

Վաղ է մահացել նաև Սիրուշ Մանուկյանի ամուսինը` Ալավերդիում մեծ համբավ ունեցող շինարար Արշալույս Ամիրխանյանը: «Ես 1,5 տարեկամ եմ եղել, հորս չեմ հիշում»,- ասում է Էմման: Երեխաներին մեծացնելու և դաստիարակելու ողջ դժվարությունները իր ուսերին է տարել տիկին Սիրուշը: Ուսուցչուհին հիշեց, որ կենսաթոշակի անցնելուց հետո մի անգամ այցելել է թիվ 2 դպրոց: Դպրոցի տնօրենը բարեխիղճ ուսուցչուհուն առաջարկել է կրկին վերադառնալ աշխատանքի. «Քանի տարի չէի աշխատել, հետո գնացել էի հանդիպման, ասավ` ընկեր Մանուկյան, արի նորից սկսենք»:

Սիրուշ Մանուկյանը տնօրենին պատասխանել է. «Ամեն ինչ արդեն անցյալում է, էլ հետ չի գա»: Հմուտ մանկավարժը  երկար տարիներ աշխատել է Ալավերդու թիվ 2 դպրոցի  տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ: Նա  հարգանքով հիշեց իր աշխատանքային ընկերներին. «Կոլեկտիվը շատ լավ կոլեկտիվ էր: Ամեն առարկայից էլ դպրոցում լավ մասնագետներ կային: Լավ անձնավորություն էր դպրոցի ուսմասվար Լենա Ղարդյանը: Շատ լավ մարդ և մասնագետներ էին ֆիզիկայի ուսուցիչներ Ռահիմ Գաբոյանը, Յուրիկ Սիմոնյանը, մաթեմատիկայի ուսուցիչ Գառնիկ Խսոյանը: Ազնիվ, մաքուր, լավ աշխատող մանկավարժներ էին նրանք: Դպրոցի ցուցանիշները շատ բարձր էին»:

Սիրուշ Մանուկյանը 5 եղբոր մինուճար քույր է եղել: Բազմանդամ ընտանիքից այսօր կենդանի է միայն  ինքը. «Եթե օրվա ընթացքում չզբաղվեմ, օրս անցնում է անբովանդակ: Զբաղվում եմ նկարչությամբ, ձեռագործով»,- ասաց ուսուցչուհին: Աղջիկը` Էմման, ցույց տվեց 94-ամյա մոր ձեռքի աշխատանքերը, որոնք էլ դարձել են նրա ծերության օրերի իմաստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter