HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազմազավակ մայր. «35 հազար մենակ հացի փող ենք պարտք»


Մտնում ենք Ակնաշեն գյուղի մանկապարտեզի վթարային շենք, որտեղ ապրում է տուն չունեցող վեց ընտանիք: Մեծ միջանցքը կտորով բաժանված է երկու մասի: Կտորից այս ու այն կողմ ապրում են տարբեր ընտանիքներ: Փաստացի մենք գտնվում էինք մի «բնակարանում», որտեղ մուտքի դուռ չկար, փոխարենը կտոր էր կախված: Ուզում էի «թակել» կտորե «դուռը», հետո ձեռքս ինքնաբերաբար հետ քաշեցի, ապա բարձր հարցրեցի.

-Կարելի՞ է…

«Վարագույրը» բացվեց: Ներսում վառարանի շուրջ հավաքված երեխաներն էին նստած:  Նրանց մայրը, թե` առաջ եկեք, համեցեք:   

Բազմազավակ` չորս երեխաների մայրը` Անահիտ Նիկոլյանը, պատմեց, որ արդեն 7 տարի ապրում են լքված մանկապարտեզի շենքում: 11-ից 15 տարեկան չորս երեխաները` Թամարան, Սերյոժան, Եսթերը, Սեդան ու նրանց ծնողները ապրում են 45.000 դրամ նպաստով:   

Ընտանիքի մայրը` Անահիտ Նիկոլյանը, չի կարողանում աշխատել. վատառողջ է, ունի սրտի իշեմիկ հիվանդություն, չի կարողանում կռանալ, ճնշումն ամեն օր բարձրանում է, նրան խնամում են երեխաներն ու մենակ չեն թողնում:

«Գոնե էրեխեքը դպրոցից չբացակայեն, ամեն օր մեկը պիտի հերթով մնա մոտս: Սերյոժան շատ ա բացակայում, որովհետև ինքը կարում ա սրսկի, իսկ մեծս ասում ա` ինչ ասես, կանեմ, բայց սրսկում չեմ անի»,- ասում է Անահիտը: Սակայն ընտանիքը գումար չունի, որ բազմազավակ մայրը կարողանա լիարժեք հետազոտվել, բուժվել:

Անահիտ Նիկոլյանը պատմեց, որ ամուսինը` Սիրեկան Հովհաննիսյանը, նույնպես վատառողջ է, բայց հաճախ գյուղում տարբեր գործեր է անում, որ կարողանա հոգալ ընտանիքի հոգսերը. «Մեկի ցախն էր գնացել կոտրելու, 3 օր մեջքը կապած ման ա գալիս»,- ասաց Անահիտը` նշելով, որ իրենց ամբողջ մտածմունքը ձմռանը ապրելն է, քանի որ վառելիք չունեն:

«Ուզում ենք, որ ձմեռը կարողանանք հանենք, սնունդ չկա, վառելիք չունենք, շատ պարտքերի մեջ ենք, 35 հազար մենակ հացի փող ենք վերցրել: Ճիշտ ա, չեն գալիս, չեն խեղդում, բայց ես էլ ուզում եմ տամ պարտքը»,- պատմում է չորս երեխաների հիվանդ մայրը:  

 

Ընտանիքը ոչ միայն հացի գումար է պարտք, այլև դեղատանը պարտքեր ունի: «Կողքից մարդիկ շատ են օգնում, բայց հիմնական հարցը տուն ունենալն է»:

Լուսանկարներն ու տեսանյութը` Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter