
Հիմա էլ զենք են դարձրել դատարանները
Չգիտեմ' ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը «Հետքին» դատի կտա՞, եթե գրենք, որ նա գողանում է ՀՀ քաղաքացիների փողերը:
Դա կարող ենք հիմնավորել այսպես. նա ՀՀ հարկատուների վճարած հարկերից աշխատավարձ է ստանում, սակայն չի մասնակցում ԱԺ նիստերին, այսինքն' աշխատանքի չի գալիս: Եւ ամեն անգամ իր բացակայությունը պատճառաբանում է առողջական խնդիրներով, նույնիսկ բժիշկներից տեղեկանքներ է բերում:
Բայց ո՞վ չգիտի, որ բժիշկներից տեղեկանքներ կարելի է վերցնել որոշ գումար վճարելով, կամ ո՞ր բժիշկը կհամարձակվի հիվանդության տեղեկանք չտալ որեւէ պատգամավորի:
Եւ միանշանակ կարելի է պնդել, որ Տ. Արցաքանցյանի' ԱԺ նիստերին չմասնակցելը նրա առողջության հետ որեւէ առնչություն չունի: Նա այդ ժամանակահատվածում տարբեր գործարքներ է իրականացրել տարբեր երկրներում:
Անհասկանալի է, թե նա ինչ խնդիր է փորձում լուծել' «Երկիր» օրաթերթին դատարան կանչելով: Պատգամավոր-գործարարն ուզում է ապացուցել, որ այն, ինչ գրված է իր մասին, չի՞ համապատասխանում իրականությանը: Չէ՞ որ տարիներ շարունակ այդ ամենի մասին գրել են ոչ միայն հայաստանյան, այլեւ այլ երկրների լրատվամիջոցներ:
Հնարավոր է' այս եւ մյուս օլիգարխներն են ոգեւորել Գյումրու քաղաքապետարանի իավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանին, ով դատական նիստի ժամանակ սպառնացել է դատի տալ «Հետքին»: Վերջինս դատարանի դահլիճում մի քանի անգամ զգուշացրել է «հեռու մնալ» Գյումրու քաղաքապետից եւ քաղաքապետարանից եւ հայտարարել, որ իրենք այսուհետ հրաժարվում են «Հետքի» ոչ միայն գրավոր, այլեւ բանավոր հարցումներին պատասխանելուց:
Ա. Սարգսյանին հաստատ թվում է, թե Գյումրու քաղաքապետարանն իր եւ Վարդան Ղուկասյանի «զոնն» է, իսկ իրենք' իբրեւ «զոն նայող», իրավունք ունեն որոշել' պատասխանե՞լ, թե՞ ոչ լրագրողների հարցումներին:
Այդ «զոնում», ինչպես հայտնի է, գժի թղթով են ման գալիս, մասնակցում քրեական «սխոդկաների», քաղաքում պարբերաբար կրակում ու հաջողեցնում միշտ անպատիժ մնալ:
Արա Սարգսյանին թվում է, թե իրենց «զոնի» օրենքներին Հայաստանում բոլորը պիտի ենթարկվեն: Գյումրեցիները կասեն. «Ծօ, հըլը ըսուր խելքին աշեք, եկել է սատանի մայլեն, գուզե քյանդրբազ խաղա»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել