HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». երբ գաք Ստեփանակերտ, հարցրեք դարբին Ազատի տունը

Բացառիկ հարցազրույց ՀՀ նախագահի հոր` Ազատ Սարգսյանի հետ

Գիտեի, որ հաջորդ օրը պետք է հանդիպեմ հանրապետության նախագահի հայրիկի հետ: Փորձեցի տեղեկություններ հավաքել: Այն, ինչ լսեցի, զարմացրեց: Ամեն ինչ մեր կյանք ներխուժած չափանիշներին հակառակ էր: Բակում հարևանների հետ նարդի է խաղում, շրջում է առանց թիկնապահի, իսկ շփումներում պարզ է ու անմիջական: Արդեն հաջորդ օրը` մեր հանդիպումից հետո, համոզվեցի, որ ստացածս տեղեկությունները ճիշտ են, մի բան էլ ավելի: Մարդու այս տեսակը այնքան է պակասում մեր օրերին` պարզ, բարի, շփվող: Ազատ պապը ծանր կյանք է ապրել: Բայց երբեք չի տրտնջացել, անդուլ աշխատել է, ինչպես ինքն է ասում` 50 տարում իր տնօրեններից մի նկատողություն էլ չի ստացել: Միայն օգնել է ու լավություն արել: Իր ձեռքի աշխատանքով պահել ընտանիքը, տուն կառուցել, որդիներ ունեցել: Ու այսօր էլ մնացել նույն պարզ, բարի, անմիջական մարդը:

Ու անցած կյանքի տարիների բարձունքից նայելով` մի խորհուրդ ունի` սիրեք իրար, ընտանիք կազմեք, որդի ունեցեք: Մարդկանց պիտանի եղեք: Մնացած ամեն ինչ փուչ է:

Հայրիկ, արմատներով որտեղի՞ց եք:

Ես ծնվել եմ Գորիսի շրջանի Տեղ գյուղում 1929 թ.: Ծնողներս էլ նույն գյուղից էին: Դարբին եմ: 50 տարի աշխատել եմ «ՂարՄետաքս» կոմբինատում: Հաստոցների համար դետալներ էինք սարքում: 12 տնօրեն եմ փոխել, բայց երբեք ոչ մեկից մի նկատողություն անգամ չեմ ստացել: Ես իմ գործը խղճով եմ արել: Բայց, ճիշտն ասած, մի անգամ գնացել, տնօրենին բողոքել էին, թե Ազատը աշխատանքից դուրս փողով գործիք է սարքում: Նա էլ ասել էր` բա ինչ պետք է անի, երեք երեխա է պահում:

Հիմա երևի այդ կոմբինատը չկա:

Ես թոշակի անցա 1993 թ.: Իսկ կոմբինատը չկա: Հողին են հավասարեցրել: Ամեն անգամ այդ տեղով անցնելիս սիրտս մղկտում է: Բայց այս մասին չգրեք, չասեն, թե հետևներից խոսում եմ:

Իսկ Ստեփանակերտ ինչո՞ւ տեղափոխվեցիք:

1937 թ. հորս` Ավետիսին, աքսորեցին որպես տրոցկիստի: Այնինչ հայրս խելոք, ռանչպար մարդ էր` տրոցկիստն` ուր, ինքը` ուր: Իսկի չգիտեր` Տրոցկին ով է: Մեծ եղբորս, որ այն ժամանակ 9-րդ դասարանն արդեն ավարտել էր, ուզում էին դպրոցում աշխատանքի ընդունել, բայց հորս աքսորից հետո ասել էին` տրոցկիստի տղա է, ու չէին ընդունել: Դրանից հետո մայրս վախեցավ, որ կարող են նրա հետևից էլ գալ: Ու Ղուկասին ուղարկեցինք Ղարաբաղ` մորաքրոջս մոտ: Որոշ ժամանակ հետո մենք էլ` մայրս, ես, փոքր եղբայրս ու քույրս տեղափոխվեցինք Ստեփանակերտ: Այդ ժամանակ ես ութ տարեկան էի: Դպրոց էլ չընդունեցին: Ասացին` տրոցկիստի երեխա է: Մինչև երրորդ դասարան եմ սովորել:

Մայրս մեզ իր արյունով է պահել: Դոնոր էր: Արյուն էր տալիս, որ էրեխեքին հաց բերի: Տեղ գյուղում մայրս Զանգեզուրի տարազ էր հագնում, ճակատին արծաթե շղթա էր կրում: Ավանդապաշտ կին էր: Բայց երբ եկանք Ստեփանակերտ, բոլորը զարմանում էին նրա զգեստի վրա: Ստիպված էր սովորական շոր հագնել: Երբ դրանք առաջին անգամ հագավ, երեք օր տանից դուրս չեկավ` ամաչում էր:

Մորս անունը Սաթենիկ էր, բայց նրան Քոլա էին ասում: Փոքրուց այնքան գեղեցիկ էր, ճերմակամորթ, որ ասել են` ոնց որ բամբակի քուլա լինի: Ու անունը մնացել է Քոլա: Բոլորի մայրերն էլ գեղեցիկ են, բայց իմ մայրն ուրիշ էր:

Իսկ Ձեր հայրիկը վերադարձա՞վ:

Ոչ: Այնտեղ էլ մահացավ: Չենք էլ իմանում` որտեղ, ոնց: Զորի Բալայանի հորն էլ էին աքսորել: Սաշիկը նրան խնդրեց, որ հետաքրքրվի, հարց ու փորձ անի, մի բան իմանանք: Մեկին գտան` հորս անուն, ազգանունով: Բայց ուրիշ մարդ էր:

Իսկ Դուք հիմա Երևանո՞ւմ եք ապրում:

Ոչ: Երեխեքն են եկել: Ես ու կինս միշտ Ստեփանակերտում ենք ապրում: Գրիգոր Լուսավորիչ 117: Որ գաք Ստեփանակերտ, հարցրեք դարբին Ազատի տունը: Տան տեղը ցույց կտան: Մեր դուռը միշտ բաց է: Իսկ Երևան գնում-գալիս եմ: Տղաներիս, թոռներիս եմ այցելում:

Պատերազմի ժամանակ որտե՞ղ եք եղել:

Իհարկե, Ղարաբաղում:

Երևի թե շատ դժվար է եղել, ինչո՞ւ չեկաք Երևան:

Իհարկե, դժվար էր: Պատերազմում ո՞նց կարող է հեշտ լինի: Բայց ինչպե՞ս գայի: Բա մեզ ի՞նչ կասեին, մեր տղաներին ի՞նչ կասեին: Եվ անունն ի՞նչ դնեինք, որ գայինք:

Հայրիկ, լսել եմ, որ հարևանասեր մարդ եք ու բակում հարևանների հետ միշտ նարդի եք խաղում թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երևանում: Իսկ լա՞վ եք խաղում:

Տանում էլ եմ, տանուլ էլ եմ տալիս (ծիծաղում է):

Գիտեմ նաև, որ առանց թիկնապահի եք շրջում: Ճի՞շտ է:

Տարիուկես առաջ կինս Լեչկոմիսիայում պառկած էր: Ընկել, ոտքը կոտրել էր: Բուժում էին: Ես էլ տաքսիով գնում-գալիս էի: Ասում էին` դո՞ւ էլ ես տաքսի նստում, ինչո՞ւ քեզ մեքենա չեն տալիս, թիկնապահ չեն տալիս: Ես էլ պատասխանում եմ` ինչի՞ համար: Ո՞ւմ եմ ինչ  արել, որ թիկնապահով ման գամ:

Դուք չեք արել, բայց կարող է` ուզենան Ձեր տղաներին ցավ պատճառել:

Նրանք այս երկրի համար ցավող, աշխատող մարդիկ են: Ես հավատում եմ նրանց: Նրանք մարդկանց վատություն չեն անի:

Մի անգամ լսել եմ, թե իբր Ստեփանակերտում հինգհարկանի առանձնատուն ունեմ: Ասողները եկել են տեսել` ինչ հինգ հարկ, ինչ բան` երկու հարկանի սեփական տուն է, որ ես եմ կառուցել: Լևոնի ընկերներն էլ պատմում էին, ասում էին` ձեր տուն գալիս մտածում էինք` գնանք, ախրանան ներս չի թողնի, ծնողները մեզ չեն ընդունի: Բայց գալիս տեսնում են` ընդամենը փոքր դարպաս է` միշտ բաց:

Ձեր տղաների ընկերները Ձեզ հյուր գալի՞ս են:

Իհարկե, շատ: Մեզ հաճախ հյուր էր գալիս Վազգեն Սարգսյանը: Ես նրան շատ էի սիրում, հարգում: Հրաշք մարդ էր: Ափսոս:

Հայրիկ, Ձեր տղաների անունները Դո՞ւք եք դրել:

Չէ, մայրս` Սաթենիկը: Էդ իրավունքը նրանն էր:

Հայրիկ, Ձեր տղաներից բնավորությամբ Ձեզ ո՞վ է ամենաշատը նման:

Չեմ կարող ասել: Իրենք պետք է ասեն: Բնավորությամբ երեքն էլ տարբեր են, նաև բոլորով ընդհանրություններ ունենք:

Նրա՞նք են իրենց մասնագիտությունն ընտրել, թե՞ Դուք եք խորհուրդ տվել:

Իրենք են ընտրել: Ես չեմ ստիպել: Միայն թե ինչով կարողացել եմ, օգնել եմ: Մենակ, երբ Սաշիկը բանակից եկավ, ասել եմ` արի իմ գործը քեզ սովորեցնեմ: Չի ուզել: Ազատիչը (նկատի ունի Սերժ Սարգսյանին.- խմբ.) բանասիրականում սովորեց, Լևոնը` արևելագիտականում, իսկ Սաշիկը վարորդ էր:

Լևոնը որ սովորում էր, ամռանը գալիս էր մեզ մոտ, աշխատում էր: Ազատ ժամերին նստում էր, գիրք էր կարդում: Մարդիկ հավաքվում էին գլխին` յարաբ, էս էրեխան ի՞նչ է դառնալու, որ գրքի սենց սեր ունի: Սերժն էլ էր միշտ կարդում: Բայց Սաշիկը կարդալու հետ սեր չուներ:

Ձեր որդիները հանրային մարդիկ են, նրանց բոլորը գիտեն, ճանաչում են: Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

Ո՞վ չի ուրախանա իր կայացած որդիներով: Ցանկացած մարդ էլ կուրախանա, երբ իր էրեխեքը հասնեն իրենց նպատակին:

Իսկ ծնողի համար հարաբերությունների առումով տարբերություն կա՞, ասենք, իր տղան նախագա՞հ է, թե՞ ոչ:

Էդպես ո՞նց կարելի է: Իհարկե, ոչ մի տարբերություն էլ չկա: Որդին որդի է:

Քանի որ Ձեր որդիները հայտնի մարդիկ են, պատահում է, որ նրանց մասին և՛ լավն են ասում, և՛ վատը: Վատն ինչպե՞ս եք ընդունում, շա՞տ եք սրտնեղում:

Բա, իհարկե: Հատկապես որ անտեղի է լինում, ավելի շատ եմ ցավում: Բայց լինում է նաև տեղին քննադատություն, որ մտածել է տալիս:

Իսկ հաճա՞խ եք Ձեր տղաների հետ հանդիպում` հաշվի առնելով, որ զբաղված մարդիկ են:

Գալիս եմ, եթե հարմար է լինում, հանդիպում ենք: Բայց որ չենք հանդիպում ու իմանում եմ` իրենց գործերը լավ են, առողջությունը լավ է, տանն ամեն ինչ նորմալ է, դա ինձ հերիք է: Իսկ ընդհանրապես ուշ-ուշ չենք հանդիպում:

Իսկ թոռների՞ հետ:

Իհարկե: Այսօր Ազատիչի մեծ աղջիկը կանչել է: Պետք է գնամ: Նոր ծնված թոռնիկին չեմ տեսել:

Հայրիկ, քանի՞ թոռ ունեք:

Երկուսը Սաշիկինն են, երկուսը` Լևոնինը, երկուսն էլ` Ազատիչինը: Ազատիչը նաև թոռ ունի, իսկ Սաշիկն ու Լևոնը դեռ չունեն: Լևոնի տղային նոր ենք ամուսնացրել:

Կարոտո՞ւմ եք Ձեր երեխեքին, թոռներին:

Վա՜յ, բա ո՞նց: Էս անգամ գալուց պառավը կռվեց հետս` շուտ-շուտ մի գնա, որ իրենք գան: Բայց փառք Աստծո, տղաներս միշտ էլ գալիս են: Իսկ թոռներին միշտ չէ, որ բերում են:

Իսկ կա՞ն տոներ, առիթներ, որ ամբողջ ընտանիքով հավաքվում եք, նշում:

Պատահում է: Օրինակ` ամսի 20-ին իմ ծնունդն էր: Բոլորով հավաքվեցինք: Մենք շատ կապված ենք միմյանց հետ:

Երբ Ձեր որդին նախագահ դարձավ, Ձեր մեջ ինչ-որ բան փոխվե՞ց մարդկային առումով. հպարտացաք, գոռոզացաք:

Գոռոզանալ` չէ, բայց հպարտ եմ, նաև ծանր պատասխանատվություն է: Ո՞վ չի ուրախանա իր տղայի հաջողությամբ: Ես իմ էրեխեքից արխային եմ: Գոհ եմ: Սևերես չեն անի: Նախագահը պետք է ժողովրդին հարգի, որ իրեն էլ հարգեն: Եթե չեմ սխալվում` այդպես էլ կա: Իսկ մարդկային առումով ոչինչ էլ չի փոխվել: Ես նույն մարդն եմ, իրենց հայրը:

Հայրիկ, թոշակը Ձեզ ու Ձեր տիկնոջը հերիքո՞ւմ է:

Հասկանում եմ` խոսքդ ուր ես տանում: Իհարկե, չի հերիքում, դեռ մեր ուզած պետությունը չենք, որ հերիքի: Տղաներս են օգնում, բնականաբար:

Իսկ Դուք հավատո՞ւմ եք, որ տնտեսությունը ոտքի կկանգնի, ժողովուրդը լավ կապրի Ձեր տղայի իշխանության օրոք:

Դե, մի մարդով չի լինի, մենակ նախագահը ի՞նչ կարող է անել: Ժողովուրդն էլ պետք է օգնի: Միասնական պետք է լինենք: Ու մի քիչ էլ հանդուրժենք ու համբերենք:

Իսկ հաճա՞խ են Ձեզ խնդրում, որ միջնորդեք Ձեր որդիների մոտ, ինչ-որ հարցեր լուծեք:

Իհարկե, պատահում է: Բայց ես բոլորին ասում եմ` ես որդիներիս գործերին չեմ խառնվում: Ուզում եք` գնացեք, ինքներդ խոսեք: Բայց մի դեպք եղավ: Ստեփանակերտում մեր փողոցը ասֆալտապատել էին, կիսատ թողել: Հարևաններն ասացին` գնա, կարող է` քո խոսքը անցնի: Գնացի կառավարություն, ընդունեցին: Այն ժամանակ վարչապետը Անուշավան Դանիելյանն էր: Ասաց` ամեն ինչ կանենք, հանգիստ գնա: Մի քանի օր հետո եկան, փողոցի այդ հատվածն էլ ասֆալտապատեցին: Որոշ ժամանակ անց Ազատիչը եկավ Ստեփանակերտ: Գնում եմ տուն, տեսնեմ` տանն է: Ասում է` պապա, դու դեպուտատ ե՞ս, որ գնացել ես կառավարություն: Ասում եմ` մի դեպուտատի չափ է՞լ չկամ: Ասում է` դու դեպուտատից էլ մեծ ես, բայց դեպուտատ չես:

Բայց կարևորը` ճամփեն սարքեցին:

Հայրիկ, կյանքում ամենակարևորը ի՞նչն է:

Էրեխեքը, թոռները, ծոռները: Էրեխեքի ուրախությունը: Որ նրանք իրենց մուրազին հասնեն: Երեխա ունենան: Ամենալավ բանը դա է: Ինձ ոչ ոսկի է պետք, ոչ էլ ունեցել եմ: Ու բոլորին էլ մաղթում եմ` երեխա ունենան, ուսման տան, հասցնեն իրենց նպատակին: Հասարակությանը, երկրին պիտանի լինեն:

Արփի Սահակյան

Հ. Գ. Հարցազրույցն արվել է ս. թ. հունիսի սկզբին:

Մեկնաբանություններ (6)

ընթերցող
Լեւոնը, Սաշիկը , ԱԶԱՏԻՉԸ- Սրանով արդեն ամեն ինչ ասված է:)))))) Մի էդքան ոգեւորվեք միամիտ հայեր էս հարցազրույցով:
AMERICA
ՀԱՐԳԱՆՔՆԵՐԻՍ ՀԱՎԱՍՏԻԿԸ ԴԱՐԲԻՆՆԵՐԻՆ .ԳԱԳ
Հովնան
Այս հարցազրույցը կամա թե ակամա Սերժ Սարգսյանի լավագույն գովազդն է, որ երբևէ հիշում եմ: Այսպիսի էֆեկտ ստանալու համար Մուկը մի քանի շաբաթ պետք է չարչարվի նախագահի նախընտրական շտաբում: Հաստատ ծնողների գործոնը դեռ կօգտագործվի նախընտրական քարոզարշավի ընթացքում, հատկապես հեռուստատեսությամբ: Իսկապես շատ համակրելի, հարգանքի արժանի աշխատավոր մարդիկ են: Ափսոս միայն, որ որդիները ծնողներին նման չեն:
ishkhan
շատ լավ տպավորություն թողեց այս մարդը, պարզ երևում է արդար մարդ է ինչպես բոլոր դարբինները և քրտինքով աշխատած մարդիկ
Mleh Ishkhanian (Beirut)
Inch hamakreli ou parkesht martou tpavorutyun e toghnum Darpin Azat@, i tarberutyun ir 3, mek@ myusits hakakreli Azatich vortineri.
karen
Shat lav harcazruyc er! Halala Azat papin!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter