
Կոտայքի մարզի բնակիչներն ասում են «այո»՝ խափանված երթևեկությանը
Այսօր առավոտից Կոտայքի մարզի Աբովյան, Բյուրեղավան, Գառնի, Եղվարդ, Նոր Հաճն և Բուժական քաղաքների բնակիչներն ասում են «այո»՝ իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը խախտողներին, իրենց՝ քաղաքացիական և մարդկային արժանապատվությունը ոտնահարողներին, հանրահավաքներին ազատ մասնակցություն ունենալու իրենց իրավունքը սահմանափակողներին:
Նրանք ասում են «այո», 200-ի փոխարեն՝ վճարում 500-ական դրամ՝ 4 հոգով մի մարդատար տաքսիով հասնում մինչև Ռայկոմ, որից հետո մեկ այլ խցկված երթուղայինով կռացած հասնում աշխատավայր: Կոտայքի մարզի մոտիկ քաղաքներից Երևան եկող երթուղային գծերն այսօր չեն աշխատում՝ պատճառաբանելով հանրահավաքը:
Միայն աշխատում է Բյուրեղավան-Աբովյան գիծը, ինչպես նաև Աբովյանից նույն մարզի այլ գյուղեր տանող ուղղությունները:
«Հետքը» խոսեց Երևան-Բյուրեղավան-Նուռնուս գիծը սպասարկող 258 համարի երթուղային տաքսիներից մեկի նախկին վարորդի հետ, ով պատմեց, որ ամեն տարի հանրահավաքի օրերին, գծի տերը հրամայում է չքշել, բայց վարորդներից պահանջում են նաև այդ օրվա պլանը վճարել, հակառակ դեպքում՝ սպառնում են ազատել աշխատանքից: 258 համարի երթուղային գիծը սպասարկում է «Դավիթ երթուղային տաքսի» ՓԲԸ-ն, որի հիմնադիրն Օհան Մուրադյանն է: Վերջինս աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությունում:
«Դավիթ երթուղային տաքսի» ՓԲԸ-ի անունը հանդիպում ենք նաև ՀՀ դատախազության 2012-2013թթ. պետական գնումներում: Գլխավոր դատախազությունը սեփական աշխատակցի ընկերության հետ ավտոմեքենաների ապահովագրական ծառայություններ մատուցելու պայմանագիր է կնքել, որի արժեքն է 2 մլն 645 հազար դրամ:
Մամուլը նույնպես անդրադարձել է Օհան Մուրադյանի հետ կապված մի քանի միջադեպերին:
Աբովյանցիները նույնպես «այո» են ասում այսօր
Աբովյան քաղաքից դեպի Երևան ոչ միայն երթուղայիններն են որոշել չաշխատել, այլ նաև տաքսի ծառայությունները: «Կինգ դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող երթուղային գծերն ու տաքսի ծառայությունը հրաժարվում են Երևան մեկնել: «Հետքը» զանգահարել էր «Կինգ դելյուքս» տաքսի ծառայությանը՝ մեքենա պատվիրելու: Մեզ պատասխանեցին, որ այսօր իրենք Երևան չեն քշում: Հիշեցնենք, որ «Կինգ դելյուքս» ՍՊԸ-ի հիմնադիրն ու սեփականատերը Արթուր Հարությունյանն է (Պալաչ):
Մեկնաբանել