HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՆ-ն կանխել է պետական սեփականության փոշիացումը

«ՀԳԱ Ախուրյանի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ի շենքի վերաբերյալ ՀՀ էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բարձրացված խնդիրների առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հարկ է համարում ներկայացնել փաստարկված տեղեկատվություն: 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 18-ի թիվ 142-Ն որոշման 3-րդ և 4-րդ կետերի հանձնարարականների`

ՀՀ կրթության և գիտության նախարարի և ՀՀ Շիրակի մարզպետի  12.03.2007 թ. հաստատված  հանձնման-ընդունման ակտով «ՀԳԱ Ախուրյանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն են ամրացվել, այսինքն՝ փոխանցվել ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի նախկին N 85 մասնագիտական տեխնիկական ուսումնարան (ՄՏՈՒ) հիմնարկի ուսումնական մասնաշենքը և շինությունները: 

Տվյալ հանձնման-ընդունման ակտում արձանագրվել է, որ հանձնվող շենք-շինությունները սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական չունեն: «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ի տնօրենը, վերոնշյալ  մասնաշենքերի  անշարժ գույքի պետական գրանցման վկայականը  ստանալու նպատակով, գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական  կոմիտեի  աշխատակազմի Ախուրյանի տարածքային  ստորաբաժանում և ստացել պարզաբանում այն մասին, որ հիշյալ շենք-շինությունները գտնվում են կալանքի տակ:

ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի նոյեմբերի 22-ի վճռով Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 85 մասնագիտական տեխնիկական ուսումնարանը սնանկ է ճանաչվել, և պարզվել է, որ «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ի շենք-շինությունները օտարման վտանգի տակ են /հայտարարված է աճուրդ/:

Գործի ուսումնասիրության արդյունքում, ի վերջո, նախարարությունը ձեռք է բերել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ախուրյանի տարածքային ստորաբաժանման կողմից տրված 2003 թվականի նոյեմբերի 4-ի N  2217217 սեփականության իրավունքի վկայականի պատճենը, ինչը տարիներ շարունակ ապօրինաբար թաքցվել է նախարարությունից և եղել են հավաստիացումներ, որ պետական գրանցում կատարված չէ:

Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ախուրյանի տարածքային ստորաբաժանման կողմից տրված 2003 թվականի նոյեմբերի 4-ի N  2217217 սեփականության իրավունքի գրանցման վկայական առոչինչ լինելը հաստատելու և ՀՀ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին» հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Քանի որ հարցը վերաբերում  էր ՀՀ սեփականության պաշտպանության խնդրին` նախարարությունը դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազին` 22.11.2007թ. ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բողոքարկելու  նպատակով: ՀՀ վարչական դատարանի 14.04.2011թ. վճռով  առոչինչ է ճանաչվել 2003 թվականի նոյեմբերի 4-ի N  2217217 սեփականության իրավունքի գրանցումը: Հավելենք, որ ներկայումս իրականացվում է նշված  տարածքի պետական իրավունքի  գրանցման աշխատանքը` Հայաստանի Հանրապետության  անունից:

Ի դեպ, ժամանակին այս խնդիրը քննարկվել է նաև ՀՀ Ազգային Ժողովում: Առնվազն տարակուսելի է, որ «Հայկական Կարիտաս» բարեգործական հիմնադրամը մտահոգություն է հայտնում այսօր, երբ ՀՀ կրթության և գիտության  նախարարութան ջանքերով պետական միջոցների փոշիացումը կանխվել է և շենքը բացառապես ծառայելու է կրթական ծրագրերի իրականացման համար և այսօր, առավել քան երբևէ, պարարտ հող է ստեղծված տվյալ ուսումնական հաստատության հետ համագործակցելու և այնտեղ նպատակային ներդրումներ կատարելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության  05.05.2011թ.  թիվ 540-Ն որոշմամբ  «ՀԳԱ»-ի  Ախուրյանի  հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվելով  միացել է  «Ախուրյանի Ն.Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և  փոխանցման ակտի համաձայն վերջինիս են ամրացվել ` փոխանցվել նշված շենք շինությունները: Հաշվի առնելով ավագ դպրոցների նախամասնագիտական կրթություն իրականացնելու առաքելությունը` ՀՀ կրթության և գիտության  նախարարությունը կրթական ծրագրերի իրականցման գործընթացում  կարևորում է տեղական և միջազգային հասարակական կառույցների մասնակցությունը, որի հաջողված օրինակները բազմաթիվ են:

ԿԳՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter