Վարչապետը հանձնարարել է նախարարներին «չփախչել» լրագրողներից կառավարության շենքի տարբեր ելքերով
Կառավարության այսօրվա նիստի սկզբում մինչև օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է կառավարության և ԶԼՄ-ների համագործակցությանը:
«Մեր կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները, ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:
Հորդորում եմ բոլոր նախարարներին ավելի ակտիվ և նախաձեռնող լինել այս հարցերում: Հարկ է, որ բոլոր նախարարները օգտագործեն թե՛ նախապես ծրագրված, թե՛ առաջացող բոլոր հնարավորություններն՝ առավել բաց հաղորդակցության համար: Օրինակ, կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ:
Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը հանրության հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար, և ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքերով: Կամ, վերջերս անընդհատ հարցեր են բարձրացնում վարկերի մասին և այն նախարարությունները, գերատեսչությունները, որոնք որ իրականացնում են այդ ծրագրերը, ընդհանրապես տեղեկատվություն չեն տրամադրում հանրությանը:
Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած պարբերաբար հանրությանը տեղեկացնել իրականացվող ծրագրերի արդյունքների մասին՝ կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով և դժվարություններով: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, և պետք է դա ապացուցենք մեր վարքով և գործով»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել