HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քամիները մեծ վնասներ են հասցրել Լոռիում

Նոյեմբերի 12-ի ուժեղ քամիներից Լոռու մարզին պատճառած վնասը, մարզպետարանի հաշվարկով, կազմել է մոտ 360մլն. դրամ:

Քամիներից առանձնապես տուժել են Վանաձորն ու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքերը: «Վնասների ակտերը ուղարկել ենք քաղաքաշիության նախարարություն՝ պետական հաշվարկման համար: Վարչապետը հանձնարարել է նախարարությանը  դրանք հաշվարկել և ներկայացնել  կառավարություն: Հնարավոր է` հաշվարկից հետո վնասի գումարները փոխվեն»,- այսօր «Հետքին» հայտնեց Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը:

Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի թիվ 44 շենքի տանիքը նոյեմբերի 12-ին ամբողջությամբ ընկել է շենքի բակի ավտոտնակների և հարակից շինությունների վրա: Տանիքը կառավարության հրատապ ծրագրով նոր էր վերանորոգվել` «Մեծ հիմք» շինարարական ՍՊԸ-ի կողմից: Վերանորոգման նախահաշվային արժեքը Արմեն Ջանազյանի ասելով` կազմել է 14 մլն. դրամ: Վերանորոգման շինաշխատանքերի աշխղեկ Վահեն այսօր հրաժարվեց մեզ հայտնել 44 շենքի վերանորոգումը իրականացրած  շինարարական կազմակերպության անունը և իր ազգանունը: «Շինարարական կազմակերպության անունը ես չիդեմ, ես առաջին անգամ եմ իրենց հետ աշխատել, գյումրեցի տղա եմ: Սանահինի դեպոյի կրիշն էլ եմ ես սարքել, ինչի չի թռել: Հաստաբուն ծառը հանել է, դուք իմ սարքած կռիշից եք հարցնում»,- ասաց աշխղեկը:

Նորակառույց ընկած տանիքի փլատակների մեջ նկատեցինք թիթեղյա տանիքի փայտի հին հենասյուներն ու փայտե հին տախտակամածը, որի վրա հենված է եղել թիթեղյա տանիքը: «Էդ հին  փետերի մասին ինձի հարց մի տվեք, հարցրեք ղեկավարությանը, ինձ ինչ տվել են, ես դրանով էլ վերանորոգել եմ տանիքը»,- ասաց աշխղեկը:

Թիվ 44 շենքի 5-րդ հարկի բնակիչ Նաիրա Մեջինյանը մեզ պատմեց, որ ուժեղ քամիների ժամանակ տանը մենակ է եղել, ուժեղ ձայներից պատուհանից դուրս է նայել և նկատել, որ իրենց շենքի կարմիր տանիքը ընկնում է շենքի բակի ավտոտնակների վրա: «Տանիքի աշխատանքերը ամբողջությամբ չէին ավարտել, ինչ-որ թերի բաներ ունեին դեռ կատարելու: Մենք տան վարձերը տվել էինք ԲՇՏ-ին, դրանք վերանորոգման գումարների մեջ ներդրվել էին»,- հայտնեց Նաիրան:

Արդեն 7-րդ օրն է, 44 շենքն առանց տանիքի է: «Հիմա, որ անձրև կամ ձյուն գա, ինչ պետք է անենք, դա կթափվի լրիվ մեր տուն, բնակարանը նոր ենք վերանորոգվել: Մեր գլխի վերև բաց երկինք ա»,- ասաց 5-րդ հարկի բնակիչ Նաիրա Մեջինյանը:

Թիվ 44 շենքի ընկած տանիքի փայտե հին տախտակամածի և փայտե հին հենասյուների մասին մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը մեզ բացատրեց. «Եթե մենք  փայտե  հին տախտակամածն  ու հենասյուները նոր փայտով փոխարինեինք, տանիքի նախահաշվային արժեքը 14 մլն. դրամի փոխարեն կկազմեր 30մլն. դրամ:  Հին տանիքի  հենասյուների և տախտակամածի  փայտը չենք նորացրել, որպեսզի կարողանանք շատ շենքի տանիքներ փոխել»:  

Վերադառնալով  թիվ 44 շենքի նոր տանիքի տեղադրմանը՝ Ա. Ջանազյանը «Հետքին» հավաստիացրեց, որ ամեն ինչ արվում է շենքի նոր տանիքը 5-6 օրվա ընթացքում տեղադրելու համար:

Ալավերդու քաղաքապետարանի բնակֆոնդի համակարգող Զավեն Շահմուրադյանի ասելով` նոյեմբերի 12-ի ուժեղ քամիներից Ալավերդիում վնասվել են բնակելի, սոցիալ կենղաղային հիմնարկների շենքերի և սեփական տների 2765 հատ ազբոթիթեղներ:

Վնասվել են 56 շենք-շինություններ: Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն էլ հայտնեց, որ քաղաքապետարանի ունեցած ռեզերվային 50 ազբոթիթեղներով վերականգնվել է Սանահին կայարանային թաղամասի մանկապարտեզի, նույն թաղամասի 17-18 շենքերի և Սանահին գյուղական թաղամասի մանկապարտեզի տանիքները:

Քաղաքապետի ասելով` Հարավկովկասյան երկաթուղին քաղաքում քամու վնասների հետևանքերը վերացնելու համար  քաղաքապետարանին օգնել է աշխատուժով, տրամադրել է հրշեջ գնացք՝ ընկած 12 ծառերը տեղափոխելու համար:

«Հիմա Սանահին Սարահարթում նույն ձևի շարունակվում են աշխատանքերը, կտրտում ենք քամուց կոտրված ծառերի ճյուղերը: Հարավկովկասյան  երկաթուղին այսօր Երևանից ուղարկում է մոտ 50 ազբոշիֆեր և 500 քմ մետաղյա թիթեղ: Քամու վնասները վերացնելու համար մեկ էլ սպասում ենք արդեն պետական աջակցության: Մոտ օրերս էդ աջակցությունը թիթեղի տեսքով մենք կստանանք»,- հայտնեց Կարեն Փարեմուզյանը:

Վերջինս ասաց, որ դեռ չի հաշվարկվել քաղաքին քամու հասցրած վնասի գումարային չափը: Տուժած շենքերի ցանկը դեռ ավելանում է: Քաղաքապետի ասելով` առաջիկա օրերին կսկվեն քաղաքի  մարզադպրոցի և մանկական ստեղծագործական կենտրոնի շենքերի տանիքների վերանորոգումը: «Հարավկովկասյան երկաթուղու ուղարկած օգնությունը, իրենց խնդրանքով որպես երկաթուղայինների թաղամաս կօգտագործվի Սանահին կայարանային թաղամասի վնասները վերականգնելու համար: Պետբյուջեից  ուղարկված օգնություններով  մեր ԲՇՏ-ների և բնակիչների ուժերով  կվերականգնվեն քաղաքի  վնասված մնացած շենքերի տանիքները»,- հայտնեց Կարեն Փարեմուզյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter