HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մեծ Մանթաշի համայնքապետարանն անելիքներ ունի գյուղական գերեզմանատան հատակագծի կազմման եւ հողահատկացման ուղղությամբ

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ համայնքում այս տարվա մայիսի 22-ից մայիսի 29-ը վարչական հսկողություն էր իրականացրել Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը: Հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով համայնքապետ Ստյոպա Չոբանյանին առաջարկվել է հարցը քննարկել ավագանու նիստում եւ կազմել ժամանակացույց:

Արձանագրված որոշ խախտումների հետ համայնքապետը համամիտ չէ: Ստյոպա Չոբանյանի կարծիքով, օրինակ, ճանապարհատրանսպորտային նշանների տեղադրման առնչվող պարտականություններն իր վրա դնելը եւ դրանց բացակայությունը համայնքապետի աշխատանքի թերացում որակելը՝ սխալ է:

Շիրակի մարզպետարանի հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունում նշված է, որ Մեծ Մանթաշ համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի նախագիծ չի կազմվել և այն սահմանված կարգով համայնքի ավագանու հաստատմանը չի ներկայացվել: Համայնքի ղեկավարի կողմից որոշում չի ընդունվել անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ:

Չի ապահովվել ՏԻՄ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 13.1-րդ կետի պահանջը, համաձայն որի համայնքի ղեկավարը ՀՀ կառավարության սահմանած կարգով կազմում և ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման եւ անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության նշանների ու այլ տեխնիկական միջոցների ցանկը:

«Ճանապարհային երթեւեկությունը կանոնակարգող նշանները տեղադրելը մեր պարտականությունը չէ, որովհետեւ գյուղով անցնող ճանապարհը հանրապետական նշանակության է եւ սպասարկումն իրականացնում է տրանսպորտի նախարարությունը,-պարզաբանում է Մեծ Մանթաշի ղեկավար Ստյոպա Չոբանյանը,- գյուղի սկիզբն ու ավարտը ազդարարող ցուցանակները մենք վաղուց ենք տեղադրել: Ես  երկու անգամ նամակով դիմել եմ, որ դպրոցի մերձակա հատվածում արագաչափ տեղադրեն, բայց արձագանք չկա, իսկ մնացած նշանները պիտի պատկան ատյանները բերեն տեղադրեն»:

Քաղաքաշինական ոլորտում որոշ թերացումների արձանագրման փաստը եւս համայնքապետի սրտով չէ, եթե հաշվի առնենք, որ կոնկրետ համայնքի գլխավոր հատակագիծ եւ գոտիավորման նախագիծ ունենալը թեեւ ցանկալի, սակայն գյուղական համայնքների համար անիրագործելի է գումարային տեսանկյունից:

«Մեզ հանձնարարված է համայնքի գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծերի վերաբերյալ հարցը քննարկել իրավասու մարմինների հետ: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե քաղաքաշինական այդ կարեւոր փաստաթուղթն ունենայինք, բայց մեր համայնքային բյուջեի հաշվին դա պատվիրելն անհնար կլինի: Մենք հին նախագիծ ունենք, որը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, եւ չունենայինք, ավելի լավ կլիներ, քանի որ մեծ պրոբլեմներ է ստեղծում,-ասում է Ստյոպա Չոբանյանը,- 2001թ-ին «Երեւան նախագծից» էին եկել, արել չափագրումներ, կարելի է ասել՝ աչքաչափով ու տվել համայնքապետի ձեռքը: Հիմի մարդը գալիս է, ուզում է չափագրում անի, բացում ենք հատակագիծը, տեսնում ենք, որ բակի տարածք չեն թողել ու էդպիսի լիքը սխալներ»:

Համայնքային ծառայության առաջատար մասնագետ, հաշվապահ Տիգրան Սարգսյանն ասում է, որ 14 տարի առաջ կատարված չափագրումների ժամանակ երեւանից եկած մասնագետներն ինքնուրույն են գործել, մտել են տները, հարցեր տվել ու ըստ այդմ գծագրումներ արել: «Հետո նոր եկել են գյուղապետարան, ինչ-որ բաներ են ճշտել, ինչքան որ հնարավոր է եղել, երկու ամիս աշխատել են, մի երկու օր էլ էդ ուղղումներին են տրամադրել ու համարել աշխատանքը ավարտված»,-նկատում է Տիգրան Սարգսյանը:

Մեծ Մանթաշի համայնքապետարանն անելիքներ ունի նաեւ գյուղական գերեզմանատան հատակագծի կազմման եւ հողահատկացման ուղղությամբ: Համայնքապետին հանձնարարվել է ՀՀ կառավարության 23.11.2003թ. N1910-Ն որոշմամբ հաստատված «Գերեզմանատների շահագործման ընդհանուր կանոնների» 9-րդ կետի համաձայն համայնքի գործող գերեզմանատան համար սահմանված կարգով կազմել եւ հաստատել գերեզմանատան հողերի օգտագործման հատակագիծը: 2006թ. նոյեմբերի 26-ի N1910-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետով սահմանված կարգով վարել թաղումների եւ գերեզմանատեղերի գրանցման մատյան եւ տրամադրել գերեզմանի վկայական: Համայնքի գերեզմանատան մոտ տեղադրել գերեզմանատան հատակագիծը:

«Գյուղը քաղաք չի, որ, ասենք, թաղման բյուրո լինի, որ գնան հող վերցնելու համար հատուկ մարդկանց դիմեն: Գյուղերում միշտ էլ նայել են, որ ազատ տեղ լինի՝ վերցնեն, ասենք, որեւէ մեկը չի գալիս գյուղապետարան, ասի՝ մեզ տեղ տվեք, մեր մեռելը թաղենք,-բացատրում է համայնքապետը,-էդ ուղղությամբ դժվար կլինի աշխատանք տանելն ու էս պահին որեւէ քայլ չենք արել: Շատ կուզենայի, որ խնդիրը կարգավորվի: Հիմի տեսեք, մեր գերեզմանատունը հազար տարվա գերեզմանատուն է, ոչ վճար կա, ոչ ինչ-որ այլ կարգ, դեռ խորհրդային տարիներից պահակ է եղել, մարդիկ, որ հանգուցյալ են ունեցել, գնացել նայել են, ազատ տեղ կա՝ վերցրել են: Ցանկացած գյուղ մտեք, թեկուզ քաղաք, նման կարգավորում չկա, որ լինի կանոնակարգված գեերզմանատուն՝ քարտեզն էլ հետը»:

Համայնքային ծառայության առաջատար մասնագետ Տիգրան Սարգսյանն ասում է, որ հիմա իրենք փորձում են ծրագիր մշակել, ներկայացնել ավագանու քննարկմանը՝ գյուղացիների գերեզմանատանը հարակից հողերը վերցնելու եւ դրա դիմաց փոխհատուցելու վերաբերյալ: «Այսինքն գերեզմանատունն ընդլայնվելու է, գուցե այդ նոր հատվածում արդեն կարողանանք օրենքի պահանջը կատարել, քարտեզագրել եւ մեր թույլտվությամբ կատարել հատկացումները»,-ասում է Տիգրան Սարգսյանը:

Վարչական հսկողության արդյունքում հանձնաժողովը պարզել է նաեւ, որ համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու վերաբերյալ համայնքի ավագանին որոշում չի կայացրել, չի ապահովվել ՏԻՄ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 28.1-րդ կետի պահանջը: Համայնքի ղեկավարին հանձնարարվել է իրավասու մարմինների հետ  քննարկել համայնքի հողերի օգտագործման սխեմա պատվիրելու հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter