
Դեկտեմբերի 6-ին Շիրակի մարզի 10 համայնքում ՏԻՄ ընտրություններ են
Շիրակի մարզի 10 համայնքում դեկտեմբերի 6-ին ՏԻՄ ընտրություններ են: Գեղանիստում, Գառնառիճում, Շիրակում, Պեմզաշենում, Բասենում, Տուֆաշենում, Վահրամաբերդում համայնքի ղեկավարի ընտրություններ են, իսկ Անուշավան, Արեւիկ համայնքներում՝ ավագանու, եւ միայն Նահապետավան գյուղում է, որ միաժամանակ ընթանալու են համայնքապետի ու ավագանու ընտրություններ:
Նշված համայնքներում դեկտեմբերի 6-ին ընտրողները նաեւ իրենց «այո»-ն կամ «ոչ»-ն են ասելու սահմանադրական փոփոխությունների նախագծին: Այս համայնքներում հանձնաժողովներն աշխատելու են կրկնակի ծանրաբեռնվածությամբ, իսկ Նահապետավանում՝ եռակի, որտեղ քվեարկության ավարտից հետո հարկ է լինելու հաշվել երեք քվեատուփի պարունակություն:
Բասենում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանը եւ անկուսակցական Սեւակ Սաֆարյանը: Նահապետավանում մրցակցում է 3 թեկնածու՝ գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Գոռ Պետրոսյանը եւ անկուսակցականներ Լեռնիկ Հարությունյանն ու Թորոս Թորոսյանը: Գառնառիճում էլ գրեթե նույն պատկերն է: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Վանիկ Մանուկյանն ու անկուսակցական Մանվել Ղազարյանը:
Իսկ ահա Գեղանիստում 4 թեկնածու է հայտ ներկայացրել համայնքապետի պաշտոնի համար: Համայնքի ղեկարավարը՝ Աղասի Ղազարյանն անկուսակցական է: Նրա մրցակիցներից Զորիկ Ասլանյանը ՀՀԿ-ական է, իսկ Սեյրան Գալստյանն ու Արմեն Նիկողոսյանն անկուսակցական են:
Գառնառիճում, Պեմզաշենում, Վահրամաբերդում եւս համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող համայնքապետերը՝ մրցակից ունենալով մեկ թեկնածուի: Համայնքներից, նախնական տվյալներով, թեժ մրցակցություն սպասվում է Շիրակում, Գեղանիստում, Նահապետավանում եւ Բասենում: Մնացած համայնքներում լուրջ մրցակցային պայքար չի սպասվում:
Մեկնաբանել