HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ են 20 տարի շարունակ սուտ տեղեկություններ տարածում իմ մասին

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ողջերի աշխարհից մշտապես ստանում եմ մամուլի քաղվածքներ, նորություններ, գրքեր: Միայն հեռուստացույցից չես կարող տեղեկատվական ամբողջ պատկերը ստանալ ու վերլուծել եղած-չեղածը: Ստանում եմ նաև ընթերցողների մեկնաբանությունները, գրառումները, նամակները: Զգում եմ, որ հանրությունը արձագանքում է անարդարությանը: Իսկ ամենահուզիչը Ձեր աղոթքներն են:  

Ոստիկանապետի խորհրդականը ստիպված կլինի դատարանում ապացույցներ ներկայացնել

Սակայն այս անգամվա փաթեթում` թղթերի կապոցի մեջ տեսա ակնհայտ սուտ, կեղծիք, որը բանավոր շրջանառվել է 20 տարի շարունակ: Ես չեմ ուզում մեջբերել գրվածը` ևս մեկ անգամ չտարածելով սուտը, կեղծիքը, ատելության քարոզը իմ նկատմամբ:

Ստերի տարածման հեղինակը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն է` Նարեկ Մալյան անունով: Արդեն դիմում եմ գրել ոստիկանապետին, որ կարգապահական վարույթ հարուցվի ու պարզեն, թե ինչ նպատակով է իր խորհրդականն իմ հասցեին կեղծիք, իրականության հետ կապ չունեցող լուրեր տարածում:

Դիմել եմ նաև դատարան իմ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով` ներկայացնելով գրառումների մասին ապացույցները: Նարեկ Մալյանն ու քաղաքացուհի Իզաբելլա Աբգարյանը ստիպված կլինեն դատարանում ապացուցել, որ իրենց կողմից «Ֆեյսբուքում» հրապարակային գրածը ճշմարտություն է:

Չեմ պատրաստվում իրենց ոճով պատասխանել, քանի որ վիրավորանքը անզորության, փաստերի պակասի նշան է, իսկ զրպարտությունը` դիտավորության: Իսկ ես ուժեղ եմ փաստերով ու գրում եմ նույնպես փաստերով:

20 տարի շարունակ ես պնդում եմ, որ անմեղ եմ, որ դատավճիռը հիմնված է մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի բազմակի անգամ փոփոխված և իրարամերժ ցուցմունքներից վերջինի վրա: Արամը նախ խոստովանել է, որ Իոսիֆ Աղաջանովին ինքն է ապանել իր իսկ բնակարանում, ասել է, որ ես «բաժանողի» դերում եմ եղել: Հետագայում նա կամաց-կամաց մեղքը բարդել է իմ վրա:

20 տարի ես կիսում եմ Իոսիֆի հարազատների վիշտն ու պատիժ կրում ուրիշի կատարած հանցանքի համար

Քանի որ այս քրեական գործով չկա և ոչ մի ապացույց, ուստի 20 տարիների ընթացքում փորձ է արվում հորինել ու տարածել սուտ լուրեր: 20 տարի բանավոր շրջանառվում է այն սուտը, որ դիակը մասնատվել է:

Դա պարզապես ոչ մի քննադատության չդիմացող փորձ է, վիրավորելով Իոսիֆի հիշատակը, խաբել հասարակությանը, միայն այն բանի համար, որ արդարացնեն իմ` այստեղ գտնվելու հանգամանքը:

Նարեկ Մալյանն ու Իզաբելլա Աբգարյանը վիրավորել են թե Իոսիֆի հիշատակը, թե նրա հարազատներին` իրենց  լեզվով 20 տարի անց մասնատելով նրա մարմինը:

Այս գործը մինչ օրս բացահայտված չէ, ու խնդիրն ամենևին էլ տուժողի կամ մեղադրվողի մեջ չէ, այլ արդար դատաքննության:

Երբ մարդուն դատապարտում են մահապատժի կամ ցմահ ազատազրկման, պետք է դատարանն ունենա անհերքելի ապացույցներ, որոնք այս գործում իսպառ բացակայում են: Հենց այդ պատճառով էլ 20 տարի հանրությունը չի դադարում խոսել այս մասին: Մարդիկ բարձրացնում են քսանից ավելի հարց, որոնք անպատասխան է թողել դատարանը:

Քրեական գործը հարուցվել է Արամ Հարությունյանի հայտնածի հիման վրա, ըստ որի ինքն իրենց տանը սպանել է Իոսիֆ Աղաջանովին: Հետագայում նա մեղքն աստիճանաբար բարդել է իմ վրա: Դատավոր Զինավոր Ղուկասյանն էլ, ով արդեն այս աշխարհում չէ, բառ առ բառ արտագրել է Արամի վերջին ցուցմունքը դատավճռում ու գործը համարել փակված:

Դատավճիռը նման է «հավատում եմ-չեմ հավատում» խաղին: Կարծես` Արամը Աստված է, ու նա չէ 4 անգամ տարբեր ցուցմունքներ տվել` ամեն ցուցմունքի տակ գրելով. «Ցուցմունքս ճիշտ է, որի համար ստորագրում եմ»: Բայց դատավճիռը պիտի հիմնված լինի ապացույցների լրիվության, բազմակողմանիության, համակցության վրա: Իսկ քրեական իրավունքում չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

Ինձ վերագրվող մեղադրանքն ու դատավճիռն է անընդհատ մեջբերվում, բայց եկեք այնտեղից հանենք գործով մյուս մեղադրյալի, այսինքն` գործի նման ելքով շահագրգիռ մարդու` Արամ Հարությունյանի վերջին ցուցմունքը ու կտեսնենք, որ դատավճռում ոչինչ չի մնա:

Մալյանն անդրադարձել էր նաև Սողոմոնին, բայց նա այլևս չի կարող պատասխանել ոչ մեկին

Նույնիսկ իշխանությունները կողմ եղան, որ ընկերս` Սողոմոն Քոչարյանը «Եռաբլուր» պանթեոնում հողին հանձնվի, ու այդ կերպ գոնե 20 տարի նրան «սպանելուց» հետո` հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի պես ճանաչեցին նրա արժանիքները Հայրենիքի պաշտպանության գործում: Բայց հենց նրա թաղման օրը, երբ նրան մարմինը հողին էին հանձնում, նման լուրեր են տարածում, որ ինձ էլ ավելի շատ ցավ պատճառեն` Սողոմոնին կամ ինձ համեմատելով Պերմյակովի ու Բրեյվիկի հետ: Եվ սա միայն նրա համար, որ մենք չենք դադարել պայքարել արդարության վերականգնման համար:

Հա, Քրիստոսի ու Բարաբբայի մասին էլ էր գրել Մալյանը. «Քանի մեզ խաբելը այդքան հեշտ է, դեռ շատ Բարաբբաներ ազատ կարձակվեն և շատ Քրիստոսներ կխաչվեն»: Ես էլ ասում եմ, որ հենց նա է սուտ ու կեղծիք տարածում, որ մոլորեցնի հանրությանը (հակառակը թող ապացուցի դատարանում): Իսկ Քրիստոսին խաչելու ու Բարաբբային ազատելու ժամանակ, վստահ եմ, հենց նրա նմաններն էին շրջում մարդկանց մեջ ու ականջներին շշնջում` խաչել Քրիստոսին:

Հիմա 1996 թիվը չէ: Շնորհիվ արդար դատաքննության համար պայքարող մարդկանց, շնորհիվ «Հետքի» կատարած հսկայական աշխատանքի, հանրությունը տեսնում է, թե ինչպես են Հայաստանում կայացվել շատ դատավճիռներ, տեսնում է դատաիրավական համակարգի սխալները, «ջոկովի» մեղադրանքներն ու դատավճիռները: Հանրությանն արդեն հնարավոր չէ խաբել:

Եթե չունես մեծ գումար ու իշխանական կապեր

Միանշանակ սա համակարգային խնդիր է, քանի որ եթե անձը չունի մեծ գումարներ ու բարձրաստիճան հովանավորողներ կարող է անմեղ դատապարտվել միայն նրա համար, որ գործը փակեն, մեկին էլ` քավության նոխազ դարձնեն` տուժողի վիշտն ու վրեժի զգացումը մեղմելու համար:

Այս դեպքում անմեղ դատապարտվածն ու նրա հարազատները նույնպես դառնում են տուժող կողմ նման «ջոկովի արդարադատության» ձեռքին: Մի պահ պատկերացրեք, որ չեք կատարել այն հանցանքը, որում ձեզ մեղադրել են: Ի՞նչ կանեիք` կհամակերպվեի՞ք: Իհարկե, ոչ: Շատ բնական է, երբ մարդը, լինելով անմեղ դատապարտված, չի կարող հանգիստ նստել բանտում: 

Այո, 20 տարի առաջ ես դատապարտվել եմ մահապատժի Արամ Հարությունյանի տված վերջին ցուցմունքի հիման վրա: Նա 4 տարի առաջ ազատվել է (դատապարտվել է նույն հոդվածով` 15 տարվա ազատազրկման):

ԱՄՆ-ում ու Նիդերլանդներում գործող Անկախ դատափորձագիտական կենտրոնում անցյալ տարի կատարվել է նոր դատաբժշկական փորձաքննություն, որտեղ բժշկական գիտությունների դոկտորը գրել է. «Հարությունյանը Ենոքյանին մեղադրելու դրդապատճառներ ուներ (հակառակ դեպքում նա կդառնար գլխավոր մեղադրյալը): Հարությունյանի ցուցմունքն ամբողջովին հակասում է բժշկական ապացույցներին…1996 թվականին դատափորձագիտական ԴՆԹ պրոֆիլավորումը, ինչպես նաև մատնահետքերի քննությունն արդեն իսկ հասանելի էր: Ըստ փաստաթղթերի` բացովի բանալու և դանակի վրա նման քննություններ չեն իրականացվել: Այն փաստը, որ այդ քննությունները չեն իրականացվել, բացարձակապես ի վնաս Ենոքյանի է: Մենք չկարողացանք գտնել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ Ենոքյանն է ծրագրել տուժողի սպանությունը կամ որ մահացու վնասվածքներ է հասցրել: Մենք չենք կարողացել գտնել որևէ հակասական տարր նրա ցուցմունքներում»,- նշված է Սելմա Էյքելենբում-Շիվիլդի տված եզրակացության մեջ:

Ինչո՞ւ են 20 տարի շարունակ փորձում «կեղտ» լցնել իմ վրա

Ինչո՞ւ են 20 տարի շարունակ այս գործի հետ կապված հորինում  չեղած սցենարներ, օդից կպցնում նոր մեղադրանքներ: Իմ կարծիքով, պատճառները երեքն են` նախ հանրությունը զգում է, որ մեղադրանքը ապացուցված չէ ու հորինում է իրեն ձեռնտու տարբերակ` չփարատված կասկածները լրացնելու համար: Երկրորդ` արվում է նպատակաուղղված, որպեսզի համակարգը կարողանա արդարացնել իր անգործությունը, թե ինչու չի վերաբացում գործը: Երրորդ` «կեղտ» են լցնում, որպեսզի հանրությունը ատելությամբ լցվի ու չպայքարի հանուն արդարության ճանաչման: Չէ՞, որ արդարության վերականգնմամբ ջրի երես դուրս կգան համակարգի «կեղտերը»:

Բացի այդ, համակարգը տանել չի կարողանում, երբ մարդ չի նահանջում ու պայքարում է իր իրավունքների համար, սովորում է, աշխատում, ստեղծագործում, թարգմանությամբ զբաղվում, օրենքների առաջարկներ մշակում, մի խոսքով` չի համակերպվում անարդարության հետ: Բայց իմ պետության օրենքներն են ինձ տալիս հնարավորություն վիճարկել իմ նկատմամբ կայացված անարդար դատավճիռը, ինչը և անում եմ շարունակաբար: Ու որևէ մեկն ինձ չի կարող արգելել պայքարել հանուն ցմահ Ազատության:

Ողջ քաղաքակիրթ աշխարհն է ընդունում, որ բանտերում անմեղ մարդիկ են հայտնվում`մեղադրվելով ծանր հանցանքների մեջ: Ամեն անգամ նյութեր եմ ստանում, թե ինչպես են Ամերիկայում, Եվրոպայում 15, 20, 25, անգամ 30 տարի անց վերաբացվում գործեր, անմեղ դատապարտյալներն արդարացման դատավճիռներով միանում են իրենց ընտանիքներին:

1996-ին 20 տարեկան էի, բժշկականի ուսանող, չէի տարբերում անգամ դատապաշտպանն ով է, դատախազն` ով: Իսկ հիմա իրավաբանական գիտելիքներս օր օրի հարստացնում եմ, արդեն որպես ապագա իրավաբան եմ տեսնում, թե ինչպես չի կարելի մարդուն մեկուսացնել հասարակությունից ենթադրության, մեկ ցուցմունքի հիման վրա: 

Գերազանց սովորում եմ Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնում: Դառնալու եմ լավ իրավաբան, և ազատության մեջ անելու եմ ամեն ինչ, որ անմեղ մարդիկ բանտում չհայտնվեն:   

Մենք կհաղթենք անպայման

Իսկ երբ վերադառնամ, հետս կբերեմ նամակներս, գրքերս ու խաղալիքներս…

Մեկնաբանություններ (14)

Հակառեժիմ
Գետինը չես մտնո՞ւմ, Նարեկ Մալյան։ Նոր 37 թիվ ե՞ս սարքում, այ մլիցա
Դավիթ Հարությունյան
ողջույն Մհեր ջան երբ կարդացի հոդվածդ կատաղությունից տեղս չէի գտնում, Կասեմ հետևյալը, որ լինելով իրավագետ ամենայն մանրամասնությամբ ու գոնե երկու անգամ կարդացել եմ Հետքում հրապարակված բոլոր այն հոդվածները,որոնք վերաբերել են քեզ Սողոմոնին ու մյուս տղերքին։Ես հպարտ եմ քեզանով ու մեր լուսահոգի Սողոմոնով ու հավատում եմ, որ գալու է հատուցման ժամը, խփիր դրանց ինչպես կարող ես, դրանց իսկի իրանց տանեցիները չեն հավատում էլ ուր մնաց ժողովուրդը։իսկ էդ մանրապճեղ ճիճուներին կհորդորեմ, որ արագ փակեն իրենց միջազգային կոյուղատար բերանը ու իրենց գաղջությունից ազատեն մարդկությանը կարան ասենք գնան ադրբեջան, այ պուճուր կենդանի քո նմանների շնորհիվ ա որ Սողոմոնի պես հերոս տղերքը հայտնվում են բանտերում և ուղղակի տիտանական ջանքերի շնորհիվ դուրս գալիս ու ապրում ազատության մեջ ընդհամենը երկու շաբաթ էն ազատության մեջ, որը հենց ինքն էր իր արյան գնով նաև քո ու հետինիդ համար վաստակել։ Ամոթ ա ամոթ, գնացեք մի քիչ իրավագիտություն կարդացեք, ասում են մեկ մեկ էլ կարելի ա կարդալ։ ինչքան էլ աճեք մեկ ա էլի միլիցա եք։
Մերուժան
Կարդում եմ մեկնաբանությունները և զգում,թե ինչքան դժվար է քեզ ապացուցելու քո անմեղությունը, Մհեր:ՈՒ ոչ միայն քեզ համար է դժվար:Քանի դեռ շատ էն էս սիստեմին,էս արդարադատությանը անվերապահ հավատողները,այս երկրում բարդ է:Իսկ Գայանեին,Արմենին,Հակոբին և այլ «դատախազներ»-ին մի դատեք,որ չդատվեք:
ALLA
Էս ինչ պատվիրված մեկնաբանություններ են:Վաղուց է հետեվում եմ այս հոդվածաշարին ու ոչ մի անգամ գոնե մեկ վատ մեկնաբաբանություն չեմ կարդացել....Շաաաատ տարօրինակ է:
Վազգեն
Գայանե Սահակյան, ես իմ աչքերով տեսել եմ քրեական գործը, այնտեղ որևէ տող անգամ չկա գրված դիակը կտրտելու, կտորները ծնողներին վաճառել փորձելու մասին։ Հետաքրքիր է, ո՞րտեղից ձեզ նման տեղեկություններ, խնդրում եմ հայտնեք և լուսավորեք բոլոր անտեղյակներին։ Պարզ է, որ Արամ Հարությունյանի հայտնածի վրա գրված ազատ ոճի շարադրություն հիշեցնող դատավճիռը ոչ մեկի համար համոզիչ չի կարող լինել, ուստիև պարզ է, որ հորինում եք նոր մեղադրանքներ, որի մեջ Մհեր Ենոքյանին չեն մեղադրել։ Հարցը տուժողների մեջ չէ, այլ դատական համակարգի և արդար դատաքննության։ Ում ուզում եք՝ մեղադրյալ եք սարքում, ում ուզում եք՝ տուժող։ Ենոքյանը գրում է ՓԱՍՏԵՐՈՎ, իսկ ձեր մեղադրանքը ՄԵՐԿԱՊԱՐԱՆՈՑ է։ Որպես հանրության ներկայացուցիչ դիմում եմ ձեզ՝ խնդրելով ցույց տալ այն փաստաթուղթը, որտեղ նշված է, որ դիակը կտրտված է։
karine
Աստված թող քեզ պահապան լինի Մհեր, որպիսի կարողանաս պայքարել...
Դավիթ Հարությունյան
Կարդում եմ էն մեկնաբանությունները, որոնք ուղղված են Մհերի դեմ ու զզվանքից բացի ոչինչ չեմ զգում, ասում եք կարող էր ձեր հարազատը լիներ սպանված երիտասարդի փոխարեն, բայց կարող էր Մհերի տեղ լիներ ձեր հարազատը, ով դատապարտվել է չկատարածի համար ու ավելի քան քսան տարի, կգժվեիք կխելագարվեիք։ Այս գործում բացահայտված է միայն մի ճշմարտություն, որ կատարվել է սպանություն, ու էդ Մհերը չի արել, ինչն ապացուցվում է բազմաթիվ փաստերով։ Էժանագին ու մերկապարանոց հայտարարություններ անում են միայն անպատասխանատու ու ճղճիմ արարածները, Եվ եթե դուք իսկապես լավատեղյակ մարդիկ եք ու չեք կատարում մանրապճեղների պատվեր, հրապարակեք ձեր ձեռքի տակ եղած փաստերը, լուսավորեք մեր հոգիները Հիշեք իրավագիտության ոսկե կանոնը, Ավելի լավ է, որ տաս հանցագործ լինի ազատության մեջ քան մեկ անմեղ մարդ դատապարտվի չկատարած հանցանքի համար։
Բժշկականի շրջանավարտ
Լավ, հիմա ամեն բան պարզ է դառնում, նորից Լևոն Տեր Պետրոսյանի մատն է խառը։ Աղաջանովների ընտանիքի զարհուրելի գաղտնիքը, ընտանեկան բիոքիմիական բիզնեսի գաղտնիքը - ուրեմն 1996-ին բժշկականում շրջող լուրերը ճիշտ էին։ Խեղճ Մհեր, մեջտեղ դու տուժեցիր ուրեմն...
Artak Grigoryan
Մեր ռեժիմը պիտի հասկանա մի բան՝ անցել են գործեր պարտակելու, ծածկադմփոց անելու ու սուտուփուտ լուրեր տարածելու միջոցով հասարակությանը խաբելու ժամանակները։ Կատվի վազքը մինչև մարագն է։ Եթե ճիշտ լիներ Մհերի հասցեին ասված այդ լուրը, ապա վաղուց դատավճռի համապատասխան հատվածը նարեկմալյաններն ու իզաբելաներն ու տուժող կողմը հասարակությանը ի ցույց դրած կլինեին։ Իսկ ինչի՞ չեն անում դա։ Որովհետև նմնա բան պարզապես չկա ու վերջ, էլ նույն նեյնիմը մի կրկնեք։
Nina
Մհեր ջան,հավատում եմ քեզ,ամուր մնա:Մոտ է ազատության օրը,այ կտեսնես:
Մարտիկ
Գայանե Սահակյան ես, ինչ միլիցիա ես, ապացույցներ ունե՞ս, որ Մհերը հանցագործք է։ Իսկ ապացույց ունե՞ս, որ նրան պաշտպանում են երկու կոպեկի համար։ Օդի մեջ մեծ-մեծ մի կրակիր ու պրոֆեսիոնալ լրագրողների, արդարության համրա պայքարողների անունը մի սևացրու, եթե ձեռքին փաստեր չկան, հասկացա՞ր
Марина
Gayane Boyakhandjyan, а кому ты веришь? Коррумпированному судебному систему РА? Ну это уже твоя проблема!
Վազգեն Բարսեղյան
Միակ ՀՀգլխավոր դատախազը, ով ցանկացավ բացահայտել այս գործը՛ սպանվեց իր աշխատասենյակում։ Ես իրավաբան եմ, աշխատել եմ նաև համակարգում... Հնարավորություն եմ ունեցել անձամբ ծանոթանալ այս գործի նյութերին։ Քրեական գործը հարուցվել է Արամ Հարությունյանի հաղորդման հիման վրա առ այն, որ ինքն է իր իսկ բնակարանում սպանել Իոսիֆին, իսկ Մհերը ամեն կերպ փորձել է կանխել ողբերգությունը։ Դիակը ՉԻ մասնատվել։ Ոչ ոք ոչ մեկից գումար ՉԻ պահանջել։ Նման սուտ,իրականուցյան հետ որևէ կապ չունեցող լուրեր տարածելը ցույց է տալիս այն, որ Մհերին վերագրվող մեղքն չի ապացուցվել և փորձում են զրպարտելով, մարդկանց խաբելով ՛թաքցնել Աղաջանովների ընտանիքի զարհուրելի գաղտնիքը։ Մհերի տեղը՛անմեղ բանտում հայտնված մեզանից յուրաքանչյուրն կարող է լինել, երբ հենց «տուժող» կողմը չի ցանկանում, որ հանրությունը ճշմարտությունը իմանա, երբ որդու կորուստը սգալու փոխարեն՛անմեղ երիտասարդին Լևոնի կնոջ միջոցով մահվան են դատապարտում՛ընտանեկան բիոքիմիական բիզնեսի գաղտնիքը ջրի երես դուրս չգալու համար... Հավատացած եմ՛այս գործը դեռ կքանդվի ու իրական արդարադատության թուրը կկրի անմեղ մարդկանց դեմ բիզ սրողների ձեռքերը, իսկ բիզն էլ... ԱՌԱՋ ԱՍՏՎԱԾ
Գայանե Սահակյան
Սպանել մարդուն, կտրատել նրան լցնել պայուսակի մեջ, փորձել վաճառել ծնողների վրա դիակի կտորները ու հետո ասել, թե արդարաություն չկա: Իհարկե արդարություն չկա, որ մահապատիժ չի հասել այդ հանցագործին, որ հիմա անմեղ դեմքով բոլորին չմեղադրեր իր արած հանցագործության մեջ: Իսկ այս լրատվամիջոց կոչեցյալը գոնե մի անգամ փորձե՞լ է սպանվածի հարազատների հետ խոսել, եթե Մհերն այդքան անմեղ է, ապա նրա հարազատները նրա հետ միասին պետք է պայքարեին մեղավորին գտնելու համար, թե ավելի հեշտ է անմեղ ձևանալով լիրակային տրվել ու մեղադրել բոլորին, ովքեր չեն համակերպվում հանցագործների ազատության մեջ մնալու մտքի հետ:Բավական է հանցագործներին սրբացնեք հանուն ճղճիմ շահերի: Ամեն ինչ չէ, որ կարելի է փողով առնել ու ծախել, Մհերին պաշտպանող յուրաքանչյուրի հարազատը կարող էր լինել այդ խեղճ տղայի տեղը: Չնայած դեռ ուշ չի, պայքարեք, որ ազատվի, կարող է ձեր կամ ձեր հարազատների հերթն էլ հասնի: Տեսնեմ այդ ժամանակ, որ ձեր վրա դւիակ վաճառի, կշարունակե՞ք երկու կոպեկի համար պաշտպանել հանցագործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter