Շամլուղցիները հրաժեշտ տվին ձմռանը
Գարնան 7-րդ օրը` մարտի 7-ին, Լոռու մարզի Շամլուղ քաղաքի «Էդոյի աղբյուր» հանդամասում քաղաքապետարանի կողմից կազմակերպվել էր «Շամլուղի ձմեռ» տոնահանդեսը, որը իրականում կարելի էր անվանել ձմռան հրաժեշտի տոն:
Շամլուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սմբատն ասաց, որ Շամլուղում առաջին անգամ է այսպիսի միջոցառում կազմակերպվում եւ իրեն մեծ հաճույք է պատճառում: Սմբատի համադասարանցի Ռուսլանն էր գտնում էր, որ լավ կլինի հաջորդ տարի այս միջոցառումը ավելի նորմալ հանդամասում կազմակերպվի. «Տեղը վատ չէ ընտրված, ուղղակի սղալու համար էնքան էլ լավ տեղ չի: Բայց մթնոլորտը ինձ համար շատ հաճելի է»,- ասաց Ռուսլանը:
Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը բացատրեց, որ «Էդոյի աղբյուր» հանդամասը շամլուղցիների սիրած հանգստավայրերից մեկն է. «Էդոն Շամլուղում հայտնի վարորդ է եղել, հետո եղել է նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի խոզանոցի վարիչը: Էդոն ինքն է հայտնաբերել հանդամասի սառնորակ աղբյուրը, որի կողքին էլ կառուցել է հյուղակ`շամլուղցիների հանգստի և բնության գեղեցիկ վայրում հաց ուտելու համար»: Հետագայում Շամլուղի գեղատեսիլ վայրը, ի հիշատակ Էդոյի, կոչվել է «Էդոյի աղբյուր» հանդամաս:
«Նկատեցինք, որ տարածաշրջանի շատ համայնքներում այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում, որոշեցինք մենք էլ ետ չմնալ: Ճիշտն ասած, էս հույսը չունեի, մտածում էի, որ բնակչությունը էսպես լավ չի արձագանքի, բայց, երբ երեխաները և մեծերը իմացան, գաղափարը քաղաքում մեծ արձագանք գտավ: Հատկապես երեխաները այնքան հետևողական եղան, մենք էլ հավեսի ընկանք և կազմակերպեցինք»,- պատմում է քաղաքապետը:
Նա չմեկնաբանեց, թե նախկին տարիներին իր ղեկավարած քաղաքի բնակչության հանգստի կազմակերպման համար ինչու չեն կազմակերպվել նման միջոցառումներ, սակայն հավաստիացրեց. «Ինձ թվում է` մեր այս միջոցառումը իր շարունակությունը կունենա և անպայման կդառնա ավանդական: Գիտեք, մեր բնակիչները մի տեսակ օտարացել են իրարից: Մենք խնդիր ենք ունեցել, որ մարդիկ նաև իրար հետ մի կտոր աղ ու հաց անեն»:
Միջոցառման համար համայնքի բյուջեից ավագանու որոշմամբ հատկացվել և ծախսվել է 70 հազար դրամ: 5 հազար բնակիչ ունեցող երբեմնի հանքարդյունաբերության կենտրոն Շամլուղում այսօր բնակվում է հազիվ 1000 բնակիչ: «Բնակչության նման քանակով շամլուղցիները գործազրկության խնդիրներ գրեթե չեն ունեցել: Սկզբում քաղաքի աշխատուժը աշխատել է անտառտնտեսությունում, իսկ ներկայումս աշխատում են Շամլուղի հանքավայրում: Ես չէի ասի բնակչությունը ապրում է գերեզանց, բայց միջակ ապրում է»,- ասաց քաղաքապետը:
Երիտասարդները, կանայք ու երեխաները սահեցին սահնակներով ու չմուշկներով: Շամլուղի Բուղաքար և Կալոնա թաղամասերի երիտասարդների և երեխաների թիմերը ձգեցին ավանդական պարանը, որտեղ հաղթող ճանաչվեց «Կալոնա» թաղամասը: Օրվա խորհուրդը բանաստեղծական իր հանգավորմամբ «Հետքի» համար ընթերցեց Շամլուղի դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Բեժանյանը:
Ձմռան այս ցրտում, Շամլուղի գրկում
Խաղում ենք խաղեր, մենք բազում-բազում:
Այստեղ են բոլոր շամլուղցիները,
Այստեղ են նաև երեխաները,
Ու կարծես տոն է այսօր Շամլուղում,
Հիշարժան օր է մեր բնօրրանում:
Շամլուղցի Սամվել Շավինյանը, ով տոնական խորովածի պատրաստման պատասխանատուն էր, կարծում էր, որ միջոցառումը շամլուղցիներին կտա միասնություն: «Էդոյի աղբյուր» հանդամասում բոցկլտում էր հսկա խարույկը: Շամլուղցիները խարույկի շուրջ ճաշակեցին Սամվել Շավինյանի պատրաստած խորովածն ու քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանի նախատեսած աղ ու հացը: Հացի շուրջ էլ տարեց շամլուղցիները հիշեցին հին Շամլուղի անցած մասին: «Հույների հեռանալը մեր քաղաքից վնաս էր, հավատարիմ ու լավ հարևաններ էին»,- ասաց շամլուղցի Բախշիկը:
Հետո շամլուղցիները հիշեցին և մեծարանքի բաժակ բարձրացրին շամլուղցի երիտասարդ իտալացի Սիստի Լորենցոյի համար, ում մայրը` Աշխենը, հայուհի էր, հայրը` Ջովանին, իտալացի: «Սիստիի հայրենասիության մասին չի կարելի մոռանալ, Սիստին հազիվ 22-23 տարեկան էր, երբ սկսվեց Ղարաբաղի ազատագրումը, նա միացավ Շամլուղի կամավորական ջոկատին և նրանց հետ խիզախորեն կռվեց Ղազանչիում, Շահումյանում և Ղարաբաղի ազատագրման այլ ճակատամարտերում»,- ասացին հին շամլուղցիները: Ջովանի Լորենցոն և Աշխենը թաղված են Շամլուղի գերեզմանոցում: «Սիստին հիմա ապրում է Հունաստանում, թեև երազում էր մեկնել Իտալիա»,- ասացին շամլուղցիները:
Թեև երեկոյի ցուրտը ահագնանում էր, սակայն տարեց շամլուղցիները մեկը մյուսի հետևից հիշում էի հին Շամլուղի մոռացված իրենց լավագույն քաղաքացիներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել