
Գեղարքունիքի մարզպետի տեղակալն ու Լանջաղբյուրի համայնքապետն իրենց գյուղում հանք են շահագործելու
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը և Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանը պատրաստվում են ավազ արդյունահանել Լանջաղբյուր գյուղի վարչական տարածքից: Միայն թե մարզպետի տեղակալը «թաքնվել է» իր կնոջ, իսկ համայնքապետը՝ որդու հետևում:
Լանջաղբյուրի հրաբխային ավազի արդյունահանման նախագիծը ներկայացրել է «Մ.Մ.Պ» ՍՊԸ-ն: Այս ընկերության բաժնետերերից մեկը մինչև 2014թ. դեկտեմբերը եղել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Այն ժամանակ, երբ Կարեն Հակոբյանը բաժնետեր է դարձել, զբաղեցնում էր մարզպետի օգնականի պաշտոնը: Մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց 5 ամիս անց նա իր բաժնեմասը գրանցել է կնոջ՝ Գայանե Ղուկասյանի անվամբ: Ավելի վաղ՝ 2009 - 2012թթ . Կարեն Հակոբյանը զբաղեցնում էր բնապահպանության նախարարի օգնականի պաշտոնը:
Ընկերության մնացյալ 50% բաժնեմասը տնօրինում է Մարատ Բաղդասարյանը՝ Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանի 21-ամյա որդին:
Լանջաղբյուրի հրաբխային ավազների հանքավայրում հաշվեկշռային պաշարները 527.3 հազ.մ3 ծավալով հաստատվել են անցյալ տարվա դեկտեմբերին: Հանքավայրը, ըստ նախագծի, մշակվելու է բաց լեռնային աշխատանքներով: Լանջաղբյուրի հրաբխային ավազների հանքավայրը զբաղեցնում է 5.24հա տարածք: Համաձայն տեխնիկական առաջադրանքի՝ բացահանքի տարեկան արտադրողականությունն ըստ ավազների զանգվածի ընդունվել է 16.0հազ.մ3 : Հանքարդյունահավելու է 30 տարի:
Մինչդեռ հանքավայրը Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում է` «Սևան» ազգային պարկից մոտ 15 կմ և «Գավառագետի» պետական արգելավայրից 15 կմ հեռավորության վրա: Սարուխան գյուղից մոտ 1 կմ արևելք և Լանջաղբյուր գյուղից շուրջ 1.5 կմ հյուսիս-արևելք է գտնվում:
2015թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12.00-ին Լանջաղբյուրի գյուղապետարանում նախատեսված են Լանջաղբյուրի հրաբխային ավազի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումները: Գյուղապետն իր հանքի համար, բնական է, արդեն իսկ տվել է համապատասխան թույլտվությունները և ապահովել հանրային լսումների առաջին փուլի դրական արդյունքներ: Հետևաբար, արդյունահանման համար հերթական լսումները նույնպես բարեհաջող կավարտվեն:
Լանջաղբյուրի համայնքապետարանի հեռախոսահամարին պատասխանող չեղավ: Գյուղապետն անհասանելի էր, իսկ Կարեն Հակոբյանն առավոտվանից տեղում չէր, երեք անգամ մեր զանգերին պատասխանող գործավարուհին փոխանցեց, որ նա խորհրդակցության է, զրուցել հանքի վերաբերյալ չհաջողվեց:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել