
Գյումրու քաղաքապետ. «Ամանորյա ճոխ ճաշկերույթներ չեն լինի»
Գյումրու ավագանու հերթական նիստին մասնակցող ավագանու 13 անդամներից եւ ոչ մեկը քննարկվող հիմնական 20 եւ լրացուցիչ 3 հարցերի հետ կապված որեւէ առարկություն չներկայացրեց: Առավոտյան ժամը 10-ին նշանակված ավագանու նիստը տեւեց ընդամենը 45 րոպե:
Ոչ մի հարցի առնչությամբ դեմ կամ ձեռնպահ քվեարկություն չարձանագրվեց, անգամ քննարկումներ չեղան: Ինչպես եւ նախորդ նիստերի ժամանակ, այս անգամ էլ ավագանու հաստատմանը ներկայացված հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր տարատեսակ դրամական աջակցություններին ու դրամական պարգեւներին:
2015թ.-ի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում առավել բարձր արդյունքներ ցույց տված մարզիկներին եւ նրանց մարզիչներին դրամական պարգեւներ շնորհելու համար համայնքային բյուջեից առանձնացվել էր 6 մլն դրամ, որից միայն 4 մլն-ը հատկացվելու էր հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի երկակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, մնացած 2 մլն դրամը բաշխվելու էր 12 մարզիկների միջեւ:
800 հազար դրամ բյուջեից տրամադրվելու էր «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ միայնակ ծերերին աջակցելու նպատակով: Քաղաքապետարանը սոցիալական աջակցության նպատակով առանձնացրել էր 1 մլն 300 հազար դրամ 123 սոցիալապես անապահով անձանց տրամադրելու համար:
Շիրակի թեմի սուրբ «Յոթ վերք» եկեղեցու բարեգործական ջոկատի «Մեկ բացիկը հավասար է մեկ բնակարան» ծրագրին 300 հազար դրամ նվիրաբերու առաջարկն եւս անցավ միաձայն: Այս ծրագրի շրջանակներում արդեն երրորդ տարին է գյումրեցի անօթեւան որեւէ մեկ ընտանիքի համար ձեռք է բերվում բնակարան: Ավագանու որոշմամբ 40 հազարական դրամներ են հատկացվելու Լուսինե Խալաթյանի եւ Ալիկ Շարոյանի ընտանիքներին
Ավագանու նիստին քննարկվեց նաեւ ամանորյա միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար դրամական միջոցներ հատկացնելու հարցը: Եթե նախորդ տարի այն կազմել էր 11 մլն դրամ, ապա այս տարի որոշվել է գումարը կրճատել մինչեւ 6 մլն դրամի: Ինչպես նշեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այս տարի նախաամանորյա ճոխ ճաշկերույթներ չեն լինի, ավելացած գումարը կուղղվի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին: Գյումրիում լավագույն տոնական զարդարված տարածքների համար մրցանակներ եւս սահմանվել են: Բյուջեից առանձնացված 200 հազար դրամը կբաշխվի 4 մրցանակակիրների միջեւ՝ յուրաքանչյուրին 50 հազարական դրամ:
Մեկնաբանել