HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բայց օրըմ գուկաք, չէ՞»

Գյումրու  ցրտին դարպասների մոտ երկար սառչելուց հետո մեզանից մեկը մագլցեց քարե պատնեշը, անցավ ներս ու ձայն տվեց պահակին: Տոպրակները ձեռքներիս ներս մտանք:

«Թռչունյան տան» սաների երեկոյան հանգստի ժամն  էր, այնինչ մեր այցը մեծ իրարանցում առաջացրեց:

Լիլիթն անցյալ անգամ ընկերների հետ էր այցելել Գյումրու  երեխաների խնամքի կենտրոն, այս անգամ ինքն է նախաձեռնել գալ ու երեխաների համար հագուստ, գրքեր ու խաղալիքներ բերել: «Նախորդ անգամ շատ տպավորված հեռացա նրանցից, չէին թողնում, որ գնանք, մինչև դարպասների մոտ ճանապարհեցին մեզ: Վերադարձա Երևան ու որոշեցի նրանց համար իրեր հավաքել ու կրկին գալ: Ֆեյսբուքում ստատուս գրեցի, չէի սպասում, բայց  շատերը միացան ինձ»,- պատմում է ԵՊՀ Ռոմանոբանասիրության ֆակուլտետում սովորող Լիլիթը:

«Թռչունյան տունը» Գյումրիում գործում է 2000թ.-ից: Պետության հոգածության ներքո չէ. ֆինանսավորվում է բարերարների կողմից:  Խնամքի կենտրոնում այժմ 78 սաներ կան: Կենտրոնի շենքում գործում է տասներկուամյա դպրոց, որտեղ սովորելու են գալիս նաև թաղամասում ապրող մյուս երեխաները:  

Կենտրոնի տնօրեն Սոնա Սիմոնյանը խրախուսում է իրենց մոտ հաճախակի այցելությունները, ասում է, որ դրսի հետ շփումը շատ կարևոր է երեխաների համար: «Դա էլ է դրական ազդում նրանց դասիարակության վրա: Չնայած մեր աշխատակիցները շատ ուշադիր ու հոգատար են, բայց ուսանողների, երիտասարդների շփումը ուրիշ ձև կազդե,- ասում է Սիմոնյանն ու ավելացնում,- այ, քո հետ շփումը կարող է երեխեքին օրինակ լինել, որ ուզեն ժուռնալիստ դառնալ»:

Պահակը մեզ ուղեկցում է ներս: Առաջին բանը, որ տեսնում ենք, ներս մտնելով «Թռչունյան տուն», սրբապատկերն է: Բարձրանում ենք աստիճաններով. երեխաները չորրորդ հարկում են: Այստեղ մեզ չէին սպասում: Միջանցքում տեսնում ենք մի քանիսին, ովքեր ճանաչում են Լիլիթին: Լիլիթը գրկում է բոլորին: Մենք էլ ենք միանում գրկախառնումներին:

-Անունդ ին՞չ է,-հարցնում եմ:

-Ռոման,- գաղտնի հայացքով ու ցածր ձայնով պատասխանում է:

Ռոմանը տասնհինգ տարեկան է, այստեղ է եղբոր ու քրոջ հետ: Մայրը մահացել է: Հայրն էլ հազբադեպ է այցելում:

-Մեզի էսպես կնկարե՞ս,-եղբոր հետ նստում են կողք կողքի ու փայլող աչքերով նայում են ֆոտոխցիկին:

-Մի հադըմ էլ սրա հետ,-Ռոմանը գրկում է տիկնիկն ու նորից դիրքավորվում:

Դաստիարակն ասաց, որ այս պահին քսաներկու երեխա կա իրենց մոտ: Մինչև երեսուն լինում են: Որոշները շաբաթ-կիրակի օրերին են կենտրոն գալիս: Ընտանիք ունեն, բայց ծայրահեղ վիճակում գտնվելու պատճառով ծնողները այստեղ են բերում:

-Բանըմ ըսե՞մ,- Ռոմանը ձեռքով փակում է բերանի մի կողմը ու մոտենում ականջիս: Կռանում եմ՝ կարծելով՝ խնդիր ունի, բողոք իրենց խնամողներից:

-Դուք շատ լավն եք, ե՞րբ նորից գուկաք:

Ասում եմ, որ շատ հեռու ենք ապրում, չեմ կարող խոստանալ, որ շուտ կգանք, մի օր գուցե նորից հաջողվի:

-Բայց օրըմ գուկաք չէ՞:

Պատվիրում եմ, որ կարդա մեր տարած գրքերը,  որ երբ գամ, պատմի:

-Հիսուսի մասին գիրք կա՞:

-Սիրու՞մ ես նրա մասին կարդալ:

Չի պատասխանում, ժպտում է ու ամաչում: Թևս է բռնում, որ չգնամ:

-Ի՞նչ ես սիրում նկարել:

-Խաչ կնկարիմ:

Երեխեքի հոսքը մեզ ուղեկցեց մինչև դռները: Ռոմանը փորձում էր դուրս գալ: Ասացի, որ ցուրտ է, ներս մտնի:

Լուռ վերադարձանք մեր ավտոբուսը,  սարսուռ էր անցնում մեր մարմնիններով, երևի Գյումրու ցուրտն էր…

Ազատուհի Խաչատրյան, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter